Բաղայի․ ՀՀ-ն երաշխավորել է, որ ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի (PAN.am)

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման նախաձեռնություններին, հայտնել է, որ ՀՀ-ն երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի:

Բաղային ընդգծել է, որ Թեհրանը բազմիցս դրական է գնահատել տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերագործարկման և ապաշրջափակման հնարավորությունը։ Միաժամանակ իրանական կողմը մշտապես կարևորել է, որ այդ գործընթացներն իրականացվեն առանց միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության և տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների վերանայման, հայտնում է Radar.am-ն իրանական Tasnim լրատվական գործակալության վրա հղումով:

Նրա խոսքով՝ Թեհրանն իր մտահոգությունները փոխանցել է Հայաստանի իշխանություններին՝ ընդգծելով, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունն ու ներկայությունը պատմականորեն հանգեցրել են անկայունության։

«Հայկական կողմը հավաստիացրել է, որ սահմանային որևէ փոփոխություն չի լինի, նախագծերն ամբողջությամբ կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, և տարածաշրջանում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի»,- ասել է Բաղային։

Նա հավելել է, որ չնայած այդ երաշխիքներին և երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին՝ Իրանը շարունակում է ուշադիր հետևել տարածաշրջանային զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հանդես կգա իր ազգային շահերի պաշտպանության դիրքերից։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Leave a Comment