Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ապօրինի զբաղեցնելը, տարածքը չազատելը, ինչպես նաև ինքնակամ կառույցները չքանդելը կարող են քրեական պատասխանատվության հանգեցնել։ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և լրացումներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Նախագծերի հեղինակները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն, փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորում են հանրային շահի պաշտպանության և գործող վարչական միջոցների անարդյունավետության խնդրով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ շենքեր ու շինություններ տարիներ շարունակ մնում են ապօրինի զբաղեցված։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ապօրինի զբաղեցրած տարածքներից անձինք հեռացվում են, նրանք կրկին վերադառնում և շարունակում են զբաղեցնել դրանք։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միայն գործող վարչական միջոցները բավարար չեն նման դեպքերը կանխելու համար, ուստի անհրաժեշտ է սահմանել պատասխանատվության ավելի խիստ միջոցներ։
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում պետական կամ համայնքային գույքն ապօրինի զբաղեցնելու համար
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն առաջարկվում է լրացնել 48.2-րդ հոդվածով, որով պատասխանատվություն կսահմանվի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ապօրինի զբաղեցնելու, դրանք չազատելու և խախտման հետևանքները չվերացնելու համար։
Նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ տուգանքները.
- Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքը կամ շինությունն ապօրինի զբաղեցնելու, այն չազատելու կամ խախտման հետևանքները չվերացնելու համար՝ 1000-ապատիկի չափով տուգանք։
- Նույն արարքները տուգանք նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ 2500-ապատիկի չափով տուգանք։
Այսպիսով, վարչական պատասխանատվությունը նախատեսվում է նաև այն դեպքերի համար, երբ անձը տուգանք նշանակելուց հետո շարունակում է ապօրինի զբաղեցնել պետական կամ համայնքային գույքը։
Ո՞ր դեպքերում ապօրինի զբաղեցումը կարող է հանգեցնել ազատազրկման
Քրեական օրենսգրքի 448-րդ հոդվածը նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ։
Նախագծով քրեական պատասխանատվություն կառաջանա այն դեպքերում, երբ անձը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելուց կամ շենքը կամ շինությունն ապօրինի զբաղեցնելուց հետո չի ազատում գույքը և չի վերացնում խախտման հետևանքները՝ նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելուց հետո։
Քրեական պատասխանատվություն կառաջանա նաև այն դեպքում, երբ անձը չի դադարեցնում ինքնակամ շենքի, շինության կամ այլ կառույցի կառուցումը, վերակառուցումը կամ տեղադրումը, չի քանդում կամ ապամոնտաժում անօրինական կառույցը, ինչպես նաև շարունակում է առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնել։
Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ շինարարությունն իրականացվում է դրա համար չհատկացված հողամասում, առանց անհրաժեշտ թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով։
Նախագծով այս արարքների համար առաջարկվում է սահմանել՝
- կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով,
- կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։
Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ վարչական պատասխանատվության կիրառումից հետո խախտումը շարունակելը կարող է արդեն քրեական պատասխանատվության հիմք դառնալ։
Պաշտոնատար անձինք նույնպես քրեական պատասխանատվության կենթարկվեն
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նաև այն պաշտոնատար անձանց համար, որոնք պարտավոր են կանխել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ապօրինի զբաղեցումը կամ ինքնակամ կառույցների կառուցումը, սակայն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում։
Քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել երկու հիմնական դեպքի համար։
Առաջին դեպքում պաշտոնատար անձը պատասխանատվության կենթարկվի, եթե իր պարտականությունների շրջանակում միջոցներ չի ձեռնարկում ապօրինի զավթումը կամ զբաղեցումը կանխելու կամ կասեցնելու ուղղությամբ կամ խախտում թույլ տված անձի նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ չի կիրառում։
Այս արարքի համար առաջարկվում է սահմանել՝
- տուգանք՝ 10-30-ապատիկի չափով,
- ազատության սահմանափակում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով,
- կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով,
- կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Բոլոր դեպքերում նախատեսվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ 2-5 տարի ժամկետով։
Երկրորդ դեպքում պատասխանատվություն կառաջանա, եթե պաշտոնատար անձը, իր լիազորությունների շրջանակում, օրենքով սահմանված կարգով որոշում չի կայացնում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ապօրինի զավթված հողամասը, զբաղեցրած շենքը կամ շինությունն ազատելու կամ ինքնակամ կառույցը քանդելու (ապամոնտաժելու) մասին, կամ չի ապահովում արդեն ընդունված որոշման կատարումը։
Այս դեպքում քրեական պատասխանատվություն կառաջանա, եթե պաշտոնատար անձի անգործությունը դրսևորվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից և խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո։
Նման արարքի համար առաջարկվում է սահմանել՝
- տուգանք՝ 20-40-ապատիկի չափով,
- հանրային աշխատանքներ՝ 150-250 ժամ տևողությամբ,
- ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
- կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով,
- կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։
Բոլոր դեպքերում առաջարկվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ 3-7 տարի ժամկետով։
Ե՞րբ նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ
Օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։
Նախագծերի ընդունման արդյունքում, ըստ հեղինակների, ակնկալվում է ապահովել պետական և համայնքային սեփականության արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև կանխել ապօրինի զբաղեցման և ինքնակամ շինարարության շարունակական դեպքերը։
Նախագծերի ընդունման դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։