ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից, ապահովել են նվազագույն հինգ կողմ ձայն․ նոր մանրամասներ. «Փաստինֆո»

6 Նոյեմբերի, 2026

ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ նախագահ դարձրել են չորրորդ փորձից։ «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ  է հայտնում ՍԴ նախագահի ընտրության հարցով աշխատակարգային նիստից։ Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ այս անգամ եւս ընտրությունների առաջին փուլով ՍԴ նախագահ ընտրել չի հաջողվել, ինչի համար անհրաժեշտ էր 6 ձայն, ըստ այդմ, ընտրությունը երկրորդ փուլով է անցկացվել, ինչի արդյունքում Էդգար Շաթիրյանը ստացել է չորս ձայն, Վլադիմիր Վարդանյանը՝ հինգ, ինչը երկրորդ փուլի դեպքում բավարար է՝

ՍԴ նախագահ ընտրելու համար։ Այլ խոսքով՝ ապահովել են բավարար ձայներ և նախկին ՔՊ-ական պատգամավորին դարձրել նախագահ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանն են եղել, սա ՍԴ նախագահի ընտրության երրորդ փորձն էր։

Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին ՍԴ-ում նախատեսված էր նախագահի ընտրությունը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ փուլով ՍԴ նախագահ ընտրել չէր հաջողվել։
Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանը, իսկ Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել էր։ Թեկնածուներից որևէ մեկը հինգ կողմ ձայն չէր ստացել, ըստ այդմ, ընտրությունները համարվել էին չկայացած, ուստի կազմակերպվել էին նոր ընտրություններ։ Ի դեպ, «Ֆակտոր» լրատվականը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրություններում հօգուտ Էդգար Շաթիրյանի քվեաթերթիկներից մեկն անվավեր է եղել, այդ պատճառով էլ Շաթիրյանը չէր ընտրվել նախագահ։

Թե ինչ է փոխվել այս օրերի ընթացքում, որ ՍԴ որոշ անդամներ, ի վերջո, այս անգամ ապահովեցին կողմ ձայներ՝ թերևս ենադրությունների դաշտում է, բայց առնվազն այսօր ընտրությունների այս արդյունքն անակնկալ կամ անսպասելի չի եղել։

Leave a Comment