Նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ը Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, տեղի կունենան երկու ռազմական զորավարժություններ՝ «Freedom Shield 26-II»-ը և «Grand Eagle 26»-ը․ հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Դրանց կմասնակցի ավելի քան 6000 զինծառայող։ Զորավարժություններն անցկացվում են Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի ղեկավարությամբ, որը կվերահսկի իրեն ենթակա բրիգադները՝ սկսած դրանց ձևավորման և առաջադրանքների կատարման համար նախապատրաստման փուլից մինչև բոլոր ստորաբաժանումների՝ իրենց մշտական տեղակայման վայրեր վերադառնալը։
Երկու զորավարժությունների նպատակներն են ամրապնդել ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, կատարելագործել հրամանատարական ու կառավարման ընթացակարգերն ու օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև բարելավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ մասնավորապես Լիտվայի և Լեհաստանի միջև փոխգործունակությունը։
Զորավարժություններին նախատեսված է ավելի քան 6000 զինծառայողի մասնակցություն, այդ թվում՝ Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի կազմում ընդգրկված 45-րդ զրահատանկային («Lietuva») և 37-րդ մեքենայացված հետևակային («Saksonija») բրիգադների անձնակազմինը։ Մասնակիցների թվում են նաև Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի (որում ընդգրկված են Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի զինծառայողները) ստորաբաժանումները, ինչպես նաև Լիտվայի զինված ուժերի ստորաբաժանումները։
Զորավարժությունները կանցկացվեն Լիտվայի զինված ուժերի՝ Պաբրադեում և Ռուդնինկայում ուսումնավարժական կենտրոններում, որոնք տեղակայված են Բելառուսի հետ սահմանի մոտ։
Նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ռազմական տեխնիկայի ինտենսիվ տեղաշարժ ընդհանուր օգտագործման ճանապարհներով՝ Լիտվայի արևմտյան հատվածից դեպի արևելյան շրջաններ։