Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերիկ նախագծերի հրապարակմնա միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել Արտյոմ Արմանի Մազմանյանին կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար տրամադրված պարտադիր զինվորական ծառայության տարկետումը։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախագծի համաձայն՝ փոփոխություններ կկատարվեն Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 84-Ա որոշման մեջ, որով Արտյոմ Մազմանյանին տարկետում էր տրամադրվել 2025 թվականի ձմեռային զորակոչից։
Ինչո՞ւ է դադարեցվում տարկետումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Արտյոմ Մազմանյանը դիմել է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ խնդրելով իրեն ընդգրկել 2026 թվականի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչում։
Հաշվի առնելով նրա դիմումը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տարկետումը դադարեցնելու գործընթացը։
Ի՞նչ է նախատեսում նախագիծը
Նախագծով առաջարկվում է դադարեցնել Արտյոմ Արմանի Մազմանյանին կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տրամադրված տարկետումը։
Միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 84-Ա որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետը, որով սահմանված էր նրան տարկետում տրամադրելու հիմքը։
Ի՞նչ է սահմանում օրենսդրությունը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի և Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման համաձայն՝ տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցնելու կամ սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում կարող է նախաձեռնվել տարկետումը դադարեցնելու գործընթաց։
Այս դեպքում, սակայն, նախագծի հիմնավորման մեջ որպես տարկետումը դադարեցնելու պատճառ նշվում է հենց քաղաքացու՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ընդգրկվելու վերաբերյալ դիմումը։
Պետական բյուջեի վրա ազդեցություն չի լինի
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Որոշման նախագիծը մշակել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։