Անցյալ ամիս լույս է տեսել պորտուգալացի գրող Սանդրո Ուիլյամ Ժունկեյրայի «Խաչատրյանի կոշիկները» (Os Sapatos de Khatchaturian) վեպը («Կամինյու» հրատարակչություն): Այն հեղինակի «Վախի ճարտարապետությունը» քառագրության չորրորդ եւ վերջին գիրքն է, որ բաղկացած է 368 էջից:

Վեպի վերնագիրը հարգանքի տուրք է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այն անդրադառնում է բռնապետությանը, հասարակական բաժանումներին, ընտանեկան կապերին եւ աշխարհը փոխելու անհատի ձգտմանը: Վեպի գործողությունները ծավալվում են երկաթե կամրջով բաժանված հասարակության մեջ, որի մի կողմում արտոնյալներն են, մյուսում՝ գետտոյի բնակիչները: Պատմության առանցքում բռնապետական վարչակարգի պայմաններում ընտանիքը լքած հոր ճակատագիրն է. նա մեկնում է աշխարհը փոխելու, իսկ որդին հետագայում գնում է հոր հետքերով:
Սանդրո Ուիլյամ Ժունկեյրան (ծն. 1974, Ռոդեզիա, Աֆրիկա) պորտուգալացի ժամանակակից արձակագիր, բանաստեղծ եւ թատերագիր է: Նա հայտնի է հասարակական անհանգստություններն ու մարդկային հակասությունները գեղարվեստորեն ուսումնասիրելու իր մոտեցմամբ: 1999-ին Պաուլու Կուարեշմայի հետ հիմնադրել է «Ա գավետա» թատերախումբը, որտեղ հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ եւ դերասան: 2002-ից սկսած պարբերաբար հրատարակվում է մամուլում, հաճախ հրավիրվում է մասնակցելու պոեզիայի երեկոների: 2007-ից ակտիվորեն աշխատում է դպրոցներում և գրադարաններում՝ կազմակերպելով սեմինարներ եւ ներկայացումներ, որոնք նպատակ ունեն խթանելու գրքի եւ ընթերցանության տարածումը:
Ա. Բ.