Ամեն անգամ Ազգային ժողովի նիստերին հետեւելիս հուսահատությունը հաջորդում է հուսախաբությանը: Առաջին իսկ պահից, հակառակ իմ հայրենակիցների մեկ մասի հուսավառության, հույս չեմ ունեցել որեւէ բարելավման, հիացած չլինելով հանդերձ «նախկիններով»:
Հուսահատությունը կրկին իմը եղավ, երբ ամոթով հետեւեցի հինգշաբթի օրվա նիստին` կարեւոր հարցերը բռունցքներով, թռչող շշերով, աթոռների թռիչքով քննարկելու, որոշում կայացնելու «հայկական» ոճաբանությանը, որը ավանդույթ է դառնում արդեն, որքան ծիծաղելի` այդքան անպատվաբեր:
Փոխադարձ ատելությունը, միասին չաշխատելու կիրքը, հանրության կարծիքը, սպասումները անտեսելու անպատասխանատվությունը դարձել են ընդունելի ապրելակերպ` նույնինքն քվեարկող, հանդուրժող ժողովրդի կողմից, որ, ինչպես Սոկրատն է ասել` «գիտէ` զի ոչինչ գիտէ»:
Ինչո՞ւ էր բեմադրված նիստ կոչվող այդ «ճակատամարտը». ուժի ցուցադրությո՞ւն, ինչի կարիքն ամենեւին չկա բացառապես ուժային մեթոդներով, բանտարգելությամբ, հալածանքներով, արդարադատության ոտնակոխմամբ ղեկավարվող ներկա Հայաստանում: Ո՞ւմ համար են «ժողովրդավարության ծաղր» համարվող մեր երկրում նման վարկաբեկիչ տեսարաններ սարքելու նպատակը, որտեղ Ռուբեն Ռուբինյաններ, Վահագն Ալեքսանյաններ, Տարոն Չախոյաններ եւ ուրիշներ խորհրդարանական նիստերը վերածում են կռվադաշտի, բռնցքամարտի, ըմբշամարտի ռինգի: Ո՞ւմ համար. ժողովրդին ստրկացնելո՞ւ, թուրք-թաթարներին վախեցնելո՞ւ, թե՞ իբր «ուժեղ, միահեծան» պետական համակարգ ցույց տալու համար, որին իբր այնքա՜ն անձկությամբ են սպասում եվրոպաներում:
Սա վերջն է հայկական միասնական, համազգային, համապետական մեր ձգտումների իրականացման, որը հաջորդ օրն իսկ, երեւի վախենալով, որ իր անվան դիմաց բացակա կգրեն, անձամբ հաստատեց Փաշինյանը՝ կրկին եւ կրկին հաստատելով հուսալքող իրադարձության հովանավորը, քաջալերողը, կազմակերպի՛չը լինելու իր անհպելի իրավունքը…
Փողոցից են եկել այս տղաներն ու աղջիկները: Փողոցից են բերել իրենց բարքերը, բնավորությունը, քուչի կռիվ անելու հակվածությունը, կարեւոր հարցերը ձեռքով լուծել փորձելու, ղեկավարի` փողոցային տուզի ցանկությունը անպայման կատարելու, այսպես կոչված` գողական ենթակայության «սրբագործված» օրենքները, խասյաթները:
Ամոթով խոստովանենք. Հայաստանն այսօր ղեկավարվում է փողոցայիններով, որոնք ոչ մի կապ չունեն ազգային արժանապատվության, պետական շահի, տնտեսական առաջադիմության, Սփյուռք-Հայաստան իրարօգնության, ներդրումների ապահովման, եկեղեցի-ժողովուրդ-պետություն համագործակցության պատմական միասնության, նույնիսկ սեփական ազգաբնակչության բարօրությունը ապահովելու պարտականության հետ:
Փողոցը պետք է դուրս գա մեր պետության կյանքից:
Այստեղ հիշեցի պատմական մի դրվագ Բելոռուսիայից, Ալեքսանդր Լուկաշենկոյի` Բատկայի մասին, որին իմ սյունակում քննադատել եմ 2000-ական թվականների կեսերին: Հիշում եմ սառցահոկեյիստի նրա խոշոր կերպարը Մինսկի հրապարակներից մեկում, ավտոմատ հրացանը ձեռքին` սպառնալից կանգնած. «Ես չեմ թողնի,- ասում էր նա,- որ փողոցից եկած որեւէ մեկը փորձի իր ձեռքը վերցնել այս երկրի ճակատագիրը»: Հետահայաց դիտելիս` նա ճիշտ վարվեց: Այլապես մենք կունենայինք եւս մեկ ուրիշ Զելենսկի, նույնքան ու թերեւս ավելի բախտախնդիր` հարյուր հազարավոր զինվորների դեպի մահ առաջնորդող:
Փողոցից եկած փողոցային մարդիկ չեն կարող որեւէ երկրի ժողովրդի ճակատագիրը տնօրինել:
Նրանց չի կարելի վստահել նույնիսկ փողոցը, ոչ միայն կառավարությունը, այլեւ խորհրդարանը, այլեւ քաղաքապետարանը, անգամ Երեւանի քաղաքապետարանը, որտեղ մի քանի օր հետո կրկնվեց փողոցայինների սարքած ձեռնամարտը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ