Դեմոկրատների հաղթանակից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կկարողանա՞ն իրենց փոխադարձ սպառնալիքները վերածել բանակցային իրական պայմանավորվածությունների, թե՞ ռազմական ուժի կիրառումը կրկին կդառնա հակամարտության կարգավորման հիմնական միջոցը:
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի՞ Իրանի դեմ պատերազմը վերսկսելու մասին: Այս հարցը վերջին օրերին միջազգային լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից է:
Տարածված կանխատեսումների համաձայն, Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի վերսկսումը գրեթե անխուսափելի է, եւ խնդիրը միայն ժամկետների մեջ է:
Թրամփը, սակայն, հայտարարել է, որ չի շտապում այդ հարցում որոշում կայացնել: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը, ի վերջո, կա՛մ համաձայնության կգա Թեհրանի հետ, կա՛մ կդիմի այլ միջոցների: Այսինքն՝ բանակցությունների շարունակմանը զուգահեռ՝ ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը նույնպես մնում է օրակարգում:
Նոյեմբերի 2-ին «Axios» կայքին տված հեռախոսային հարցազրույցում Թրամփը, մասնավորապես, ասել է. «Այսպես թե այնպես, մենք ինչ-որ քայլ կձեռնարկենք, բայց չենք շտապում: Մենք նրանց ֆինանսապես կաթվածահար ենք արել. փող չունեն, բենզին չունեն, եւ Իրանի ժողովուրդը նույնպես ծայրաստիճան հոգնել է այս իրավիճակից»:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես անդրադարձել է բանակցային գործընթացին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի զգայունությամբ պայմանավորված՝ խորհրդակցություններն ու քննարկումները զգալիորեն ակտիվացել են: Նրա խոսքով՝ Քաթարն ու Պակիստանը՝ որպես միջնորդներ, բավական ակտիվ դերակատարում ունեն: Թեհրանն արդեն ներկայացրել է իր պայմաններն ու առաջարկները, եւ հետագա զարգացումները կախված կլինեն Վաշինգտոնի դիրքորոշումից: Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել ազնիվ դիվանագիտության դեպքում, իսկ խաբեության կամ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ԱՄՆ-ն ավելի ծանր պատասխան կստանա, քան նախկինում:
Արաղչին նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ Թեհրանի պայմանները հստակ են. դրանց ընդունման դեպքում նեղուցը կբացվի, եւ բանակցությունները կվերսկսվեն:
Այդուհանդերձ, պատերազմի հնարավոր վերսկսման հարցը պետք է դիտարկել ոչ միայն Վաշինգտոնի եւ Թեհրանի հայտարարությունների, այլեւ վերջին շրջանում տարածաշրջանում եւ միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում: Մասնավորապես, ԱՄՆ-ում եւ Իսրայելում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի որոշումների վրա:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ընտրությունների արդյունքում վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թեեւ իրավական առումով չի զրկվել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունից, քաղաքական առումով հայտնվել է ավելի խոցելի վիճակում: Նա չի ստացել այն խորհրդարանական մեծամասնությունը, որը թույլ կտար իրեն վստահորեն շարունակել նախկին քաղաքականությունը:
Այնուամենայնիվ, չի կարելի բացառել նաեւ հակառակ զարգացումը: Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները կարող են Նեթանյահուին հնարավորություն տալ հանդես գալու ազգային համախմբման անհրաժեշտության դիրքերից եւ փորձելու հաղթահարել ներքաղաքական դժվարությունները: Այլ կերպ ասած՝ նա կարող է ռազմական էսկալացիան դիտարկել նաեւ որպես Իսրայելի ներքաղաքական փակուղուց դուրս գալու միջոց:
Սակայն ստեղծված իրավիճակում վճռորոշը ոչ այնքան Նեթանյահուի ցանկությունն է, որքան Թրամփի համաձայնությունն ու աջակցությունը: Առանց ամերիկյան աջակցության Իսրայելի համար Իրանի դեմ լայնածավալ պատերազմ վերսկսելը զգալիորեն ավելի բարդ եւ ռիսկային կլինի:
Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները: Դեմոկրատներին հաջողվել է հանրապետականներից վերցնել Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողությունը՝ էապես փոխելով Վաշինգտոնում քաղաքական ուժերի հարաբերակցությունը:
Այս իրադարձությունը կարող է մեծացնել Թրամփի վարչակազմի նկատմամբ ներքաղաքական ճնշումը եւ սահմանափակել Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու կամ վերսկսելու նրա քաղաքական հնարավորությունները:
Հանրապետականների պարտության պատճառներից մեկը ամերիկյան հասարակության որոշակի շրջանակների դժգոհությունն է Իրանի դեմ պատերազմից եւ դրա տնտեսական հետեւանքներից, մասնավորապես՝ էներգակիրների գների ու կենսապահովման ծախսերի աճից: Թրամփն ինքն էլ ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող էր դեր ունենալ հանրապետականների պարտության հարցում, թեեւ ընդգծել է, որ չի զղջում պատերազմը սկսելու համար:
2027 թվականի հունվարից՝ նոր Կոնգրեսի աշխատանքի մեկնարկով, դեմոկրատները հնարավորություն կունենան խորհրդարանական վերահսկողության եւ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով սահմանափակելու պատերազմի շարունակման ֆինանսավորումը, հետաքննություններ նախաձեռնելու վարչակազմի որոշումների վերաբերյալ եւ քաղաքական ճնշում գործադրելու Սպիտակ տան վրա՝ ռազմական գործողություններին վերջ տալու նպատակով:
Իհարկե, Թրամփը շարունակում է մնալ ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը եւ պահպանելու է ռազմական որոշումներ ընդունելու իր լիազորությունները: Հետեւաբար, դեմոկրատների հաղթանակը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն կարող է բարձրացնել նման որոշման քաղաքական եւ ինստիտուցիոնալ գինը:
Վաշինգտոնում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է անդրադառնալ նաեւ Իրանի բանակցային դիրքորոշման վրա: Թեհրանը կարող է եզրակացնել, որ Թրամփի վարչակազմը պատերազմի շարունակման հարցում բախվելու է ավելի մեծ ներքաղաքական սահմանափակումների, իսկ ամերիկյան հասարակության դժգոհությունն ու տնտեսական խնդիրները Վաշինգտոնին կմղեն դեպի դիվանագիտական կարգավորում: Այս հանգամանքը կարող է նաեւ խրախուսել Իրանին բանակցություններում ավելի պահանջատիրական դիրք գրավել:
Իրավիճակի փոփոխության վրա կարող է ազդեցություն ունենալ նաեւ պաշտոնապես հայտարարված հրադադարի ընթացքում ձեւավորված նոր պաշտպանական դաշինքը, որը միավորում է Թուրքիային, Սաուդյան Արաբիային եւ Պակիստանին: Մեքքայի պաշտպանական դաշինքի անդամ այս երեք պետությունների առանձնահատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նույնպես կարեւոր գործոն են տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Հավանական է, որ պատերազմի վերսկսման դեպքում դաշինքի անդամները կփորձեն խուսափել Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին ուղղակիորեն միանալուց: Սակայն եթե Իրանը հարվածի դաշինքի անդամ երկրներից որեւէ մեկին, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել:
Դաշինքի առանցքային դրույթներից մեկի համաձայն, անդամ երկրներից որեւէ մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեքի դեմ: Այսինքն՝ համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանություն: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հարձակման դեպքում երեք պետություններն ինքնաբերաբար պատերազմ են հայտարարելու հակառակորդին: Նրանց աջակցությունը կարող է ունենալ ռազմական, հետախուզական, նյութատեխնիկական կամ այլ բնույթ:
Հատկանշական է, որ համաձայնագիրը ստորագրվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի ընթացքում՝ ապրիլի 7-ին պաշտոնապես հայտարարված, սակայն բազմիցս խախտված հրադադարից հետո: Հետեւաբար, դաշինքի ձեւավորումը կարելի է դիտարկել նաեւ Մերձավոր Արեւելքում ուժերի նոր հավասարակշռություն ձեւավորելու համատեքստում:
Այս առումով ուշագրավ է նաեւ հոկտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների այցը Թեհրան, որի նպատակն էր նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը: Այս հանգամանքը կարող է լրացուցիչ խթան հաղորդել միջնորդական ջանքերին եւ բանակցային գործընթացին:
Իրոք, վերջին օրերին հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ակտիվությունը զգալիորեն մեծացել է: Հատկանշական է, որ միջնորդական նախաձեռնությունները զուգահեռվում են ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներին՝ ցույց տալով, որ կողմերը դեռեւս չեն հրաժարվել ո՛չ բանակցային, ո՛չ էլ ուժային տարբերակներից:
Մասնավորապես, Քաթարը վերջին օրերին ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ: Հոկտեմբերի 30-ին Քաթարի միջնորդական առաքելությունը կրկին այցելել է Թեհրան, իսկ հոկտեմբերի 31-ին Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել իրանական պատվիրակության հետ:
Քաթարը ներկայացրել է յոթօրյա խաղաղության ծրագիր, որը նախատեսում է վստահության վերականգնման եւ փոխադարձ զիջումների փուլային գործընթաց: Թեեւ նոյեմբերի 2-ին բանակցություններն ավարտվել են առանց վերջնական համաձայնության, միջնորդական շփումները շարունակվել են:
Բանակցային գործընթացում կարեւոր դերակատարում ունի նաեւ Պակիստանը: Այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը մի քանի անգամ այցելել է Թեհրան՝ քննարկելու պատերազմի դադարեցման հնարավորությունները:
Իր հերթին՝ Չինաստանը նույնպես ակտիվացրել է դիվանագիտական իր ջանքերը: Նոյեմբերի 2-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հետ, իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին առանձին բանակցություններ է վարել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ:
Պեկինը հանդես է գալիս ռազմական էսկալացիայի կանխման, բանակցությունների վերականգնման եւ հակամարտության քաղաքական կարգավորման օգտին: Չինաստանի շահագրգռվածությունը միանգամայն հասկանալի է. Հորմուզի նեղուցով անցնող էներգակիրների անխափան մատակարարումները կենսական նշանակություն ունեն նաեւ Չինաստանի տնտեսության համար:
Հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը դիվանագիտական երկխոսությամբ փոխարինելու հարցում որոշակի հույս է ներշնչում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հոկտեմբերի 31-ի հայտարարությունը: Նա նշել է, որ Իրանի հետ ուղղակի եւ անուղղակի շփումները շարունակվում են, իսկ Դոնալդ Թրամփը նախընտրում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ չբացառելով, սակայն, ռազմական տարբերակը:
Բանակցությունների վերսկսման հնարավորությունների որոնման համատեքստում հիշատակման է արժանի նաեւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ազգային անվտանգության պատասխանատու Մոհսեն Ռեզայիին ուղղված նամակը, որի նպատակներից մեկը երկխոսության վերականգնման հնարավորությունների պարզաբանումն էր:
Այսպիսով, Իրանի դեմ պատերազմի վերսկսման հեռանկարը պայմանավորված է ոչ միայն Թրամփի եւ Նեթանյահուի քաղաքական հաշվարկներով, այլեւ մի շարք այլ՝ ներքաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային գործոններով: ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը կարող է մեծացնել պատերազմի շարունակման քաղաքական գինը, Իսրայելի ներքաղաքական իրավիճակը որոշակի սահմանափակումներ է ստեղծում Նեթանյահուի համար, իսկ Մեքքայի պաշտպանական դաշինքի ձեւավորումն ու միջնորդական նախաձեռնությունների ակտիվացումը նոր գործոններ են ներմուծում տարածաշրջանային հաշվեկշռում:
Այդուհանդերձ, դիվանագիտական ակտիվության աճը դեռեւս չի նշանակում, որ ռազմական էսկալացիայի վտանգը վերացել է: Առաջիկա զարգացումների վճռորոշ հանգամանքը կլինի այն, թե արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կկարողանա՞ն իրենց փոխադարձ սպառնալիքները վերածել բանակցային իրական պայմանավորվածությունների, թե՞ ռազմական ուժի կիրառումը կրկին կդառնա հակամարտության կարգավորման հիմնական միջոցը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ