Կիբեռհարձակում Եվրոպայում․ հաքերները թիրախավորել են սուպերմարկետներն ու արյան բանկերը

Կիբեռհարձակումների հետևանքները կարող են շատ ավելի շոշափելի լինել, քան համակարգչային տվյալների կորուստը։ Թվային կառավարումից այսօր կախված են գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ սննդամթերքի մատակարարման ցանցերը և բժշկական ծառայությունները։ Վերջին օրերին Եվրոպայում հենց դրանք էլ հայտնվել են կիբեռհարձակումների թիրախում՝ մի դեպքում հանգեցնելով մեծ ծավալի սննդամթերքի ոչնչացման, մյուսում՝ վտանգի տակ դնելով դոնորական արյան պաշարների անվտանգությունը։

Կիբեռանվտանգությունը դուրս է եկել «տվյալների գողության» տիրույթից և սկսել ուղղակիորեն ազդել ֆիզիկական աշխարհի ու մարդկանց ամենօրյա կյանքի վրա։ Եվրոպայում կիբերհարձակումների թիրախում են հայտնվել այն համակարգերը, որոնցից կախված է սննդամթերքի անվտանգ պահպանումը։

Սուպերմարկետների սառնարանների հեռակառավարման համակարգերի խափանումները մի շարք երկրներում հանգեցրել են տոննաներով սննդամթերքի ոչնչացման։ Սա սովորական տեխնիկական խափանում չէր՝ Reuters-ի հետ զրույցում տեղի ունեցածի մասին ասել է շվեդական հայտնի ICA սուպերմարկետների ցանցի վաճառքի բաժնի ղեկավար Էնգլա Ինգվալը։

«Կիբերհարձակում է տեղի ունեցել, և մեր բոլոր սառնարաններում ջերմաստիճանը հասել է +50 աստիճանի։ Դեն ենք նետել ամեն ինչ, բոլոր սառեցված ապրանքները»։

ICA խանութի վրա հարձակումը եվրոպական առնվազն 7 երկրներում (այդ թվում՝ Շվեդիայում, Բելգիայում, Էստոնիայում, Ֆրանսիայում) իրականացված կիբերհարձակումների մի դրվագն է։ Որոշ դեպքերում խափանումներն առնչվել են մի քանի խանութի, մյուսներում՝ ավելի մեծ ցանցերի։ Միջադեպերի հետաքննությունը շարունակվում է։

Ժամանակակից սուպերմարկետները, սառնարանային տնտեսությունները և լոգիստիկ կենտրոններն օգտագործում են հատուկ համակարգեր՝ ջերմաստիճանը, հովացումը և էներգախնայողությունը հեռավար վերահսկելու համար։ Հաճախ դրանք նույնքան պաշտպանված չեն, որքան ֆինանսական կամ անձնական տվյալների բազաները։

Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն նոյեմբերի 3-ի ճեպազրույցում անդրադարձել է հաքերային հարձակմանը։

«Խոսքն առանձին միջադեպերի մասին չէ։ Մենք պետք է միասնական ուժերով  դիմակայուն լինենք ու պատրաստ արձագանքելու  նման կիբեռմիջադեպերին»։

Հաքերային գրոհը սուպերմարկետներով չի սահմանափակվել։ Նոյեմբերի 2-ի գիշերը Ֆրանսիայում կիբերհարձակման մեկ այլ՝ ավելի զգայուն դեպք էր գրանցվել։ Թիրախում հայտնվել էին Ֆրանսիայի արյան ազգային ծառայության՝ EFS-ի տարածաշրջանային երեք կենտրոնների պլազմայի պահպանման սառնարանային համակարգերը։ Պլազման օգտագործվում է ինչպես փոխներարկման, այնպես էլ դեղամիջոցներ արտադրելու համար։

Կարևոր է, որ հարձակման անմիջական թիրախը հենց արյան ազգային ծառայությունը չի եղել։ Խոցվել են սառնարանային սարքավորումների մատակարարի համակարգերը, ինչի հետևանքով խնդիրներ են առաջացել նաև EFS-ի կենտրոններում։

Ֆրանսիայի արյան ազգային ծառայության նախագահ Ֆրեդերիկ Պակուն բացատրել է, թե ինչ կարող էր նշանակել այդ պաշարների կորուստը։

«Արտադրանքի անվտանգությանը վնաս չի հասցվել։ Բայց մենք կարող էինք կորցնել հիվանդներին բուժելու համար նախատեսված շատ կարևոր նմուշներ ու պաշարներ»։

Նույն կառույցի փոխտնօրեն Սոֆի Լը Քամն էլ Լյուքսեմբուրգի հեռուստառադիոընկերության հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես են արձագանքել միջադեպին։

«Մենք շատ արագ հայտնաբերել ենք խնդիրը, միջամտել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պահվող պաշարներն անվտանգ տեղափոխելու համար»։

Ֆրանսիայի արյան ազգային ծառայությունը սպասարկում է ավելի քան 1900 հիվանդանոց և տարեկան ապահովում ավելի քան մեկ միլիոն հիվանդի կարիքները։ 

Միջադեպերի տեխնիկական կողմին և հնարավոր պատճառներին անդրադարձել է կիբեռանվտանգության փորձագետ Բենուա Գրունենվալդը։

«Սրանք չափազանց բարդ հարձակումներ չեն։ Երբ սառնարանային համակարգերը հասանելի են համացանցում՝ առանց որևէ պաշտպանության, ցանկացած ոք կարող է դրանց միջոցով խափանումներ առաջացնել»։

Եվրոպական այս երկու դեպքերի միջև կապը դեռ հաստատված չէ․ հայտնի չէ՝ Ֆրանսիայի արյան կենտրոնների և եվրոպական սուպերմարկետների վրա կիբեռհարձակումների հետևում նույն անձինք կամ խմբերն են կանգնա՞ծ, թե՞ ոչ։ 

Իրավապահ մարմինները նշում են որ հարձակման ձեռագիրը՝ միաժամանակ տարբեր երկրներում նույն ծրագրային ապահովման խոցելիության օգտագործումը, վկայում է նախապես պլանավորված գործողության մասին:

Leave a Comment