ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացնում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկելու են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում իրականացված համատեղ հումանիտար առաքելության արդյունքները։
Հոկտեմբերի վերջին Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լեոն XIV-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին ժամանակավոր հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչների տարհանման նպատակով, ինչը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին համատեղ հումանիտար առաքելությունն է ռազմական գործողությունների 4 տարիների ընթացում։
Առաջին տիկնոջ հետ հանդիպմանը Ռուսաստանը ներկայացնում են մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։
Ուկրաինական կողմից Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը մասնակցում են «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Սպիտակ տունն այս հանդիպման մասին հայտարարել էր նոյեմբերի 3-ին, և պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մելանյա Թրամփը հանդես է գալու հայտարարությամբ Օլեշկիում հումանիտար առաքելության արդյունքների վերաբերյալ։
Նոյեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկնոջը պարգևատրել էր Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով, որը բացառապես կանանց համար նախատեսված Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևն է։
Reuters գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Դմիտրիևը նախ կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կողմից կազմակերպված միջոցառմանը, իսկ այնուհետև կհանդիպի ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Սպիտակ տանն անցկացվող այս հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նախաշեմին, որոնք նախատեսված են նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում։