Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հանդիպումն Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։
Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցել են «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը։ Նրանք Մելանյա Թրամփին են հանձնել Իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանը։
«Շնորհակալություն նախագահ Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին»,- արձագանքել է ԱՄՆ առաջին տիկինը։
Ռուսական պատվիրակությունը ներկայացրել են Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նրանք ԱՄՆ առաջին տիկնոջը նվիրել են Օլեշկիից մի աղջկա նկար՝ «Ես սիրում եմ Մելանյային» գրությամբ։
Հանդիպումից հետո Մելանյա Թրամփը հայտնել է, որ անձնական նամակներ է գրել Վոլոդիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին և դրանք փոխանցել պատվիրակություններին։
Նրա խոսքով՝ Օլեշկիում հրադադարը կնպաստի ավելի ամուր խաղաղության հաստատմանը։ Մելանյա Թրամփը նշել է, որ դեռ սեպտեմբերից սկսել է Օլեշկիում մարդասիրական առաքելության նախապատրաստումը։
