Արտոնյալ վարկեր վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքներին․ պետությունը կաջակցի բազմազավակ ընտանիքներին բնակարան ունենալու հարցում

Պետությունը ստանձնում է բազմազավակ ընտանիքներին սեփական տնով ապահովելու ֆինանսական բեռը։ Կառավարության նոր որոշմամբ՝ մեծ ընտանիքները մարզերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար անհատույց պետական աջակցություն կստանան։ Այն ամբողջությամբ կծածկի հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսները։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները, ի՞նչ պայմաններ են գործելու չբնակեցվող տների համար, և ինչպես է գործադիրը պատրաստվում լուծելու նաև մարզային դպրոցներում աշակերտների պակասի խնդիրը։

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին պետությունը բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու աջակցություն կտրամադրի։ Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում հաստատված ծրագրով յուրաքանչյուր երեխայի հաշվով նախատեսվում է 4 միլիոն դրամի հավաստագիր տրամադրել։ Վեց երեխա ունեցող ընտանիքը կստանա 24 միլիոն դրամի, յոթ երեխա ունեցողը՝ 28, իսկ ութ երեխա ունեցողը՝ 32 միլիոն դրամի հավաստագիր։ Ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հուլիսին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ գաղափարը ծնվել է բազմազավակ ընտանիքի դիմումից հետո։ Համայնքներից ստացված տվյալները ցույց են տվել՝ նման ընտանիքներից շատերը նաև անապահովության համակարգում են։

«Սկսեցինք վիճակագրություն հավաքել մեր համայնքներից, և պարզվեց, որ մենք վեցից ավել երեխա ունեցող, խոսքը, իհարկե, անչափահաս երեխաների մասին է, 600-ից ավել ընտանիք ունենք ՀՀ-ում, և դժբախտաբար նրանցից շատերը նաև գրանցված են մեր անապահովության համակարգում, ինչը նաև նշանակում է նրանց խոցելության բարձր աստիճանը»։

Կառավարության նախնական հաշվարկով՝ Հայաստանում 643 նման ընտանիք կա։ Նրանց մեծ մասը՝ 390-ը, վեց անչափահաս երեխա ունի։ Գումարը կանխիկ չի տրվելու․ ընտանիքները կստանան հավաստագիր, իսկ աջակցությունը կուղղվի հիփոթեքի ամսական վճարներին։ Վարկը կտրվի տասը տարով,առանց կանխավճարի։

Գյուղական բնակավայրում տուն կառուցելու կամ ձեռք բերելու դեպքում նախատեսված է ևս 4 միլիոն դրամ՝ հողամասի, կահույքի կամ կենցաղային տեխնիկայի համար։

Սակայն աջակցությունը բոլորին հասանելի չի լինի։ Ընտանիքի հայտարարագրված տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը։ Գործում են նաև անշարժ գույքի հետ կապված սահմանափակումներ։ Մեկ ընտանիքը չի կարող միաժամանակ օգտվել բնակարանային աջակցության երկու պետական ծրագրից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է բնակարանային ծրագիրը կապել նորակառույց դպրոցների ու մանկապարտեզների հետ՝ ընտանիքներին ուղղորդելով այն համայնքներ, որտեղ աշակերտների պակաս կա։

«Եթե կան նորակառույց դպրոցներ և մանկապարտեզներ, որտեղ աշակերտների թվի խնդիր կա, մենք պետք է ծրագիրը, լրացուցիչ խթանները ուղղենք այդ ուղղությամբ»։

Վարչապետը մեկ այլ ռիսկ էլ է տեսնում՝ գյուղերում կառուցված, բայց չբնակեցված տները։ Դրանց բնակեցված լինելը կառավարությունը մտադիր է ստուգել նաև ջրի և էլեկտրաէներգիայի սպառման տվյալներով։

«Բայց ես ուզում եմ ձեզ գլխից ասել, որ եթե այդ նվազագույն շեմը չհաղթահարվի, և մենք հանկարծ առերեսվենք փակ դռների խնդրի հետ, մենք գնալու ենք որոշումների և որոշակի լուծումների, որովհետև հանրային միջոցներ են ներդրվել, և մենք պետք է համոզված լինենք, որ այդ միջոցը ծառայում է իր նպատակներին»։

Տուն կառուցող ընտանիքները պետք է շինարարությունն ավարտեն վարկի հաստատումից հետո երեք տարվա ընթացքում և ներկայացնեն ավարտական վկայականը։

Իսկ արդյո՞ք նախատեսված գումարը բավարար է ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար։ Կառավարության հաշվարկը հիմնված է մարզերում մեկ քառակուսի մետրի միջին՝ 300 հազար դրամ գնի վրա։ Վեց երեխա և երկու ծնող ունեցող ընտանիքի համար 80 քառակուսի մետր բնակարանի արժեքը այդ հաշվարկով 24 միլիոն դրամ է։ Մինչդեռ մարզերում մեկ քառակուսի մետրի գինը տատանվում է 150 հազարից մինչև 450 հազար դրամի սահմաններում։

Գործադիրը ծրագրի դիմումները կընդունի 2027 թվականի հուլիսի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։

Leave a Comment