Արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մինչև գերիների վերադարձի հարց․ 2027 թվականի բյուջեի քննարկումը ԱԺ-ում վերածվել է նաև Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունների, խաղաղության գործընթացի և տարածաշրջանային ապաշրջափակման շուրջ բանավեճի։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է առաջիկա տարվա արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ընդդիմադիր պատգամավորները հարցեր են ուղղել խաղաղության օրակարգի իրատեսականության և դրա գործնական արդյունքների վերաբերյալ։
Արտաքին գերատեսչության գլխավոր անելիքը 2027 թվականին շարունակելու է լինել չորս հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի առաջմղումը՝ բյուջեի թվերին անցնելուց առաջ շեշտում է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը․
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը՝ ձեր օգնությամբ, և մինչև դրա ֆիզիկապես հնարավոր դառնալը, մենք, իհարկե, շարունակելու ենք Ադրբեջանի հետ խաղաղության, խաղաղությունից բխող և խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի ու համագործակցության ուժեղացումն ու ընդլայնումը»։
Միրզոյանը նկատի ունի «TRIPP» նախագծի իրագործումն ու հաջորդ տարվա սկզբին ակնկալվող շինարարական աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակումը։ Շեշտում է՝ արդեն 11 ամիս է՝ Ադրբեջանը բացել է իր տարածքը բեռնափոխադրումների համար։
«Հետզհետե, աստիճանաբար նույնը կլինի։ Նաև ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքով անցնելու հնարավորությունը»։
Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, նույն լավատեսությամբ չեն խոսում ապաշրջափակման մասին։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը փորձում է հստակեցնել ՝ նախորդ ամիսներին որքան արտահանում է արվել Հայաստանից Ադրբեջանի տարածքով։
«Այսինքն՝ եթե այդ ճանապարհն այդքան կարևոր է, այդքան կենսական է և հայկական բիզնեսների համար ուղղակի երկնքից իջած մանանա է, ինչպե՞ս եղավ, որ 11 ամսվա ընթացքում ընդամենը 40 հազար դոլարի արտահանում է տեղի ունեցել»։
Միրզոյանի համոզմամբ՝ Խաչատրյանն այնքան էլ մտահոգված չէ Հայաստանից արտահանման ծավալներով։
«Ասում է՝ ընդամենը փոքր խմբաքանակ է, հա՛, բայց սկզբի համար պետք է լիներ փոքր խմբաքանակ։ Բայց շատ աբսուրդային է, որ ավանդական ճանապարհով չի եկել, Լարսում չի լռվել, որ զանգենք, խնդրենք՝ բացեն, հետո ասեն՝ բայց դուք շատ եվրոպամետ դուրս եկաք, հերիք է, այսօր այս մի տոննան փակեք, կամ չգիտեմ՝ պատահական ձյուն եկավ, շինարարական աշխատանքներ…»։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամի՝ Քրիստինե Վարդանյանին հետաքրքրում է՝ խաղաղության բանակցությունների համատեքստում քննարկվե՞լ է երկու երկրների սահմանադրությունները փոխելու հարցը։
«Դուք հարց բարձրացրե՞լ եք, որ Ադրբեջանի ներկայիս Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի անկախության ակտն ամրագրված է Ադրբեջանի Սահմանադրությունում։ Այդ ակտով Ադրբեջանի Հանրապետությունն իրեն 114 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն է պատկերացնում։ Այսինքն՝ եթե խնդիր կա, այն Ադրբեջանի Սահմանադրությունում է։ Դուք ունեք խաղաքարտ՝ այդ երկու հարցերը փակելու համար, հիմա այդ խաղաքարտն օգտագործե՞լ եք, թե՞ ոչ»։
Արարատ Միրզոյանը նախ հարցնում է Վարդանյանին. «Այդ դասը դուք ինձնի՞ց եք սովորել։ Հիմա եկել եք, դասը ինձ եք ասում՝ դուք գիտե՞ք այդ բանաձևերը։ Չէ՞, ես եմ ձեզ պատմել»։
Ապա պատասխանում է. «Ասել ենք՝ եթե գնում ենք սահմանադրությունների փոխելու ճանապարհով, այնտեղ էլ կարող է խնդիր լինել, բայց մենք ունենք թուղթ, որտեղ բոլոր հարցերին անդրադարձ կա, և դա խաղաղության համաձայնագիրն է։ Ասել ենք՝ եկեք գնանք, ստորագրենք, վավերացնենք, և այդ խնդիրը կհամարենք լուծված»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Սյուզաննա Ավետիսյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ նախարարության բյուջեի նախագծում գերիների վերադարձին ուղղված միջոցառումների մասին որևէ հիշատակում չկա։ Գերիների և անհետ կորածների հարցը, ըստ Միրզոյանի, պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման և հարաբերությունների կարգավորման բաժնում։ Բայց հարցը գերատեսչության գլխավոր ֆինանսական փաստաթղթում առանձին արտացոլված չէ, քանի որ այն ֆինանսական չէ, շարունակում է նախարարը։
«Դրա դիմաց հատկացված ֆինանսական միջոցներ չեն լինի։ Ցավոք սրտի, երևի ֆինանսական հարց չէ, որովհետև ֆինանսական հարցերը շատ ավելի հեշտ է լուծել։ Մենք իսկապես աշխատում ենք այս ուղղությամբ՝ առանց մոռանալու, և դա, իհարկե, հնարավոր չէ չանել»։
Միրզոյանը կարևորում է նաև հարևան մյուս երկրների՝ Իրանի, Վրաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Առաջին երկու երկրների հետ Հայաստանն արդեն ռազմավարական գործընկերություն ունի, շեշտում է նախարարը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջին ամիսներին հարաբերությունները նոր մակարդակի են հասել․ կայացել է երկու երկրների գործարար համայնքների առաջին համաժողովը, ստորագրվել է Անիի կամուրջը վերանորոգելու հուշագիրը, ընդլայնվել են երկու երկրների ուսանողների կրթաթոշակային հնարավորությունները։
«Այս գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի առնչությամբ այնպիսի լավ փոխըմբռնում ունեն, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատում»։
Ինչ վերաբերում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության բյուջեի հիմնական փոփոխություններին, ապա 2027 թվականին կավելանան միայն կապիտալ ծախսերը՝ 3 միլիարդ 389 միլիոն դրամով։ Դրանք առավելապես կուղղվեն դիվանագետների աշխատանքային պայմանների բարելավմանը։
Միջոցներ են նախատեսված նաև այլ երկրներում դեսպանատների և հյուպատոսարանների կառուցման կամ դրանց շենքային պայմանների բարելավման համար։