«Հայկական ռադիո՝ 100 տարեկան». հատուկ նամականիշի մարում և գալա-համերգ

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում «Հայկական ռադիո՝ 100» հոբելյանին նվիրված գալա-համերգը։

Մինչև համերգի մեկնարկը տեղի է ունեցել հոբելյանին նվիրված փոստային նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։ Նամականիշը մարել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։

Հատուկ նամականիշի թողարկումն ու մարումը խորհրդանշական քայլ են հայկական ռադիոյի հարյուրամյա պատմությունը հավերժացնելու և ազգային մեդիա ժառանգությունը ֆիլատելիստական պատմության մեջ ամրագրելու գործում։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախօրեին Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ / EBU) մասնակիցները մասնակցել են «Հայկական ռադիո 100. Մեդիա կոնֆերանսին»։ Միջազգային գործընկերների մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծել է Հանրային ռադիոյի միջազգային հեղինակությունը, համագործակցության լայն շրջանակն ու կարևոր դերակատարությունը եվրոպական հեռարձակողների համայնքում։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացող գալա-համերգը հոբելյանական միջոցառումների գլխավոր մշակութային իրադարձություններից է՝ նվիրված հայկական ռադիոյի անցած հարյուրամյակին, ձեռքբերումներին և ապագային։

Leave a Comment