Համաներումը պարզ և հեշտ լուծում է մեզ համար, մենք գնում ենք բարդ ճանապարհով. Գալյան

Համաներումը պարզ և հեշտ լուծում է մեզ համար, մենք գնում ենք բարդ ճանապարհով. Գալյան


 

Sputnik. Նախարարի ներկայացրած տվյալներով` հասարակություն վերադարձած դատապարտվածների 55 տոկոսը դառնում են կրկնահանցագործներ։


 


ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն համոզմանն է, որ համաներումը լավագույն լուծում չէ քրեակատարողական հիմնարկներում կենցաղային հարցերը բարելավելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


 


«Եթե համաներումը բխում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող անձանց շահերից, ապա դա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից»,– հայտարարեց նա։


 


Գալյանի խոսքով` նախարարությունը նպատակաուղղված զարգացրել է պատժից վաղաժամկետ ազատ արձակման համակարգը, որպեսզի անհատական լուծումներ լինեն ու համոզվեն, որ այդ մարդկանց վերասոցիալականացումն ինչ–որ մակարդակի է հասել, որպեսզի այդ մարդկանց կարողանան վերադարձնել հասարակություն` առանց վախի, որ կրկնահանցագործություն կլինի։


 


Նախարարի ներկայացրած տվյալներով` հասարակություն վերադարձած դատապարտվածների 55 տոկոսը դառնում են կրկնահանցագործներ։


 


«Համաներումը պարզ և հեշտ լուծում է կառավարության համար, սակայն մենք կարծում ենք, որ պարզ լուծումները մեզ համար չեն, ու մենք գնում ենք բարդ ճանապարհով»,– հայտարարեց Գալյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին` առաջարկելով` եթե պատգամավորը հնարավոր է համարում համաներման կիրառումը, ապա կարող են նախագիծ գրել ու դնել շրջանառության մեջ։


 


Նշենք, որ ՀՀ–ում ընդհանուր քրեական գործերով վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերին: Այն նվիրված էր Էրեբունի–Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին:


 


Քրեակատարողական հիմնարկներից անմիջապես ազատ էր արձակվել ավելի քան 600 դատապարտյալ: Շուրջ 6500 անձանց մի մասի պատժաչափերը կրճատվել էին, իսկ շատերի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են (այդ թվում՝ պրոբացիայի ծառայության շահառուների)։


 


Դրանից հետո՝ 2021 թվականին, ընդունվել է նաև մասնակի/նպատակային համաներման օրենք, որը տարածվում էր բացառապես ժամկետային զինվորական ծառայությունից և զորակոչից խուսափած անձանց վրա: Դա վերաբերում էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը (Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկը) 27 տարին լրացած և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց։


 


 

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment