Գրանցվել են Մեծամոր ու Բաղրամյան համայնքների ավագանու թեկնածուները

Նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի ևս 2 համայնքում՝ Մեծամորում և Բաղրամյանում ՏԻՄ համամասնական ընտրություններ են սպասվում: Արմավիրի 15 և 16 ԸԸՀ-երը երեկ գրանցել են ավագանու համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուներին: Մեծամորում   իշխող կուսակցության հետ առաջադրվել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ Բաղրամյանում՝ «Գործարար» և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Բաղրամյան համայնքի գործող ավագանու կազմում երեք քաղաքական ուժերի 21 անդամներ են, որոնցից՝ 11-ը ՔՊ-ից, 8-ը՝ «Արդար Հայաստանից», իսկ երկուսը՝ «Մեր Բաղրամյան» դաշինքից: Նոյեմբերի 29-ի ընտրություններում առաջադրվել է 2 քաղաքական ուժ: Հոկտեմբերի 30-ի հերթական նիստում 16 ԸԸՀ-ը գրանցել է թեկնածուներին, բացի մեկից: Հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ ՔՊ ցուցակում նախապես առաջադրել էր 31 թեկնածու, սակայն մեկն ինքնաբացարկ է հայտնել՝ համայնքի բնակիչ չլինելու պատճառով:

«Գործարար» կուսակցության ցուցակում ընդգրկված են 27 ավագանու անդամի թեկնածուներ, ՔՊ կուսակցության  ցուցակում ընդգրկված են 30 թեկնածուներ: Երկու ցուցակներն էլ սահմանված ժամկետում ներկայացվել են հանձնաժողով՝ կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: Դրանք ուսումնասիրել է հանձնաժողովը, թերություններ ու լրացումներ չկան»:      

Գրանցման ընթացքին հետևում էին երկու քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները: Թեկնածուների մեծ մասը կուսակցական է: Ավագանու թեկնածուների ցուցակներում յուրաքանչյուր 3-րդը կին է:

ՔՊ թեկնածուների ցուցակի առաջին համարը Բաղրամյան համայնքի ղեկավարն է, երկրորդը՝ նրա տեղակալը, իսկ  «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորում է Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նախորդ՝ 2021թ ընտրություններում  ՔՊ ընտրացուցակով էր առաջադրվել:

Մեծամոր համայնքում գրանցվել է 2 կուսակցություն՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն՝ ասում է 15 ԸԸՀ նախագահ Մարատ Հովհաննիսյանը:

«ՔՊ կուսակցության առաջին համարը Սարգիս Արշակյանն է, իսկ Դաշնակցությանը՝ Արամայիս Մխիթարյանը: Սարգիս Արշակյանը նախկինում ավագանու անդամ չի եղել, հիմա գործող համայնքի ղեկավարի տեղակալն է»:

Մեծամոր համայնքի ՔՊ-ական ղեկավար Էդգար Հովհաննիսյանն այս անգամ չի առաջադրվել, իսկ  Արամայիս Մխիթարյանը գործող ավագանու անդամ է, ՀՅԴ խմբակցության, ինչպես նաև մարզային կառույցի  ղեկավարը: Մեծամորի ավագանին 24 անդամ ունի, որից 6-ը՝ Դաշնակցությունից են:

Մեծամորում գործելու է 43 ընտրատեղամաս,  իսկ Բաղրամյանում՝ 16: Տեղամասային ընտրական հանձնաժողովները դեռ չեն ձևավորվել:

Leave a Comment