Հայաստանում անձնագրային համակարգի փոփոխությունը միայն նոր փաստաթղթերի ներդրմամբ չի սահմանափակվում․ փոխվում են նաև դրանց տրամադրման կարգը, քաղաքացիների սպասարկման ձևաչափն ու անվտանգության մեխանիզմները։ Նոր ենթակառուցվածքը պետք է միավորի առցանց դիմումից մինչև կենսաչափական տվյալների հանձնումն ու փաստաթղթի ստացումը։ Ինչպես է գործելու այս համակարգը և ինչ է փոխվելու քաղաքացիների համար։
Հայաստանում մեկնարկում է կենսաչափական նոր անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Նոր փաստաթղթերի հետ ներդրվում է նաև դրանց ստացման ու մշակման նոր ենթակառուցվածք՝ առցանց նախագրանցումից մինչև կենսաչափական տվյալների հավաքագրում և պաշտպանություն։ Հոկտեմբերի 31-ին «Երևան Մոլ»-ում բացվել է «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակը։ Արարողությանը ներկա է եղել Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է նոր համակարգին՝ անցնելով փաստաթղթավորման ամբողջ գործընթացը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նրան ներկայացրել է նոր համակարգի աշխատանքի մանրամասները։
Նախարարի խոսքով՝ նոր փաստաթղթերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անձի ինքնության պաշտպանությանը․
«Մենք հենց այս տեսանկյունից ենք նախատեսել տարբեր լուծումներ, որոնք թույլ կտան ինքնության գողության, կեղծման հետ կապված դեպքերը մոտեցնել զրոյի և վստահ լինել, որ անձնագիրը կրողը հենց այն նույն մարդն է, ով պետք է կրի այդ անձնագիրը»։
Նոր համակարգը փոխում է նաև քաղաքացիների սպասարկումը։ Կենսաչափական փաստաթղթերի տրամադրումն այսուհետև իրականացվելու է «ՀայՓաս»-ի սպասարկման գրասենյակներում, որոնք կգործեն Երևանում և մարզերում։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գրասենյակների թիվն առաջիկա ամիսներին ավելանալու է։
«Այս պահի դրությամբ ունենալու ենք 14 գրասենյակ։ Եվ արդեն մինչև մարտ ամիսը կունենանք 23 գրասենյակներ և մեր հաշվարկը այն է, որ սրանք անհրաժեշտ և բավարար թվով գրասենյակներ կլինեն, որպեսզի ամբողջ ծավալով սպասարկենք հանրապետական պահանջարկը»։
Փաստաթուղթը ստանալու գործընթացը սկսվում է առցանց նախագրանցումից․ քաղաքացին լրացնում է անհրաժեշտ տվյալները, ընտրում սպասարկման գրասենյակն ու այցելության ժամը, կատարում վճարումը, ապա ներկայանում՝ կենսաչափական տվյալները հանձնելու։ Նոր համակարգում դիմումի ամբողջ ընթացքը՝ նախագրանցումից մինչև փաստաթղթի ստացում, կազմակերպվելու է մեկ միասնական սպասարկման տրամաբանությամբ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նախատեսված է նաև աջակցություն այն քաղաքացիներին, որոնք դժվարանում են ինքնուրույն օգտվել առցանց հարթակից։
«Վստահաբար կլինեն թիրախային խմբեր, որոնք աջակցության կարիք կունենան կամ տանից չեն կարողանա ինքնուրույն, էսպես ասած, գլուխ հանել կայքից և ազատ են մոտենալու «ՀայՓասի» ցանկացած գրասենյակ»։
Միաժամանակ, ցանկության դեպքում, քաղաքացիները կարող են նաև ամբողջ գործընթացն ինքնուրույն անցնել , ասում է Նելլի Դավթյաը․
«Եթե կլինեն քաղաքացիներ, որ կցանկանան նույնիսկ մատնահետքը հանձնելիս և դիմումը լրացնելիս չառնչվել աշխատակցի հետ, մենք ունենք նաև սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ինքնուրույն սպասարկվել և լքել տարածքը»։

Դավթյանը անդրադառնում է նաև գործող փաստաթղթերից նոր կենսաչափական փաստաթղթերին անցնելու կարգին և քաղաքացիների համար նախատեսված հնարավորություններին։
«Ամեն ինչ այնպես է կառուցված, որ ոչ մի ավելորդ նեղություն չպատճառենք։ իհարկե, եթե ձեր փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է և դուք նորը պետք է վերցնեք, այլևս հինը չենք արտադրում, փակեցինք, վերջապես, այդ էջը, բայց կամարտահայտության հիման վրա ցանկացած պահի կարող է փոխանակել իր փաստաթուղթը»։
Նոր ենթակառուցվածքի տեխնոլոգիական բաղադրիչը ներկայացնում է նաև ծրագրի մասնավոր գործընկերը։ «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրեն Ռեժի Բոշիերի խոսքով՝ համակարգում կիրառվում են կենսաչափական տվյալների մշակման և պահպանման անվտանգության հատուկ տեխնոլոգիաներ։
«Անձը հաստատող նոր փաստաթղթի դիզայնը, որն ընտրել է Ներքին գործերի նախարարությունը, համադրում է ինքնատիպ գեղագիտական լուծումներն ու անվտանգության բարձր տեխնոլոգիաները։ Դրանցից է, օրինակ, լուսանկարի գունավոր լազերային փորագրումը պոլիկարբոնատային շերտի վրա։ Այս տեխնոլոգիան աշխարհում բացարձակապես եզակի է, և հայկական նոր կենսաչափական անձնագիրը կդարձնի աշխարհում ամենապաշտպանվածներից մեկը»։
Նոր համակարգի ներդրման առաջին փուլում՝ նոյեմբերի 1-ից, քաղաքացիներին կսպասարկեն Երևանի երկու գրասենյակներում՝ «Երևան Մոլ»-ում և «Մեգամոլ»-ում, իսկ նոյեմբերի 2-ից կմիանան նաև մարզային 12 գրասենյակները։ Առցանց նախագրանցման հարթակն արդեն հասանելի է «ՀայՓաս»-ի կայքում։ Նոր անձնագրի արժեքը 28 հազար 650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5 հազար 950 դրամ։