Հայ-թուրքական գործարար աշխարհը հաշվարկում է սահմանի բացման հնարավորությունները

Օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կասկածի տակ էր դրել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի նոր բանագնացի կարիքը՝ ասելով, որ գործընթացը կարող է առաջ շարժվել առանց դրա: Նախարարը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան կողմերը կհամաձայնեցնեն կամ կնշանակեն նոր բանագնացների: Այսինքն՝ սահմանի բացման հարցը ցանկացած պահի կարող է հասունանալ: Այս հայտարարությունից հետո, թեև քաղաքական նոր ազդակներ չեն եղել, գործարար դաշտը արդեն սպասման մեջ է, անգամ հաշվարկներ են արվում երկու կողմում էլ։

Այս տարվա մայիսի տվյալներով Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը մեկ տարում աճել է շուրջ 80%- ով։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 98 միլիոն 88 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն շրջանի 54 միլիոն 800 հազար դոլարի դիմաց։ 30 տարուց ավելի փակ սահմանների պայմաններում սա, թերևս առաջին դեպք է, երբ հնարավոր է եղել հաշվել այս ցուցանիշը։ Իրականությունն այն է, որ քաղաքական որոշումներին զուգահեռ տնտեսական կապերը երկրների միջև պահպանվել են, բայց առևտրաշրջանառությունն իրականացվել է երրորդ երկրների միջոցով, օրինակ՝ Վրաստանի տարածքով։ Իսկ դա արդեն արտացոլվում էր Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության վիճակագրական ցուցանիշներում։ Միաժամանակ, թարմացված վիճակագրությունը փաստում է, որ պահպանվում է ակնհայտ անհավասարակշռություն ներմուծման և արտահանման միջև։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը սա դեռևս մտահոգիչ չի համարում։ Ըստ նրա՝ հունիսի սկզբին Թուրքիայում հայ գործարարների խմբի հանդիպումը թուրք գործընկերների հետ, նոր գործակցային հեռանկարներ արդեն բացել է հայկական բիզնեսի համար։

Կարամանուկյանի ներկայացմամբ՝ հայ և թուրք գործարարների հանդիպումից հետո ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։ Արդյունքում՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ կազմակերպություններից երկուսն արդեն արտահանում են իրենց արտադրանքը Թուրքիա։ Մասնավորապես, այն արտադրատեսակներից, որոնց համար փակվել է ռուսական շուկան։ Օրինակ՝ Թուրքիա են արտահանել ալյումինե փայլաթիթեղ։

Բոլոր այն կանխատեսումներին և արմատացած կարծրատիպերին ի պատասխան, որ սահմանների բացման դեպքում Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը, Ներսես Կարամանուկյանը խորհոուրդ է տալիս այցելել «Modix» խորհրդատվական ընկերության կայքը, որտեղ մասնագիտական ուսումնասիրություններով ներկայացված է հայկական ապրանքի մրցունակությունը։

Սրանից բացի, հայկական բիզնեսն ունի իր առանձին հաշվարկները։ Օրինակ՝ վերամշակման ոլորտում իր կայուն տեղը զբաղեցրած ընկերությունների մեկի ղեկավար Վաչագան Կարապետյանը չի բացառում թուրքական ընկերությունների հետ կոոպերացիան։

«Մեր՝ վերամշակման ոլորտում մենք ոչ միայն արտադրում ենք պատրաստի արտադրանք, այլ մենք արտադրում ենք կիսաֆաբրիկատներ։ Նկատի ունեմ` մեր ներուժը մեծ է այնքանով, որ մեր կիսաֆաբրիկատները կարող են այնտեղ վերջնական արտադրանք դառնալ հետագա շուկաների համար և՝ հակառակը»։

Թուրքիայի հետ համագործակցությունը Կարապետյանի համար լոկ տեսական խոսակցություն կամ հաշվարկ չէ։ Նրա գլխավորած ձեռնարկությունը տարիներ շարունակ, փակ սահմանների պայմաններում էլ արտադրանքի փաթեթավորման համար անհրաժեշտ հումքը ներկրել է Թուրքիայից։  

«Նախկինում մենք հնարավորություն չունեինք ուղիղ պայմանագրեր կնքելու թուրքական ընկերությունների հետ, և բերում էինք վրացական ընկերությունների միջոցով։ Բայց հիմա արդեն այդ խնդիրը հաղթահարված է։ Մենք ուղիղ պայմանագրեր ենք կարողանում կնքել, բայց թուրքական մեքենաները էլի գալիս են Վրաստանով։ Այդպես ճանապարհը շատ ավելի երկարում է։ Օրինակ՝ մեքենայի արժեքը միջինը կազմում է 4 000 դոլար, եթե գալիս է Թուրքիայի միջին մասերից։ Բայց ես կարծում եմ` երբ ճանապարհը բացվի, այդ արժեքները կիջնեն և մեր հնարավորությունները ավելի կշատանան։

Մարգարայի անցակետը՝ այստեղից Մարգարա մոտավորապես 30 կմ է։ Ես ոչ պրոֆեսիոնալ կարծիք եմ հայտնում։ Կարծում եմ, որ նվազագույնը 30-40 %-ով  տրանսպորտի գինը կնվազի։ Մեր առաջ այլ հնարավորություններ էլ կբացվեն, քանի որ մենք ելք կունենանք դեպի Մերսինի նավահանգիստ։ Այստեղից մոտ 1 300 կմ է հեռավորությունը։ Այդպես նաև մենք ելք կունենանք դեպի Միջերկրական ծով։ Հնարավոր է, որ այդ երթուղին նույնպես մեր լոգիստիկ ծախսերը կրճատի»։

Մինչ քաղաքական որոշումները դեռ կայացման փուլում են, Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից արևելյան հատվածներում նույնպես սեփական հաշվարկներն են անում գործարարները։

Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Քայան խոսում է երկուստեք նոր շուկաներ ձեռք բերելու հեռանկարների մասին։

«Մենք կարող ենք Հայաստանը այս տարածաշրջանում դիտարկել դեպի եվրասիական տարածաշրջան գնալու համար մի դարպաս։ Միաժամանակ, հակառակ պրոցեսը կարող է լինել․ հայ գործարարները, եթե Դիարբեքիրում ներդրումներ անեն, արդեն Դիարբեքիրը կարող է հանդիսանալ որպես դարպաս դեպի Սիրիա և Իրաք։ Ու եթե պետությունները մեր միջև գտնվող պատերը վերացնեն, մենք` որպես երկու հանրություն, իրար հետ կարող ենք պայմանավորվել։ Նախ՝ անհրաժեշտ է, որ սահմանները լիովին բացվեն»։

Սիրիայի և Իրաքի շուկաները հայ գործարարները գնահատում են՝ որպես նվազագույն արդյունք, առավելագույնը, ինչի ձգտում են սահմանների բացման դեպքում, դա մուտքն է դեպի եվրոպական և աֆրիկյան շուկաներ և «Գալֆ եերկրների» տարածաշրջան, որի մեջ մտնում են Պարսից ծոցի արաբական վեց պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնն ու Օմանը։

Leave a Comment