Անհնարինը դարձնել հնարավոր. ահա թե ինչ է նշանակում իրական տեխնոլոգիական հեղափոխություն: NASA-ի Perseverance՝ Համառություն մարսագնացը տիեզերական հետազոտությունների պատմության մեջ նոր էջ է բացել: Այն, ինչին հասնելու համար նախորդ սերնդի լավագույն սարքից պահանջվել էր 15 տարի, այս հզոր ռոբոտը հաղթահարել է ընդամենը հինգուկես տարում: Սարքն արդեն պաշտոնապես անցել է ավելի քան 45 կիլոմետր տարածություն՝ հետևում թողնելով ոչ միայն Մարսի, այլև Լուսնի վրա մարդկության սահմանած բոլոր պատմական ռեկորդները:
Ո՞րն է այս կայծակնային արագության գաղտնիքը: Մարսագնացն ունի բացառիկ համակարգ, որն ինժեներներն անվանում են «մտածել ընթացքի ժամանակ»: Այն չի սպասում Երկիր մոլորակի հրահանգներին. ընթացքի մեջ ինքնուրույն վերլուծում է 600,000 կետ ու վայրկյանների ընթացքում որոշում անվտանգ ճանապարհը: Սրա շնորհիվ ռոբոտը մեկ մարսյան օրում ընդունակ է անցնել մինչև 412 մետր։
4 միլիարդ տարվա գաղտնիքն ու կյանքի հետքերը
Բայց այս ամենը միայն թվերի ու արագության մասին չէ: Սա մարդկության մեծագույն հարցի պատասխանն է՝ մենա՞կ ենք արդյոք տիեզերքում: Perseverance-ն այսօր քայլում է մի տարածքով, որտեղ 4 միլիարդ տարի առաջ տաք ջուր ու գետեր են հոսել: Այն արդեն հավաքել է 29 բացառիկ նմուշ, որոնց մեջ գիտնականները հնագույն միկրոբիոլոգիական կյանքի հետքեր են նկատել։ Այսպիսի հնագույն ապարներ Երկրի վրա վաղուց չկան. դրանք ջնջվել են մեր մոլորակի ակտիվ երկրաբանության պատճառով, իսկ Մարսը դրանք անփոփոխ պահել է մեզ համար՝ շեշտում է NASA–ն։ Հատկանշական է, որ մարսագնացն այս պատմական նվաճումը տոնում է հենց Մարսի «Ամանորին»: Սեպտեմբերի 30-ին Կարմիր մոլորակի վրա պաշտոնապես մեկնարկել է նոր՝ 39-րդ տարին։ Քանի որ Մարսի տարին Երկրից երկու անգամ երկար է տևում, սա նշանակում է, որ ռոբոտը նոր տիեզերական տարափուլ է մտնում որպես բացարձակ չեմպիոն:
Մարդկության առաջին տիեզերական «ծանրոցը»
Առաքելության ամենաշրջադարձային կետն այն է, թե ինչ է սպասվում հավաքված նմուշներին։ Դրանք չեն մնալու Մարսի վրա։ Այս ռոբոտը, ըստ էության, պատրաստում է մարդկության պատմության առաջին տիեզերական «ծանրոցը»։ NASA-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը մշակում են Mars Sample Return մեգանախագիծը: Ծրագրի համաձայն՝ հատուկ տիեզերանավ է մեկնելու Մարս, վերցնելու է Perseverance-ի հավաքած ու հատուկ սրվակներում պահած ապարները և դրանք հետ է բերելու Երկիր մոլորակ։ Սա նշանակում է, որ շուտով գիտնականները սեփական ձեռքերով կշոշափեն Մարսի հողն ու վերջնական պատասխան կտան կյանքի գոյության մասին:
Ի՞նչ է սպասվում առջևում
Նախագծի ղեկավարներն ասում են՝ սա դեռ միայն սկիզբն է: NASA-ն արդեն երկարաձգել է առաքելությունը մինչև 2028 թվականի վերջը։ Ինժեներներն այժմ սովորեցնում են մարսագնացին ճիշտ ընթանալ նույնիսկ կուրացնող արևի լույսի միջով, որպեսզի նրա աշխատանքային օրն էլ ավելի երկարի։ Առջևում նոր թիրախն է՝ «Ռեյնբոու Ֆոլս»-ը, որը Մարսի հնագույն կեղևի հսկայական կտոր է։ Perseverance-ի յուրաքանչյուր նոր մղոնը մեզ տանում է դեպի մի աշխարհ, որը միգուցե մի օր կդառնա մարդկության երկրորդ տունը՝ ամփոփելով շեշտում եմ աստղագետները։
Տպավորիչ փաստեր Մարսի մասին
Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը. Մարսի վրա է գտնվում «Օլիմպոս» հանգած հրաբուխը։ Այն ունի 22 կիլոմետր բարձրություն, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է Էվերեստին։
Հսկայական կիրճերի համակարգը. «Մարիների հովիտը» Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճն է։ Այն ունի ավելի քան 4000 կմ երկարություն (այնքան, որքան ԱՄՆ-ի լայնությունն է) և մինչև 7 կմ խորություն։
Երկու փոքրիկ արբանյակ. Ի տարբերություն Երկրի, Մարսն ունի երկու արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը, որոնք իրենց ձևով նման են կարտոֆիլի։ Գիտնականները կարծում են, որ դրանք նախկինում աստերոիդներ են եղել, որոնց Մարսը ձգել է իր կողմ։
Թեթև քաշ. Մարսի ձգողականությունը 62%-ով թույլ է. 80 կգ կշռող մարդն այնտեղ կկշռի ընդամենը 30 կգ և կցատկի երեք անգամ ավելի բարձր:
Գլոբալ փոթորիկներ. Փոշու փոթորիկները երբեմն պատում են ողջ մոլորակը՝ ամիսներով փակելով արևի լույսը:
Մարսի վրա մեկ օրը կոչվում է Սոլ տևում է 24 ժամ և 39 րոպե՝ գրեթե ինչպես Երկրի վրա։ Սակայն Մարսի տարին տևում է 687 երկրային օր՝ Արեգակից հեռու լինելու պատճառով։
Ժանգոտած մոլորակ. Մարսն իր կարմրավուն գույնի համար պարտական է իր հողում և փոշում առկա մեծ քանակությամբ երկաթի օքսիդին, որը պարզ ասած՝ սովորական ժանգն է։