Սեպտեմբերից Հայաստանի բոլոր դպրոցներում ուժի մեջ են մտել անվտանգության նոր չափանիշներ։ Դրանց հիման վրա ստեղծվել են Սովորողների պաշտպանության թիմեր, որոնք պետք է զբաղվեն դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ և բուլինգի կանխարգելմամբ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ) առանցքային և համակարգող դեր ունի հանրակրթական դպրոցներում ձևավորվող Սովորողների պաշտպանության թիմերի կայացման, մեթոդական առաջնորդության և վերահսկողության գործում։



ՀՄԿ-ի գործառույթներն ու դերը ՍՊ թիմերի արդյունավետության ապահովման հարցում բաժանվում են մի քանի հիմնական ուղղությունների.
- Մեթոդական աջակցություն և ներդրում
ՀՄԿ-ն անմիջականորեն աջակցում է դպրոցներին սովորողների պաշտպանության համակարգի ներդրման և հետագա ուժեղացման գործընթացում։
Ապահովում է թիմերի համար դեպքերի հայտնաբերման, արձագանքման և դրանց հետագա ընթացք տալու հստակ, գործուն մեխանիզմների ու ուղեցույցների մշակումը։
- Վերապատրաստումներ և կարողությունների զարգացում
ՀՄԿ-ն պարբերաբար իրականացնում է տեսական և գործնական վերապատրաստման դասընթացներ դպրոցների վարչական ու մանկավարժական անձնակազմի համար, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն արդյունավետ գործել ՍՊ թիմերի շրջանակներում։
- Մշտադիտարկում և վերահսկողություն

Որպես վերադաս կառույց՝ կենտրոնն իրականացնում է դպրոցներում սովորողների պաշտպանության թիմերի գործունեության շարունակական մշտադիտարկում։
- Կանխարգելում և հոգեսոցիալական տոկունություն
ՀՄԿ մասնագետներն աշխատում են դպրոցական միջավայրում սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացման և ապահով, ներառական միջավայրի ստեղծման ուղղությամբ։
Ինչպե՞ս են աշխատում այս թիմերը գործնականում, արդյո՞ք պատրաստ են մեր դպրոցները նոր մարտահրավերներին, և ինչպե՞ս արմատախիլ անել բուլինգը դպրոցից։
«Դպրության» տաղավարում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։