Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։

Խորհրդարանն այսօր քննարկում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Քննարկման ընթացքում Կարապետյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միրզոյանը պատասխանել է՝ այո՝ հիշեցնելով, որ պայմանագիրն արդեն նախաստորագրված է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել։

Նախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է, որն, իր գնահատմամբ, արդեն հաստատված է։

«Մենք ունենք հաստատված խաղաղություն, իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի՞ և մոտեցնի խաղաղությունը», – ասել է Միրզոյանը՝ հավելելով. «Որպես իրողություն՝ պայմանը, միջավայրը, որ պետք է լինի, որպեսզի ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա․ դրա անունն է խաղաղություն»։

Նարեկ Կարապետյանը, սակայն, կասկածի տակ է դրել, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի նաև Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջևանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա կատարելու մյուս պայմանավորվածությունները։

«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու», – հակադարձել է Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։

«Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը», – ասել է արտգործնախարարը։

Խորհրդարանում համաձայնագրի քննարկման համար երկու ժամ էր հատկացվել։ Թեև Միրզոյանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, ժամանակային սահմանափակման պատճառով նրանցից միայն երեքն են հասցրել հարց տալ՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment