Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19%-ն է հասնում ընթերցանության բազային մակարդակին, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներով ևս հայ սովորողները զիջում են միջազգային համեմատական ցուցանիշներին։ Այս մասին վկայում են PISA 2025 միջազգային հետազոտության արդյունքները, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Հետազոտությունը գնահատում է ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքները, այլև իրական իրավիճակներում դրանք կիրառելու կարողությունը։ ԿԳՄՍ նախարարությունը արդյունքները գնահատել է որպես ոչ գոհացուցիչ, բայց ելակետային։ Ի՞նչ են դրանք բացահայտում Հայաստանի կրթական համակարգի մասին, և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ սովորողների կարողությունները բարելավելու համար։
PISA-ի առաջադրանքները պահանջում են, որ աշակերտները կարողանան կիրառել գիտելիքները անծանոթ իրավիճակներում, վերլուծել տեղեկությունը և հիմնավորված եզրահանգումներ անել։ Հետևաբար, բազային մակարդակից ցածր արդյունքը չի նշանակում, որ երեխան ընդհանրապես կարդալ չգիտի կամ չի տիրապետում տվյալ առարկային։ Այն ցույց է տալիս, որ սովորողը դժվարանում է հետազոտությամբ գնահատվող որոշակի կիրառական հմտությունների հարցում։
Նախարարությունը արդյունքները կապում է նաև կրթության կազմակերպման փոփոխության հետ։ Հետազոտությանը մասնակցած աշակերտների շուրջ 88%-ը սովորել է 10-րդ դասարանում, այսինքն՝ մինչև 9-րդ դասարան կրթություն է ստացել նախկին չափորոշչով։ Նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզում սկսվել է 2021 թվականին, իսկ 2023 թվականից այն փուլային ներդրվել է հանրապետության դպրոցներում։
Iravaban.net-ի Իրավական շաբաթի շրջանակներում ԿԳՄՍՆ հանրակթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը ներկայացրել են հետազոտության մանրամասները և նախատեսվող անելիքների պլանը։