Կանաչ էներգիայի զարգացումը՝ COP 17–ի քննարկման առանցքում

Էներգետիկ անվտանգությունը՝ ռազմավարական առաջնահերթություն։ Թեման առանցքային է նաև ՄԱԿ–ի կենսաբազմազանության COP17 համաժողովում։ Կանաչ տեխնոլոգիաների ակադեմիան (Green Tech Academy) Հայաստանում առաջին էներգաարդյունավետության և «կանաչ» տեխնոլոգիաների ինկուբացիոն ծրագրերից է։ Այն նպատակ ունի զարգացնելու վերականգնվող էներգիայի ոլորտը և խթանելու էկո-ստարտափների ձևավորումը։ Այս նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի դաշնային կառավարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Վերականգնվող էներգետիկան ու էներգաարդյունավետությունը «կանաչ էներգիայի» անցման անկյունաքարն են։ Դրանք սերտորեն կապված են կենսաբազմազանության հետ։ Դա վերաբերում է հողօգտագործմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցությանը և այլն։ Վերականգնվող էներգետիկան աշխարհում արագորեն զարգանում է։ Հայաստանում՝ նույնպես, բայց «կանաչ» էներգետիկայի զարգացմանը խոչընդոտող տարբեր խնդիրներ կան՝ ֆինանսականից մինչև նախագծում։ «Էկովիլ Հոլդինգ» ընկերության նախագահ և համահիմնադիր Տիգրան Օհանյանն ընդգծում է․  

«Ամբողջ աշխարհում, որտեղ արևային էներգիան զարգանում է լայն թափով, անհարժեշտություն է առաջանում էներգետիկ մոդելում կատարելու փոփոխություններ։ Այստեղ կարևոր է կապիտալի առկայությունը։ Մինչև այժմ, մեզ մոտ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել են վարկերը։

Բայց աշխարհն արդեն այլ մոդելով է գնում՝ «կանաչ» պարտատոմսերի թոողարկում կամ «կանաչ» ֆինանսավորում։ Մասնագետը կարծում է, որ  կապիտալի շուկան զարգացնելու հնարավորություն կա։

 «Վերականգնվող էներգետիկայի զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։ Բայց կարծում եմ, որ ավելի շատ երկխոսելու կարիք կա։ Ոլորտի զարգացման կարգավորումների փոփոխությունների կարիք է նկատվում»։

Ինքնավար էներգաարտադրությունը Հայաստանում սկսվել է 2016 թվականից, երբ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին ոլորտում։ Ինքնավար էներգաարտադրության համար էներգետիկայի ոլորտի զարգացման հայեցակարգում նախանշված թիրախը 350 մեգավատտն էր։ Այդ ցուցանիշը, սակայն, վաղուց է գերազանցվել։

Վերակագնվող էներգետիկայի զարգացումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան։ Եվս 47-ը կառուցվում է։ Արևային կայաններ կառուցվում են, սակայն այստեղ այլ խնդիրներ կան․

«Տվել ենք արևային էլեկտրակայան կառուցելու լիցենզիան իրավաբանական անձանց ու քաղաքացիներին, դրանք ավելի արագ տեմպերով են զարգացել, քան վերազինվել է բաշխման ցանցը կամ ՀԷՑ–ը»։

Պատկան մարմինները որոշել են կուտակիչ կայանները դարձնել պարտադիր

«Ի տարբերություն ՋԷԿ–երի, ատոմակայանի, ՀԷԿ–երի, որտեղ հոսանքի բեռնավորումը և բեռնաթափումը մարդը ինք ն է իրականացնում, արևային կայանների դեպքում այդպես չէ․ կա արև, հոսանք արտադրվում է, չկա՝ չի արտադրվում»։

Վերջին տարիներին Հայաստանում էականորեն ավելացել է արևային կայանների թիվը ։ Ոլորտի զարգացման մինչև 2040 թ–ի ռազմավարության համաձայն՝ 2030–ին Հայաստանը պետք է ունենա 1․000 Մվտ հզորությամբ արևային կայաններ, բայց այժմ արդեն առկա հզորությունը գերազանցել է այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1․141 Մվտ–ի, որից 479–ը բաժին է ընկնում արդյունաբերական, իսկ 662–ը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններին։

Leave a Comment