ԵՐԵՎԱՆ-ԲԵԼԳՐԱԴ – Վառ արտաքինով, պարթեւահասակ, բարեհամբույր եւ ընկերական Նեմանյա Դրագաշը (ծնված 1992 թվականին, Բելգրադում) մրցանակների արժանացած սերբ բանաստեղծ է, թատերական գործիչ, նորաձեւության դիզայներ եւ ստեղծագործական նախագծերի ղեկավար: Նա իր սերնդի ամենաճանաչված բանաստեղծներից է: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Չեռնոգորիայի Պլեւլյա քաղաքում: 2012-ին դարձել է Սերբիայի գրողների միության ամենաերիտասարդ անդամը: Ավարտել է Բելգրադի արվեստների ակադեմիան, որտեղ ստացել է ավարտական կուրսի լավագույն ուսանողին տրվող Վիդովդանի մրցանակը: Այնուհետեւ ասպիրանտական ուսումնառությունն ավարտել է Բելգրադի դրամատիկական արվեստների ֆակուլտետում՝ դրամատիկական արվեստի եւ մեդիայի տեսություն մասնագիտացմամբ:
Դրագաշը հրատարակել է բանաստեղծությունների յոթ ժողովածու՝ «Խոստացված տիեզերք» (Բրանկո Մարչետայի անվան գրական մրցանակ), «Ժամերով շղթայված», «Մորֆիում», «Հակամարմիններ», «Էգո-մանեկեններ» եւ այլն: 2020 թվականին դարձել է Միլուտին Բոյիչի անվան մրցանակի դափնեկիր: Բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Գրական գործունեությանը զուգահեռ՝ Դրագաշն աշխատել է նաեւ թատրոնի եւ կինոարտադրության ոլորտներում:
–Սիրելի՛ Նեմանյա, քո բազմակողմանի գործունեությունն ընդգրկում է ե՛ւ արվեստ, ե՛ւ գիտություն: Ինչպե՞ս ես կարողանում հավասարակշռություն գտնել դրանց միջեւ:
-Երկուսի հիմքում էլ ընկած է ապրող ամենայնի հանդեպ սերը, հասակ առնելու, ոգու եւ մարմնի հանդեպ սերը: Հավասարակշռությունն այն խաչմերուկն է, որտեղ հանդիպում են արվեստն ու գիտությունը՝ փոխանակելով իրենց իմացություններն ու պատկերացումները մարդկային էության մասին: Ինձ հրապուրում է այդ հատումը, քանի որ այն բազմաթիվ հարցեր է առաջադրում՝ միաժամանակ առաջարկելով բազմաթիվ պատասխաններ: Ինձ դուր է գալիս լինել այդ փոխանակման մասնակիցը, ներդնել իմ սեփական ավանդը՝ միաժամանակ հաղորդելով այն ամենը, ինչ արդեն ստեղծվել ու կուտակվել է մեզնից առաջ, եւ զարգացնելով այն:
–Ե՞րբ սկսվեց քո ծանոթությունը հայերին եւ հայ մշակույթին:
-Գրեթե մեկ տասնամյակ առաջ: Դա այն հազվագյուտ սերերից է, որը նաեւ դաս է տալիս մարդկայնության, ծագման եւ ծաղկման մասին: Սփյուռքում ապրող հայերի հետ հաստատած հրաշալի բարեկամական կապերն ու Երեւանի՝ այդ արտասովոր քաղաքի մասին պատմություններն ի վերջո ինձ տարան այնտեղ: Երբեք չէի պատկերացնի, որ այնտեղ ինձ այդքան խորապես կզգամ ինչպես տանը, կամ որ նորից ու նորից կվերադառնամ՝ ինչպես մոր գիրկը: Այդպիսին է Հայաստանի առաջարկած սերը՝ անվերապահ, բանաստեղծական, արժանապատիվ եւ անսասան: Ճիշտ Արարատի պես:
-Հաճախ ասում են, որ հայերն ու սերբերը շատ ընդհանրություններ ունեն: Համաձա՞յն ես: Եթե այո, ապա ի՞նչ նմանություններ ես տեսնում:
-Ճիշտ է: Բնավորությամբ երկու ժողովուրդներն էլ ջերմ են եւ խոր հարգանք են տածում հյուրերի, ընկերների ու ընտանիքի հանդեպ: Ուրիշների կարեւորությունը միշտ իրենց սրտին մոտ է: Մի կողմից՝ մեր խոհանոցի, մշակույթի ու արվեստի գեղեցկությունը, մյուս կողմից՝ պատմության ծանրությունը, չապաքինված վերքերն ու կենդանի հիշողությունները եւս մեկ խորը կապ են ստեղծում մեր միջեւ: Հիշեմ նաեւ մեր հավատը, պայքարներն ու հույսերը: Մենք նույն նռան հատիկների պես ենք՝ իրարից անջատված, բայց երբեք իսկապես ոչ հեռու: Նույն գույնը, նույն համը: Եվ, չնայած ամեն ինչին, կյանքը շարունակում է մեր միջից ծնվող երգի պես:

–Մենք առաջին անգամ հանդիպեցինք 2022-ին, երբ մասնակցում էիր Երեւանում ընթացող «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Դրանից հետո մի քանի անգամ այցելել ես Հայաստան: Ի՞նչ կապ ունեիր այդ մրցույթի հետ, եւ ի՞նչն է քեզ դարձյալ բերել Հայաստան հետագա տարիներին:
-Հայաստանի հետ իմ պատմությունն արտասովոր է: 2022 թվականին իմ ազգականներից մեկը Երեւանում ներկայացնում էր Սերբիան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, եւ մենք միասին հայերեն երգեր էինք սովորում: Երբ ժամանեցի Երեւան, սիրահարվեցի թե՛ քաղաքին, թե՛ հայկական տարազին: Հասկացա, որ պետք է վերադառնամ: Եվ վերադարձա:
Հաջորդ տարի կրկին եկա՝ որպես «Մշակույթը շարժում է Եվրոպան» դրամաշնորհի շահառու, եւ մի քանի շաբաթ անցկացրի «Տերյան» մշակութային կենտրոնում՝ ուսումնասիրելով հայկական ավանդույթները, բանահյուսությունը, զարդանախշերը, հագուստի պատրաստման տեխնիկան եւ այն, թե ինչպես է անցյալը շարունակում ձեւավորել ժամանակակից հայկական նորաձեւությունը: Դրանից հետո վերադարձա որպես «Տարազ Ֆեստ» հագուստի փառատոնի հյուր, իսկ այս տարի՝ որպես դիզայներ՝ Հաղթանակի զբոսայգում անցկացվող «Անցյալի ապագան» փառատոնում ներկայացնելով իմ ապրանքանիշը:
-Իսկ ինչպե՞ս ես բնութագրում եւ գնահատում բարձր նորաձեւության ոլորտը Հայաստանում:
-Հայկական նորաձեւությունը ոգեշնչման իսկական աղբյուր է: Ավանդական տարազից մինչեւ ժամանակակից հագուստ՝ ստեղծագործական մոտեցումների արտասովոր միահյուսում կա: Դրանք երկխոսություն են բացում անցյալի հետ, ուսումնասիրում շարժվող մարմնի ազատությունը եւ գործվածքի ու ձեւի բանաստեղծական մեկնաբանություններ են առաջարկում: Աշխարհում տարածված միտումներին հետեւող ավելի սովորական ձեւաչափերին զուգահեռ՝ Երեւանում ես նկատում եմ հատկապես ամուր կապ բանահյուսության եւ մշակութային ժառանգության հետ: Այդ հակադրությունն էլ մեծ գեղեցկության աղբյուր է:
-Սերբ մի շարք գրողներ գրել են Հայաստանի եւ հայերի մասին: Ի՞նչ ես կարծում, մի օր դու նո՞ւյնպես կգրես Հայաստանին նվիրված որեւէ գործ:
-Անշո՛ւշտ: Հայաստանում ժամանակ անցկացնելը նման է արարչագործության ծառից թարմ պտուղներ քաղելուն: Ինչ-որ կերպ միշտ հայտնվում է համեղ կոմպոտ պատրաստելու նոր բաղադրատոմս: Իսկ բոլորը գիտեն, թե որքան եմ սիրում Երեւանի կոմպոտը: Ինձ համար դա նաեւ մանկության հետ կապ է:
Բանաստեղծները միշտ գրում են գեղեցկության մասին, նույնիսկ երբ այն նկարագրելու համար այլ բառեր են օգտագործում: Որովհետեւ գեղեցկությունը սիրո աղբյուր է, ինչպես որ Երեւանն իմ կյանքում բազում գեղեցիկ պահերի աղբյուր է դարձել:
–Ունե՞ս առաջիկայում Հայաստանի հետ կապված գեղարվեստական ծրագրեր կամ համագործակցություններ:
-Իհա՛րկե: Հայաստանն արդեն դարձել է իմ ստեղծագործական ճանապարհի մի մասը: Այստեղ անցկացրած ժամանակից հետո հիմնադրեցի իմ ապրանքանիշը, եւ իմ առաջին իսկ նորաձեւության ցուցադրությունը տեղի ունեցավ Երեւանում:
Նախընտրում եմ նոր նախագծերի մասին չհայտարարել, քանի դեռ դրանք վերջնական տեսք չեն ստացել, բայց վստահ եմ, որ Դրագաշ-ջանը դեռ շատ անգամներ կվերադառնա Երեւան եւ կշարունակի վայելել Կասկադի գագաթից բացվող իր սիրելի տեսարանը: Դեկտեմբերից Բելգրադ-Երեւան ուղիղ չվերթը մեզ է՛լ ավելի կմոտեցնի՝ նոր հանդիպումներին սպասելու ավելի շատ առիթներ տալով…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ