Հատակին նստած կինը, կողքին՝ տղամարդը, որը նրան կոպտորեն վիրավորում ու ակնհայտ ագրեսիվ վարք է դրսևորում։ Հանրային տրանսպորտում նկարահանված այս տեսանյութը սոցիալական ցանցերում արագ տարածվեց և լայն արձագանք ստացավ։ Միջադեպին հետևեց ոստիկանության միջամտությունը, իսկ քննարկումը ծավալվեց արդեն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր մեխանիզմների շուրջ։
Բռնության այս դրսևորումը հանրային տարածքում էր, բայց խնդիրը միայն մեկ տեսանյութով չի սահմանափակվում։ Ի՞նչ կարող է փոխվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման ու քննության հարցում, և ի՞նչ պատկեր են ցույց տալիս պաշտոնական թվերը։
Երևանի հասարակական տրանսպորտում նկարահանված և համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը հատակին նստած կնոջ նկատմամբ կոպիտ ու նվաստացուցիչ վարք դրսևորում, վիրավորում նրան։ Ավելի ուշ միջամտում է մեկ այլ ուղևոր, և նրանց միջև լեզվակռիվ է սկսվում։ Իրավիճակն այնքան տհաճ է, որ եթերին հարիր չէ դրանից հատված ներկայացնելը։
Դեպքին արձագանքել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնելով՝
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»։
Միջադեպը քննարկումների առիթ է դարձել նաև քաղաքական շրջանակներում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալի Սինորյանը դատապարտել է կնոջ նկատմամբ հրապարակային նվաստացումն ու վիրավորանքները՝ ընդգծելով, որ նման վերաբերմունքը հասարակության կողմից չպետք է ընկալվի որպես բնական։
«Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ հանրային տրանսպորտում երիտասարդ տղամարդը հրապարակայնորեն նվաստացնում և վիրավորում էր իր կնոջը։ Կինը ճնշված լռում էր։
Տարիներ շարունակ նման վերաբերմունքը մեր հասարակության կողմից հաճախ բնականոն է համարվել։ Սակայն ցանկացած վատ երևույթ բնական համարելը կարող է մեծ ողբերգությունների պատճառ դառնալ։ Այսօրվա դեպքը և հազարավոր նմանատիպ դեպքերը, որոնց մասին գուցե երբեք էլ չենք իմանում, դատապարտելի են։ Մենք պետք է կիրառենք օրենսդրական բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին պաշտպանելու համար։
Բռնությունը մեր հասարակության մեջ չպետք է տեղ ունենա»։
Ընտանեկան բռնության դեմ պայքարին միտված նախագիծն արդեն Ազգային ժողովում է և առաջարկում է չորս առանցքային փոփոխություն՝ ընտանեկան և կենցաղային բռնությունը Քրեական օրենսգրքում սահմանել որպես առանձին հանցակազմ, խստացնել պատասխանատվությունը, հրաժարվել նախազգուշացման մեխանիզմից և բռնության դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի գործեր։
Նախագծով նախատեսվում է նաև բռնարարի մեկուսացումը՝ որպես պաշտպանության առաջնահերթ միջոց, ոստիկանների համար մարմնին ամրացվող տեսախցիկների պարտադիր կիրառում, ինչպես նաև բռնարարների մասնակցությունը վերականգնողական ծրագրերին։
Օրեր առաջ ընտանեկան բռնության թեմային անդրադարձել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ընդգծելով բռնության մասին բարձրաձայնելու և տուժածներին աջակցելու կարևորությունը։
«Ամոթ չէ խոսել ընտանեկան բռնության մասին, ամոթ չէ դիմել օգնության և աջակցության համար, ամոթ չէ զանգել ոստիկանություն և հայտնել բռնության դեպքի մասին։ Ամոթ է արդարացնել բռնությունը և մեղադրել զոհին»։
Բաթոյանը հորդորել է բռնության ենթարկված անձանց չլռել և դիմել օգնության՝ հրապարակելով թեժ գծի հեռախոսահամարը։
«Ուզում եմ նաև թեժ գծի հեռախոսահամարը տրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր դրա կարիքը կունենան՝ 099 88 78 08»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ընտանեկան բռնության դեպքերում հաճախ տուժածներին հորդորում են հաշտվել՝ այդպիսով նրանց վերադարձնելով նույն իրավիճակին և ստեղծելով տպավորություն, թե պետությունն էլ է նրանց մենակ թողնում։
«Հիմա համակարգը ո՞նց է աշխատում։ Դեպքը տեղի է ունենում, և հիմնականում, բնականաբար, զոհին ասում են՝ դե հաշտվի, հաշտվի, հաշտվի։ Մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ տանը կարող են ոտքերից կախել, ծեծել, ծեծի արդյունքում ողնաշարը ջարդել և այլն։ Այսինքն՝ հասկանում ենք, որ այստեղ ուրիշ մեթոդներ են պետք։ Իսկ այդ ուրիշ մեթոդը, որքան հասկանում եմ, նախաձեռնության հեղինակների ցանկությամբ, այն չէ, որ այս դեպքերը տեղի ունենան, հետո մեր իրավապահները տանեն ու պատժեն»։
Թեև հանրային տարածքում տեղի ունեցած միջադեպը տեսանելի է դարձել հազարավոր մարդկանց, ընտանեկան և կենցաղային բռնության բազմաթիվ դեպքեր մնում են փակ դռների հետևում։
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ ոստիկանությունը 1375 հաղորդում է ստացել։ Դրանցից 961-ի դեպքում ոստիկանությունը անհետաձգելի միջամտության որոշում է կայացրել, իսկ 325-ի դեպքում՝ նախազգուշացում։
Այս ընթացքում հաշվառման է վերցվել բռնություն գործադրած 1155 անձ, իսկ ոստիկանության հաշվառման մեջ այժմ ընդհանուր առմամբ 2343 անձ է գտնվում։
Թվերը ցույց են տալիս խնդրի մասշտաբը, սակայն բռնության դեմ պայքարի արդյունավետությունը միայն արձանագրված դեպքերի քանակով չի որոշվում։ Նոր օրենսդրական նախաձեռնությունների առանցքում հենց այն հարցն է՝ ինչ մեխանիզմներով կանխել բռնությունը, պաշտպանել տուժածին և պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրողին։