Օրերս Պետական եկամուտներ կոմիտեն հայտարարեց Հայտարարատուների նոր ռեեստրի գործարկման մասին։ Ռեեստրը ունի մի շարք նոր հնարավորություններ, որոնք բացակայում էին նախորդ տարբերակում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հայտարարատուների ռեեստրն ապահովում է հետևյալ նոր հնարավորությունները.
- Ընտանեկան կապերի միասնական դիտում. Առանց տարբեր հայտարարագրերում առանձին անհատական որոնումներ կատարելու՝ հնարավոր է տեսնել պաշտոնատար անձի և օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների (ամուսին, անչափահաս զավակներ, համատեղ բնակվող չափահաս անձ) տվյալներն ու կապերը, այդ թվում՝ առանձին բաժնով պաշտոնատար անձի ընտանիքի նախկին կազմի վերաբերյալ։
- Հայտարարագրերի ամբողջական պատմություն. Մեկ էջում ներկայացվում են տվյալ անձի տարբեր տարիների հայտարարագրերը՝ ըստ տարեթվերի, տեսակների, զբաղեցրած պաշտոնների, մարմինների անվանումների և ներկայացման ամսաթվերի՝ զտման ու տեսակավորման հարմար գործիքներով։
ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայտարարատուների ռեեստրի համար մշակվել է նաև Open API՝ բաց ծրագրային ինտերֆեյս, որը հնարավորություն է տալիս ռեեստրում հրապարակված տվյալներին հասանելիություն ստանալ ծրագրային եղանակով։