Սնանկության և վարչական գործերով էլեկտրոնային համակարգերի սպասարկմանն ու բարելավմանը 67.5 մլն դրամ կհատկացվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության հանրային քննարկման ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 135 մլն դրամ ուղղել վարչական և սնանկության դատավարությունների էլեկտրոնային համակարգերի սպասարկմանն ու բարելավմանը։

Նախագծով նախատեսվում է ձեռք բերել երկու համակարգերի հետերաշխիքային սպասարկման ծառայություններ, ինչպես նաև բարելավել սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգը՝ այն նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։

Ծառայությունների ընդհանուր արժեքը կկազմի 135 մլն դրամ, որից 2026 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար նախատեսվում է 22.5 մլն դրամ՝ երկու համակարգերի սպասարկման նպատակով, իսկ սնանկության դատավարության համակարգի բարելավման համար՝ 45 մլն դրամ։

Ինչի՞ համար է անհրաժեշտ 135 մլն դրամը

Արդարադատության նախարարության պատվերով մշակվել և ներդրվել են վարչական և սնանկության դատավարությունների էլեկտրոնային համակարգերը։ Դրանց միջոցով իրականացվում են դատավարական փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը, ստացումը և շրջանառությունը, ինչպես նաև դատավարական այլ գործողություններ։

Համակարգերի մշակման պայմանագրերով նախատեսված երաշխիքային սպասարկման ժամկետներն ավարտվել են, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել հետերաշխիքային սպասարկման ծառայություններ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սպասարկման բացակայությունը կարող է հանգեցնել համակարգերի աշխատանքի ընդհատումների, դատավարական փաստաթղթերի ներկայացման կամ ստացման խնդիրների, դատավարական ժամկետների պահպանման դժվարությունների, ինչպես նաև տվյալների ամբողջականության և տեղեկատվական անվտանգության ռիսկերի։

Բացի այդ, անհրաժեշտ է սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգը համապատասխանեցնել 2026 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ ՀՀ սնանկության օրենսգրքի նոր կարգավորումներին։

Ինչպե՞ս կբաշխվի գումարը

Նախագծով նախատեսվող ծառայությունների արժեքը կազմում է՝

  • 45 մլն դրամ՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի հետերաշխիքային սպասարկման համար,
  • 45 մլն դրամ՝ սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգի հետերաշխիքային սպասարկման համար,
  • 45 մլն դրամ՝ սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգի բարելավման համար։

Երկու համակարգերի սպասարկման ծառայությունների համար 2026 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 22.5 մլն դրամ՝ յուրաքանչյուր համակարգի համար 11.25 մլն դրամ։

Մնացած գումարները նախատեսված են համապատասխան ծառայությունների ձեռքբերման համար՝ սահմանված պայմանագրային ժամկետների շրջանակում։

Ո՞վ կիրականացնի աշխատանքները

Նախագծով նախատեսվում է ծառայությունները ձեռք բերել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամից՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Հիմնավորման համաձայն՝ այս մոտեցումը պայմանավորված է գործող համակարգերի ծրագրային ճարտարապետության, տվյալների կառուցվածքների և փոխկապակցված բաղադրիչների առանձնահատկություններով։ Այլ կազմակերպության կողմից աշխատանքների իրականացումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է առաջացնել տեխնիկական անհամատեղելիության և համակարգերի անխափան աշխատանքի խաթարման ռիսկեր։

Աշխատանքների շրջանակը տարանջատված է նաև «UNICOURT» ծրագրից, որի նպատակն է դատարանների համար միասնական բազային ծրագրային մոդուլների և էլեկտրոնային քրեական դատավարության համակարգի մշակումը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում սնանկության գործերով էլեկտրոնային համակարգում

Սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգը նախատեսվում է բարելավել՝ այն նոր օրենսգրքով սահմանված իրավական պահանջներին և դրանցից բխող գործընթացներին համապատասխանեցնելու համար։

Նախագծով նախատեսվում է նաև ապահովել համակարգերի համապատասխանությունը գործող իրավական ու տեխնիկական պահանջներին, այդ թվում՝ «Հենակետ» ստանդարտին, ինչպես նաև դրանց միացումը ADEL պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին։

Նշված միջոցառումները, ըստ հիմնավորման, ուղղված են համակարգերի կայուն աշխատանքի և տեխնիկական շարունակականության ապահովմանը։

Գումարը կվերաբաշխվի պետական բյուջեի շրջանակում

Նախագծով առաջարկվում է պետական բյուջեի համապատասխան միջոցների վերաբաշխման միջոցով Արդարադատության նախարարությանը հատկացնել 45 մլն դրամ՝ սնանկության դատավարության համակարգի բարելավման, և 22.5 մլն դրամ՝ երկու համակարգերի 2026 թվականի վերջին եռամսյակի սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջանա, իսկ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և առնչվում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ էլեկտրոնային արդարադատության ներդրման աշխատանքներին։

Leave a Comment