Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից և վերադարձել Վատիկան՝ թոքի վիրահատությունից չորս օր անց, հայտնում է Vatican News-ը։
Պապի անձնական բժիշկ Լուիջի Կարբոնեն և հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ստեֆանո Մարգարիտորան դուրս գրելու որոշումը կայացրել են առավոտյան կատարված արյան քննության, կրծքավանդակի ռենտգեն հետազոտության և ընդհանուր վիճակի գնահատման արդյունքներով։
Պապը վիրահատվել է հոկտեմբերի 13-ին։ Բժիշկները հեռացրել են նրա աջ թոքի ստորին բիլթը, իսկ հեռացված հյուսվածքի հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված տեսակը։ Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, գրում է Reuters-ը։
Սկզբում նախատեսվում էր, որ պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ, սակայն ապաքինման ընթացքը բժիշկներին թույլ է տվել նրան ավելի վաղ դուրս գրել։ Հիվանդանոցում նա սկսել է շնչառական վերականգնողական վարժություններ և աստիճանաբար վերադարձել առօրյա աշխատանքին, տեղեկացնում է Catholic News Service-ը։
Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է, որ պապը դուրս գրվելուց հետո, ելնելով ինքնազգացողությունից, կորոշի՝ պահպանել, թե չեղարկել իր առաջիկա այցերը։
Վատիկանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պապը հոկտեմբերի 18-ին Առաքելական պալատի պատուհանից կկատարի կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքը։
