Օտարերկրացիների համար աշխատանքային մուտքի վիզա կներդրվի․ ինչ կփոխվի նոյեմբերի 1-ից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության հանրային քննարկման ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկվում է սահմանել աշխատանքային մուտքի վիզայի տրամադրման կարգ և հնարավորություն տալ Հայաստանում գտնվող օտարերկրացիներին փոխել մուտքի վիզայի նպատակը՝ առանց երկրից դուրս գալու։

Նախագծերը պայմանավորված են «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի նոյեմբերի 1-ից։ Առաջարկվող կարգավորումներով աշխատանքային մուտքի վիզան կդառնա մուտքի վիզայի առանձին տեսակ, իսկ աշխատանքի նպատակով Հայաստան ժամանող օտարերկրացիների համար կսահմանվի դրա ստացման միասնական կարգ։

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն և 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշումներում։

Աշխատանքային մուտքի վիզա կտրամադրվի առանձին կարգով

Նախագծով առաջարկվում է աշխատանքային մուտքի վիզան առանձնացնել այցելության այլ նպատակներով տրամադրվող վիզաներից՝ սահմանելով առանձին՝ Գ/W-1 կոդը։

Ներկայումս աշխատանքի նպատակով այցը գործարար և տնտեսական այցերի հետ միասին ներառված է Ա/V-7 կոդով դասակարգման մեջ։ Առաջարկվող փոփոխությամբ աշխատանքը կհանվի այցելության մուտքի վիզայի տրամադրման նպատակների ցանկից և կկարգավորվի որպես առանձին տեսակ։

Աշխատանքային մուտքի վիզան կտրամադրի ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ E-VISA համակարգի միջոցով։

Վիզա ստանալու համար որպես հիմք նախատեսվում է ներկայացնել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկանքը կամ մինչև 120 օր կարճաժամկետ աշխատանք իրականացնելու համար գործատուի պարտավորագիրը։

Եթե օտարերկրացին արդեն ստացել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ, իսկ աշխատանքային մուտքի վիզան անհրաժեշտ է միայն կացության քարտն ստանալու համար, նա էլեկտրոնային միասնական հարթակից կուղղորդվի E-VISA համակարգ՝ դիմում ներկայացնելու նպատակով։

Նախագծի համաձայն՝ քանի որ աշխատանքի իրավական հիմքն արդեն ստուգված կլինի կացության կարգավիճակի տրամադրման գործընթացում, վիզայի տրամադրման փուլում կստուգվեն միայն անձնական տվյալները՝ բացառելով աշխատանքի իրավական հիմքի կրկնակի ուսումնասիրությունը։

Հնարավոր կլինի փոխել մուտքի վիզայի նպատակը՝ առանց Հայաստանից դուրս գալու

Նախագծով առաջարկվում է Հայաստանում այլ նպատակով տրված մուտքի վիզայով գտնվող օտարերկրացիներին հնարավորություն տալ փոխելու դրա նպատակը, եթե նրանք ցանկանում են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմել։

Այս դեպքում օտարերկրացին ստիպված չի լինի դուրս գալ Հայաստանից և կրկին մուտք գործել երկիր։ Գործող վիզայի փոխարեն կտրամադրվի նոր՝ աշխատանքային մուտքի վիզա։

Նոր վիզան կտրամադրվի գործող վիզայի վավերականության չօգտագործված ժամանակահատվածի համար, սակայն առավելագույնը՝ 120 օր ժամկետով։ Դրա տրամադրման դեպքում նախկին մուտքի վիզան ուժը կկորցնի։

Առանց վիզայի Հայաստան այցելելու հնարավորությունը չի տարածվի աշխատանքի նպատակով մուտքի վրա

Երկրորդ նախագծով առաջարկվում է հստակեցնել առանց մուտքի վիզայի Հայաստան այցելելու գործող ռեժիմի և նոր աշխատանքային մուտքի վիզայի փոխհարաբերությունը։

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշմամբ առանց մուտքի վիզայի Հայաստան այցելելու հնարավորություն է սահմանվել Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև ԱՄՆ-ում, Եվրամիության անդամ պետություններում, Շենգենյան գոտու երկրներում և Պարսից ծոցի մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այդ ռեժիմը չի տարածվի աշխատանքային մուտքի վիզայի տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա։

Այսինքն՝ նշված անձինք կշարունակեն առանց մուտքի վիզայի այցելել Հայաստան՝ սահմանված պայմաններին համապատասխան, սակայն աշխատանքի նպատակով Հայաստան ժամանելու դեպքում պետք է ստանան աշխատանքային մուտքի վիզա։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը նպատակ ունի բացառել այն իրավիճակները, երբ օտարերկրացիներն առանց աշխատանքային մուտքի վիզայի Հայաստան մուտք գործելով՝ շրջանցում են աշխատանքի իրավական հիմքի ստուգման ընթացակարգը։

Նպատակը՝ աշխատանքային միգրացիայի կարգավորումների միասնականացումն է

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել աշխատանքային գործունեության նպատակով Հայաստան ժամանող օտարերկրացիների մուտքի կարգավորումները, բարձրացնել աշխատանքային միգրացիայի կառավարման արդյունավետությունը և բարելավել պետական ծառայությունների մատուցումը։

Աշխատանքային մուտքի վիզայի առանձին կոդավորումը կնպաստի աշխատանքային միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման և հավաստիության բարելավմանը, ինչպես նաև սահմանային ու միգրացիոն հսկողության արդյունավետության բարձրացմանը։

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով գործընթացների կազմակերպումը և աշխատանքի իրավական հիմքի կրկնակի ուսումնասիրությունից խուսափելը կարող են նպաստել վարչարարության պարզեցմանը և ծառայությունների մատուցման արագացմանը։

Պետական բյուջեի ծախսերի փոփոխություն չի նախատեսվում

Նախագծերի հիմնավորումների համաձայն՝ դրանց ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի։

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Դրանց ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել աշխատանքային մուտքի վիզայի նոր ինստիտուտի կիրառումը և գործող կարգավորումները համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

Leave a Comment