Հանքարդյունաբերության հնարավորություններից մինչև ներդրումների պայմաններ․ Mining Armenia Forum-ն ամփոփում է ոլորտի մարտահրավերները

Հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում շարունակվել է Mining Armenia Forum 2026-ը։ Համաժողովի երկրորդ օրը քննարկումների առանցքում եղել են  հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող գործնական հարցեր՝ ինչպես ներգրավել ներդրումներ, բարելավել ոլորտի կարգավորումները և հավասարակշռել բնապահպանական ու տնտեսական շահերը։ Երկօրյա քննարկումների հիմնական ուղերձները՝ Արևիկ Կիրակոսյանի և Ալբերտ Ավետիսյանի ռեպորտաժում։

Հանքարդյունաբերության ապագան այսօր որոշվում է ոչ միայն նրանով, թե ինչ պաշարներ ունի երկիրը, այլև, թե որքանով է կարողանում դրանք արդյունավետ ու պատասխանատու օգտագործել։ Հոկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանում երրորդ անգամ անցկացվող Mining Armenia Forum-ի շրջանակում մասնագետները ոլորտի խնդիրները քննարկում են համաշխարհային պահանջարկի, ներդրումային մրցակցության և կայուն զարգացման համատեքստում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության և հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների բաց երկխոսությունը և հնարավորությունները համատեղ գնահատելու անհրաժեշտությունը։

«Ըստ էության, սա թափանցիկ երկխոսություն է։ Ես ընդհանրապես թափանցիկության դերը կուզենայի, որ չթերագնահատենք, որովհետև բաց խոսել խնդիրների մասին և արձանագրել հնարավորությունը, դա շատ կարևոր է»։

Վարչապետը կարևորում է համատեղ մարմին ստեղծելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ գաղափարը քննարկվել էր դեռ նախորդ տարի՝ Ջերմուկում անցկացված գործարար աշխատաժողովի ժամանակ, իսկ այժմ դրա իրականացման ուղղությամբ քայլ է արվել փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Հանքային պաշարների օգտագործման տնտեսական հնարավորություններին զուգահեռ՝ ոլորտի համար առանցքային է նաև բնապահպանական պատասխանատվությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ բնական ռեսուրսը կարող է ռիսկ դառնալ, եթե այն կառավարելու համար բավարար գիտելիք և համապատասխան մոտեցումներ չկան։

«Հանածոն, ռեսուրսը երբեմն կարող է առանց գիտելիքի նույնիսկ սպառնալիք լինել պետության համար, և մեր խնդիրն է համատեղ ջանքերով կարողանալ ոչ միայն կառավարել այդ սպառնալիքը, այլև այն դարձնել հնարավորություն, հաջողություն միջոց տնտեսության կայուն զարգացման երկարաժամկետ զարգացման համար։ Էն տրամաբանության մեջ, որ ընդերքօգտագործումը երբեք չխանգարի բնությանը, չխանգարի կենսաբազմազանությանը, ինչը, կարծում եմ, մարտահրավեր, բայց նաև լավ հնարավորություն է»,-ասում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ համաշխարհային շուկայում Հայաստանի համար մեծ հնարավորություններ կան։

«Պղնձի և կրիտիկական մետաղների պակաս չկա ընդերքում, կա պակաս երկրների, որոնք պատրաստ են կայուն ձևով շահագործել և ապահովել համաշխարհային տնտեսությունն այդ մետաղներով։ Հայաստանը պետք է իր ուրույն տեղը գրավի համաշխարհային շուկայում իր պատասխանատու հանքարդյունաբերությամբ»։

«Resourcing Tomorrow» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքից «Ռադիոլուրը» հետաքրքվել է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման և մարտահրավերները լուծելու հնարավորություններով։ Նրա գնահատմամբ՝ տնտեսության մեջ ոլորտի նշանակությունը մեծացնելու համար կարևոր է ներդրողների ու համայնքների միջև վստահության ձևավորումը։

«Հայաստանի ՀՆԱ-ի 5 տոկոսն այժմ ապահովում է հանքարդյունաբերությունը, և կա հստակ ճանապարհային քարտեզ՝ այդ ցուցանիշը 5-ից 10 տոկոսի հասցնելու համար։ Ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Եթե շահեք տեղի բնակիչների և համայնքների վստահությունը, ծրագրերը կզարգանան, և Հայաստանը հաջողության պատմություն կունենա»։

Համայնքների հետ հարաբերությունների հարցը միայն հաղորդակցության խնդիր չէ․ այն կարող է ուղղակիորեն ազդել ծրագրերի իրականացման վրա։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ օրենսդրությունը պետք է ավելի ճկուն դարձնել, այդ թվում՝ վերանայել համայնքային լսումների դերը։ Նա կարծում է, որ բնակիչների դիրքորոշումը որոշ դեպքերում չպետք է դառնա ներդրումային ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոն։

«Համայնքի բնակչությունը կարող է ապատեղեկացված լինել, կարող են ինչ-որ հանգամանքներ գործի դրված լինեն և միայն այդ պատճառով բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիրը, որը կարող է երկրին օգուտներ բերել, վտանգի տակ դնելը, անթույլատրելի շռայլություն է»։

Այս խնդիրն արտացոլում է ոլորտի զարգացման շուրջ առկա կարևոր հակադրություններից մեկը․ մի կողմից՝ ներդրումների և տնտեսական աճի ակնկալիքն է, մյուս կողմից՝ համայնքի շահերի ու շրջակա միջավայրի պաշտպանության ու ծրագրերի նկատմամբ հանրային վստահության խնդիրը։ Մասագետները համոոզված են, որ հանքարդյունաբերության կայուն զարգացումը ենթադրում է շահերի համադրում, և ոչ թե դրանցից մեկի անտեսում։

«Mining Armenia Forum 2026»-ը համախմբել է հայաստանյան ու միջազգային մասնագետների, ներդրողների և պետական պաշտոնյաների։ Երկօրյա քննարկումների առանցքում Հայաստանի հանքային ներուժը երկարաժամկետ տնտեսական արդյունքի վերածելու հարցն է՝ պատասխանատու կառավարման, ներդրումների և համայնքների վստահության միջոցով։

Leave a Comment