COP17-ին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակներն ու պաշտոնյաներն այսօր տարբեր ձևաչափերով հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել։ Պաշտոնական օրակարգն ուղեկցվել է մշակութային այցելություններով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար, հյուրերի մի մասը՝ Թումո կնետրոն, իսկ Երևանի պետական համալսարանում հավաքվել են բնապահպանական խնդիրներով հետաքրքված երիտասարդները։
Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ միջազգային համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին։ Ավելի քան 10 օր շուրջ 10 հազար մասնակից Երևանում կքննարկի մոլորակի բնապահպանական կարևոր մարտահրավերները
COP17-ին ընդառաջ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը, որին մասնակցում է 16-ից 35 տարեկան շուրջ 400 երիտասարդ պատվիրակ․ 150-ը՝ Հայաստանից, 250-ը՝ արտերկրից։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի խոսքով՝ երիտասարդները հավաքվել են Երևանում՝ շփվելու, գաղափարներ փոխանակելու և ուժեղացնելու իրենց միասնական ձայնը՝ ի պաշտպանություն բնության ու կենսաբազմազանության։
«Երիտասարդները փոփոխությունների կարևոր շարժիչ ուժ են COP17-ի շրջանակում քննարկվող բոլոր հարցերի համատեքստում։ Նրանք արդեն իսկ արժեքավոր ներդրում են ունենում կենսաբազմազանության պահպանմանն ու դրա կայուն օգտագործմանն ուղղված իրենց հանձնառությունների իրականացման գործում»։
Ի դեպ, COP17 -ի կանաչ գոտում ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը և գործընկեր ևս 16 բուհեր կազմակերպելու են 40 միջոցառում։
COP17-ի նախամեկնարկը տրվեց «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովով, որը Երևանում էր միավորել մի քանի տասնյակ ղեկավարների ու միջազգային բարձրաստիճան հյուրերի։ Քննարկմանը Հայաստանի վարչապետը շեշտել էր՝ երևանյան համաժողովի խնդիրը նոր խոստումներ ձևակերպելը չէ։
«Մեր խնդիրն արդեն իսկ ստանձնած պարտավորությունները իրական գործողության վերածելն է։ Կենսաբազմազանության հարցերով COP-17 համաժողովը լավ հնարավորություն է, որ մենք հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է աջակցել այս հնարավորությանը»։
Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական խնդիրները չեն ճանաչում պետական սահմաններ, և դրանց լուծումը պահանջում է համատեղ ջանքեր։ Նրա գնահատմամբ՝ խաղաղությունն ու բնապահպանական համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել նաև տարածաշրջանի երկրների միջև։
Համանման ուղերձն էր հնչեցրել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ շեշտելով, որ բնությունը պաշտպանելու համար հայտարարությունները բավարար չեն․ անհրաժեշտ են ֆինանսավորում, միջազգային համագործակցություն և անհապաղ գործողություններ։
«Հարավային Կովկասի այս բնապատկերն է հիշեցնում, թե ինչու ենք մենք այստեղ։ Գետերը, ջուրը, օդը, հողը՝ բոլորը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս։ Ավելի քան մեկ միլիոն տեսակ այսօր կանգնած է ոչնչացման եզրին, և սա նշանակում է, որ մենք կարող ենք բախվել անխուսափելի հետևանքներով նոր իրականության»։
Հոկտեմբերի 19-ից բնապահպանական օրակարգը կտեղափոխվի COP17-ի աշխատանքային հարթակ։ Ավելի քան 10 օր երևանյան համաժողովի մասնակիցները կգնահատեն կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակների կատարման ընթացքն ու կքննարկեն մինչև 2030 թվականը ստանձնած պարտավորությունների իրականացումն արագացնելու ուղիները։
Օրակարգում առանձին տեղ ունեն նաև կոնկրետ էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումները։ Հոկտեմբերի 26-ին նախատեսված է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերին նվիրված հանդիպում, ինչպես նաև Երևանի հարթակի մեկնարկը։ Հոկտեմբերի 29-ին ուշադրության կենտրոնում կլինեն էկոհամակարգերի վերականգնման արդյունքները․ կհրապարակվի առաջընթացի վերաբերյալ զեկույցը և կհայտարարվեն ՄԱԿ-ի «Աշխարհի վերականգնման առաջատար նախաձեռնություններ» ծրագրի նոր մրցանակակիրները։
Քննարկումները կծավալվեն համաժողովի կանաչ և կապույտ գոտիներում։ Կապույտ գոտին, որը տեղակայված է «Մերիդիան»-ն էքսպոկենտրոնում, պաշտոնական դիվանագիտության տարածքն է, որտեղ տեղի կունենան պաշտոնական միջոցառումները, կքնննարկվեն գլխավոր փաստաթղթերը։
Կանաչ գոտին տեղակայված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ այցելուները կկարողանան ծանոթանալ բնապահպանական նախաձեռնություններին, գիտական լուծումներին, նոր տեխնոլոգիաներին և համայնքների աշխատանքին։ Ի տարբերություն կապույտ գոտու՝ կանաչ գոտի այցելելու համար պետական պատվիրակության անդամ լինելը պարտադիր չէ։