Թուրքիայի սահմանամերձ շրջանների, հատկապես Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական շրջանակները սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը։ Տեղի գործարարներն ու պաշտոնյաները համոզված են, որ սահմանների ապաշրջափակումը ոչ միայն միլիարդավոր դոլարների առևտրաշրջանառություն կապահովի, այլև հիմք հարաբերությունները վերականգնելու համար։ Հայ և թուրք լրագրողների մեդիատուրի հերթական կանգառը եղել է Դիարբեքիրը։
Թուրքիայի շրջաններից հատկապես Դիարբեքիրն է, որ ընդգծված անհամբերությամբ սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ «Եթե դա իրականություն դառնա, միայն Դիարբեքիրը Հայաստանի հետ կարող է 10 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ապահովել»,-ասում է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Քայան։ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումներում նա առաջին հերթին ընդգծում է մարդկային գործոնը։
«Դիտարկելով այս ուղղությամբ հարաբերությունների զարգացման հնարավորությունը՝ առաջին հերթին նկատի ունենք զբոսաշրջությունը։ Այս հողերը մեր պապերի ընդհանուր հողերն են եղել, և սա կարող է փոխայցելությունների հիմք դառնալ»։
Առավելապես քրդերով բնակեցված Թուրքիայի այդ շրջանում, թեև զարգացած է գյուղատնտեսությունը, բայց տեղի գործարարները հայ գործընկերներին պատրաստ են համագործակցություն առաջարկել տարբեր ոլորտներում` տեքստիլից մինչև կոսմետիկ միջոցներ, հրուշակեղենի արտադրությունից մինչև շինարարություն։
Վանի առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնապես դիմել է Թուրքիայի ղեկավարությանը` կոչ անելով հնարավորինս շուտ բացել հայ-թուրքական սահմանը։ Գործարարները համոզված են, որ սահմանի բացումից առաջին հերթին շահելու են Դիարբեքիրը, Վանը, Իգդիրը և Կարսը։ Թուրքիայի տնտեսության գոտիավորման համաձայն՝ հենց այդ շրջանների գործարարներին են հասանելի 4-րդից 6-րդ գոտիների համար նախատեսված արտոնությունները։
«Որպեսզի հարաբերությունները զարգանան, առաջին հերթին պետք է բացվեն սահմանները: Որպես կառույց՝ մեր գործընկերների հետ պետք է աշխատենք և հասկանանք, թե օրենսդրական ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, ապա դրանք ներկայացնենք մեր կառավարություններին։ Այդ շրջանակում նպատակ ունենք Հայաստան այցելություն կազմակերպել, ինչը նորից ուղղված կլինի հարաբերությունների կարգավորմանը»։
Դիարբեքիրում համոզված են, որ կարող են յուրօրինակ դարպաս դառնալ՝ Թուրքիայից ճանապարհ բացելով դեպի ԵԱՏՄ, իսկ Հայաստանից՝ Սիրիա և Իրաք։
«Երկու տարբերակ կա սահմանների բացման համար․ կամ մենք և մեր կառավարությունները, դա գիտակցելով, կբացենք սահմանը, կամ ուղղակի տնտեսական այնպիսի ճգնաժամի մեջ կհայտնվենք, որ ստիպված կլինենք բացել»։
Մեհմեթ Քայանի խոսքով՝ տարածաշրջանի երթուղիներով և հանգույցներով հետաքրքրված է նաև Չինաստանը։ Որպեսզի թույլ չտրվի չինական էքսպանսիան տարածաշրջանում, ասում է, որ հայերն ու թուրքերն իրենք պետք է համաձայնության գան՝ բիզնես-շուկաները չկորցնելու համար։
Դիարբեքիրի արդյունաբերական գոտու տնօրենների խորհրդի նախագահ Մուսթաֆա Ֆիդանը պատրաստ է բոլոր առիթներն օգտագործել հայ գործարարների հետ կապ հաստատելու և իր ղեկավարած մի քանի հարյուր ձեռնարկությունների միջոցով համագործակցություն սկսելու համար։
«Երբ ուսումնասիրում ենք ժամանակակից շատ ապրանքների արտադրությունը և դրանց պատմությունը, տեսնում ենք, որ առաջին վարպետներն ու ստեղծողները հայերն են եղել։ Տարիներ շարունակ քաղաքական գործիչները տարբեր բաներ են խոսում և տարբեր մոտեցումներ հանդես բերում, բայց այդ ամենը մենք մեզ չենք վերագրում, որովհետև մենք այն մարդիկ ենք, որոնք հենց հիմա 20 հազար հայերի հետ ապրում են այս տարածքում։ Եթե նայենք մեր արմատներին, բոլորս էլ հայերի հետ կապ ունենք, որովհետև երկար տարիներ աղջիկ ենք տվել, աղջիկ ենք առել, արյունակցական կապեր ենք հաստատել, և բոլորիս մեջ էլ հայկական արյուն կա»։
Անցյալի մասին, բայց ապագայի միտումով խոսում է նաև Դիարբեքիրի քաղաքապետ Դողան Հաթունը։
«Մտածում ենք, որ այս հանդիպումը ոչ միայն տնտեսական առումով է հարաբերություններ ստեղծելու, այլև բոլոր ոլորտներում է նպաստելու հարաբերությունների զարգացմանը։ Առանց ուրանալու այն, ինչ եղել է, ժողովուրդների միջից պետք է ուղղակի հանել անցյալի արգելքը»։
Հայ լրագրողները Դիարբեքիրում պարբերաբար լսում էին հաճախ կրկնվող այն միտքը, թե հայերը, քրդերը և թուրքերը պետք է իրար հետ ապրեն, ուստի նրանց միջև փակ սահմաններ չպետք է լինեն։