Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը

Բանկային քարտը կարող եք կորցնել ամենաանսպասելի պահին։ Նման իրավիճակում կարևոր է չխուճապի մատնվել և արագ գործել․ ճիշտ քայլերը կօգնեն կանխել քարտի միջոցով հնարավոր չարտոնված գործարքները և պաշտպանել Ձեր գումարը։

Եթե նկատել եք, որ քարտը կորցրել եք կամ այն գողացել են, մի՛ սպասեք՝ պարզելու համար՝ արդյոք որևէ գործարք կկատարվի։ Մուտք գործեք բանկի բջջային հավելված կամ առցանց բանկինգի համակարգ, ընտրեք համապատասխան քարտը և սեղմեք «Արգելափակել» կոճակը։ Եթե չունեք ինտերնետ հասանելիություն կամ չեք կարող օգտվել հավելվածից, զանգահարեք բանկի սպասարկման կենտրոն և խնդրեք անհապաղ արգելափակել քարտը։

Քարտն արգելափակելուց հետո ստուգեք հաշվի շարժը։ Եթե նկատում եք Ձեզ անծանոթ վճարում կամ փոխանցում, անմիջապես տեղեկացրեք բանկին և ճշտեք գործարքը վիճարկելու կարգը։

Եթե քարտը գողացել են կամ կասկածում եք, որ դրա տվյալները կարող էին հասանելի դառնալ այլ անձանց, դիմեք բանկին՝ քարտը վերաթողարկելու համար։ Նույնիսկ եթե հետագայում գտնեք քարտը, մի՛ շտապեք այն կրկին օգտագործել․ նախ ճշտեք բանկից՝ արդյոք այն կարելի է անվտանգ ապաարգելափակել, թե անհրաժեշտ է վերաթողարկել։

Ինչպե՞ս կանխել նման իրավիճակները։

  • Պարբերաբար համոզվեք, որ քարտը Ձեզ մոտ է, հատկապես դրամապանակը կամ պայուսակը փոխելիս։
  • PIN-կոդը մի՛ պահեք քարտի հետ միասին։
  • Ոչ ոքի մի՛ տրամադրեք քարտի PIN-կոդը, CVV/CVC անվտանգության կոդը կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։
  • Միացրեք գործարքների մասին ծանուցումները, որպեսզի ժամանակին նկատեք կասկածելի գործողությունները։
  • Ծանոթացեք բանկի առաջարկած անվտանգության գործիքներին, այդ թվում՝ քարտի օգտագործումը սահմանափակելու հնարավորություններին։

Հիշե՛ք՝ քարտի կորուստը դեռ չի նշանակում, որ կորցրել եք նաև Ձեր գումարը։ Ամենակարևորը ժամանակին արձագանքելն է՝ քարտն անհապաղ արգելափակել, ստուգել գործարքները և կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես դիմել բանկին։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment