Այսօր ուշադրության կենտրոնում բարձրագույն կրթության ապագան է և այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մեր համալսարաններին։ Կրթության ոլորտի փորձագետներն ու ուսանողները հաճախ են նշում, որ ակադեմիական ծրագրերն ու համալսարանական միջավայրը երբեմն հետ են մնում համաշխարհային տեմպերից։ Որակյալ կրթություն ստանալու համար միայն լսարանն ու գրատախտակը բավարար չեն։
Այսօրվա աշխատաշուկան էլ թելադրում է բոլորովին նոր կանոններ։ Տեսական հսկայական գիտելիքը, որը չունի կիրառական նշանակություն, այլևս չի ապահովում մրցունակություն։ Ուսանողին պետք է ճկունություն, պրակտիկա և գործատուի հետ անմիջական կապ դեռևս համալսարանական նստարանից։


Աշխարհում գիտությունը զարգանում է վայրկյանների արագությամբ, և միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններին (օրինակ՝ Scopus, Web of Science, Springer) հասանելիություն ունենալը ցանկացած լուրջ հետազոտողի համար առաջնահերթություն է։
Նաև, ասպիրանտի կամ հայցորդի հաջողության գրավականներից մեկը, արդյունավետ գիտական ղեկավարումն է։ Սակայն հաճախ լսում ենք, որ խորհրդատվության մոդելները հնացած են, իսկ ղեկավար-ասպիրանտ կապը երբեմն կրում է ձևական բնույթ՝ սահմանափակվելով միայն տարեկան հաշվետվություններով։
Բարձրագույն կրթության որակի փոփոխությունը հնարավոր չէ պատկերացնել առանց երիտասարդ գիտնականների ձայնի և գործուն քայլերի։

Ժամանակակից լաբորատորիաները, գիտական ղեկավարման արդյունավետ մոդելները և պրակտիկայի վրա հիմնված կրթությունն այլևս ցանկություն չեն, այլ հրամայական։
Իսկ երիտասարդ գիտնականների պատրաստակամությունը լինելու այդ փոփոխության շարժիչ ուժը, հույս է ներշնչում, որ համալսարանական վաղվա օրը լինելու է շատ ավելի մրցունակ։
- Ի՞նչ պետք է փոխվի մեր համալսարաններում։
- Ինչպիսի՞ կրթություն է պետք այսօրվա ուսանողին։
- Եվ կարո՞ղ են երիտասարդ հետազոտողները ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլև մասնակցել դրանց լուծմանը։
«Դպրության» տաղավարում են ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, Ուսանողության ձայնի պատասխանատու Մերի Բարսեղյանը, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առաջին կուրսի ասպիրանտ Մանե Թադևոսյանը և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկա և համակարգչային գիտություն բաժնի ուսանող, Եվրոպական ուսանողական միության Հայաստանի ներկայացուցիչ, ՈԱԱԿ ուսանող-փորձագետ Վահե Հովհաննիսյանը։