Այսօրվանից ուժի մեջ են մտնում քրեակատարողական հիմնարկներում սննդի վերահսկողության կարգի փոփոխությունները

Այսօրվանից՝ 2026 թվականի հոկտեմբերի 17-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ արդարադատության նախարարի 2026 թվականի հոկտեմբերի 6-ի N 652-Ն հրամանով սահմանված՝ քրեակատարողական հիմնարկներում սննդի վերահսկողության կարգի փոփոխությունները։ Փոփոխությունները վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման, ճաշացանկից հրաժարվելու դեպքերի հաշվառման և սննդի քանակի ու որակի վերահսկողության ընթացակարգերին։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Փոփոխություններ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 20-ի N 354-Ն հրամանով հաստատված կարգում։

Կհստակեցվի ճաշացանկից հրաժարվող անձանց հաշվառման կարգը․ մատակարարին թվաքանակը ներկայացնելուց առաջ կազմվում է շաբաթական ցուցակ, իսկ հրաժարումը ստորագրությամբ չհաստատելու դեպքում այն հավաստվում է երկու ծառայողի ստորագրությամբ։

Սննդի քանակի, որակի և ճաշացանկին համապատասխանության վերահսկողությունը պատասխանատու հերթապահը կարող է իրականացնել նաև իր օգնականի միջոցով։ Ստուգման արդյունքներն արձանագրվում են համապատասխան մատյանում՝ մատակարարի աշխատակիցների հետ համատեղ և ստորագրություններով։

Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է արձանագրություն, և անհապաղ տեղեկացվում են քրեակատարողական հիմնարկի պետն ու Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարը, որն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում պայմանագրով նախատեսված գործողություններն իրականացնելու համար։

Նախատեսվում է նաև, որ սննդի յուրաքանչյուր տեսակի նմուշառումն իրականացվի պատասխանատու հերթապահի կամ նրա օգնականի մասնակցությամբ։

Հրամանը՝ համապատասխան փոփոխություններով

1. Սույն կարգով սահմանվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ Քրեակատարողական հիմնարկ) պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգը և ձևերը։

2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի տրամադրումն իրականացվում է մատակարար կազմակերպության և համապատասխան քրեակատարողական հիմնարկի կողմից նախօրոք հաստատված ճաշացուցակի համաձայն (ձև 1)՝ նախատեսված մեկ շաբաթվա համար: Յուրաքանչյուր շաբաթվա համար հաստատվում է նոր ճաշացուցակ՝ սննդատեսակների բազմազանությունն ապահովելու նպատակով։

3. Քրեակատարողական հիմնարկների տնտեսական ստորաբաժանման աշխատակիցների կողմից ստուգվում է մատակարար կազմակերպության կողմից կազմված ճաշացուցակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, որից հետո այն հաստատվում է մատակարար կազմակերպության և քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղեկացվում են ճաշացուցակի մասին։

4. Ճաշացուցակը կազմելիս ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշմամբ սահմանված սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները (սննդամթերքների քանակները չպետք է պակաս լինեն սահմանված չափաբաժիններից)։

5. Պատրաստված սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և համապատասխանի հաստատված ճաշացուցակին։ Պատրաստի սննդի մեջ օգտագործվող չոր (ջերմային մշակում չանցած) սննդամթերքների հաշվարկային միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա։ Սննդամթերքների էներգետիկ արժեքները հաշվարկելու համար հիմք է ընդունվում Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով հաստատված հավելվածի աղյուսակ N 9-ի ցուցանիշները։

6. Ճաշացուցակում նշվում են մեկ անձին հասանելիք սննդամթերքի օրական չափաբաժինը և ճաշատեսակների անվանումներն՝ ըստ օրերի և օրակարգի։

7. Ճաշացուցակը կազմելիս, կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա, հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները։

8. Նախքան կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը մատակարար կազմակերպությանը հայտնելը՝ Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է քրեակատարողական հիմնարկի տվյալ շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 2)։

(8-րդ կետը խմբ. 06.10.2026 N 652-Ն)

9. Եթե շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը ստորագրությամբ չի հաստատում ճաշացանկից հրաժարվելու փաստը, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից՝ ձև 2 ցուցակի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով։ Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին։

(9-րդ կետը խմբ. 06.10.2026 N 652-Ն)

10. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող սննդի հսկողության համար Քրեակատարողական հիմնարկում վարվում է «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյան (ձև 3), որում նշվում են ամսաթիվը, օրակարգը, սննդատեսակների անվանումը, մատակարար կազմակերպության կողմից ստացված պատրաստի սննդատեսակների ընդհանուր քանակը։

11. Սննդի պատրաստման քանակի, ճաշացանկին համապատասխանության և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահը, ում ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարար կազմակերպության կողմից մատակարարված պատրաստի սնունդը, ինչպես նաև համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը։ Սննդատեսակները պետք է լինեն որակյալ և համապատասխանեն գործող ստանդարտներին։

Սույն կետում նշված սննդի պատրաստման քանակի, որակի և ճաշացանկին համապատասխանության հսկողությունը պատասխանատու հերթապահը կարող է իրականացնել իր օգնականի միջոցով։

(11-րդ կետը խմբ. 06.10.2026 N 652-Ն)

12. Օրվա պատասխանատու հերթապահն անձամբ կամ իր օգնականի միջոցով իրականացված ստուգման արդյունքում մատակարար կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյանում կատարում են համապատասխան գրառում պատրաստի սննդի՝ ճաշացուցակով նախատեսված սննդամթերքների համապատասխանության վերաբերյալ և այն հավաստում իրենց ստորագրություններով։

(12-րդ կետը խմբ. 06.10.2026 N 652-Ն)

13. Օրվա պատասխանատու հերթապահը կամ նրա օգնականը պատրաստի սննդի ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և դրա մասին անհապաղ զեկուցում Քրեակատարողական հիմնարկի պետին, որն էլ անհապաղ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին։

(13-րդ կետը խմբ. 06.10.2026 N 652-Ն)

14. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն անհապաղ քայլեր է ձեռնարկում սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված գործողություններ իրականացնելու համար։

15. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակից կատարվում է նմուշառում։ Նմուշառումը կատարվում է պատասխանատու հերթապահի կամ նրա օգնականի մասնակցությամբ։

(15-րդ կետը լրաց. 06.10.2026 N 652-Ն)

16. Նմուշառված սննդատեսակները պահվում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված՝ կերակրի սոդայի 2 տոկոսանոց լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որն ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով։

17. Պատրաստված բոլոր սննդատեսակները (ճաշերը, խավարտները, աղցանները, հյութերը և այլն) նմուշառվում են մեկ անձի համար նախատեսված ծավալի չափով, բայց ոչ պակաս, քան 100 գրամը։

18. Վերցված նմուշները պահպանվում են առնվազն 48 ժամ՝ Քրեակատարողական հիմնարկի սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում՝ 4 ± 2 °C ջերմաստիճանի պայմաններում՝ նշելով նմուշառման ժամը, օրը և ամիսը։

19. Յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակի բացթողումն իրականացվում է նմուշառումից հետո։


Ձև 1. Ճաշացուցակ

Ձև 2. Շաբաթական ճաշացանկից հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակ

Ձև 3. Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյան

Leave a Comment