Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարեն համատեղ կարևոր նախաձեռնությունների մասին։ Այս մասին 2026 թվականի Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Մենք ունենք բազմաթիվ ու լայնածավալ նախագծեր, և առաջ ենք շարժվում դրանց իրականացման ուղղությամբ։ Հասկանալի է, որ ամեն ինչ բավականին բարդ է ընթանում, կան խոչընդոտներ, այդ թվում՝ տարբեր կողմերից լուրջ դիմադրություն։ Բայց, ինչպես ցույց է տալիս դիզելային վառելիքի օրինակը, կարծում եմ՝ առաջիկայում մենք կհայտարարենք ևս մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին։ Այնուամենայնիվ, գործընթացն արդեն տեղից շարժվել է»,- ասել է նա։
Դմիտրիևն ընդգծել է, որ հենց հիմա երկու երկրների համատեղ աշխատանքը կարևոր նշանակություն ունի։
«Փաստացի, մենք արդեն այս պահին իրականացնում ենք նախագծեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և կշարունակենք դրանք ու մյուս նախագծերն իրականացնել մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը»,- եզրափակել է նա։