ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներին


Հասարակություն


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համատեղ համաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը վկայում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձգձգվող հակամարտության՝ պարբերաբար ակտիվ ռազմական գործողությունների բռնկումներով ուղեկցվող քրոնիկ փուլի անցնելու մասին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային կայունությունը խաթարելուց և ծայրահեղական ու ահաբեկչական դրսևորումներ հրահրելուց բացի, առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Իրանի միջուկային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքների ներքո գտնվող օբյեկտների ուղղությամբ հարվածները։

Մասադիկովը նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքում ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս քաղաքացիական արդյունաբերական, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ձևավորվող միջուկային ենթակառուցվածքների հուսալի պաշտպանության անհրաժեշտությունը։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջազգային հարաբերությունների վերափոխման այս անկայուն ժամանակաշրջանում հետևողականորեն մեծանում է անվտանգության ոլորտում տարածաշրջանային կազմակերպությունների դերն ու նշանակությունը։


Նա որպես միջպետական կառուցողական համագործակցության օրինակ մատնանշել է Կենտրոնական Ասիան, որը, նրա գնահատմամբ, ձևավորվող բազմաբևեռ աշխարհում Եվրասիայի դերի ամրապնդման պայմաններում դառնում է կայունության և դինամիկ զարգացման խորհրդանիշ։

Մասադիկովը նաև հիշեցրել է, որ վերջերս Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետություններն աջակցել են Բելառուսի և Ռուսաստանի նախաձեռնած բանակցային գործընթացին՝ «XXI դարում բազմազանության և բազմաբևեռության եվրասիական խարտիայի» մշակման և ընդունման ուղղությամբ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ներկա միջազգային կազմակերպություններին և առանձին պետություններին քննարկել ՀԱՊԿ-ի աշխատանքներին գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակով միանալու հնարավորությունը։


Leave a Comment