Հայ- թուրքական կարգավորումը երկկողմ մակարդակով է ընթանում. Թուրքիայի ԱԳ փոխնախարար

Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջին հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է վարում երկկողմ մակարդակով։ Նա այս հայտարարությունն արել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի կազմակերպած ընդունելության ժամանակ, որը նվիրված էր ՀՀ Անկախության օրվան։

«Վերջին շրջանում մեր երկրների միջև ակտիվացած բարձր մակարդակի այցերը զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման գործում: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղիղ առևտուրը վերսկսելու ուղղությամբ»,֊ ասել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։

Նրա համոզմամբ` այդ ամենը հիմք է տալիս լավատեսորեն նայելու տարածաշրջանի ապագային։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը ընդունելության ժամանակ նշել է, որ Հայաստանը որդեգրել է «նախ՝ հարևանները» քաղաքականությունը։

«Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է կայուն առաջընթաց։ Մեր մտադրությունն է խթանել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում»,- ասել է հայ դիվանագետը։

Leave a Comment