«Ազգի» նախորդ՝ հոկտեմբերի 9-15 համարում գրել էինք 2025-ից Գերմանիայի դատախազության հետաքննության առանցքում հայտնված եւ նախորդ շաբաթվանից աշխարհի լրատվամիջոցների ուշադրությանն արժանացած սկանդալային մի գործի՝ ԳԴՀ հետախուզության ծառայության 1998-2005 թվականների ղեկավար Աուգուստ Հաննինգի եւ նրան տեղեկատվություն փոխանցած (վաճառած) Մանֆրեդ Դ-ի ձերբակալության մասին: Հետախուզության նախկին ղեկավարը՝ 80-ամյա Հաննինգը մեղադրվում է ծառայության աշխատակազմի ղեկավարից տարիներ ի վեր ենթադրաբար գաղտնի տեղեկատվություն ստանալու (2000-ից ավելի գաղտնի փաստաթուղթ)եւ օտարերկրյա պետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին արժեքավոր տեղեկատվություն, վերլուծություն մատուցելու համար, ինչպես գերմանագիր լրատվականներից առաջինը շրջանառել էր գերմանական «Շպիգելը»:
Գերմանական ntv-ն հոկտեմբերի 7-ին ծանուցել էր, որ Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար, լրտեսության մեջ մեղադրվող Աուգուստ Հաննինգը, որն այժմ նախնական կալանքի տակ է, ի թիվս այլ ծառայությունների, հետախուզական տեղեկատվություն էր ձեռք բերել եւ վերլուծություն գրել ադրբեջանական հետախուզական ծառայության աշխատակցի համար: Ադրբեջանը բողոք է ներկայացրել ԳԴՀ կառավարությանը՝ Հաննինգի գործում իր երկրի ներգրավածության մասին որեւէ տեղեկություն անհիմն նկատելով, ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հղում տալով հաղորդում է գերմանական ntv-ն եւ այլ լրատվամիջոցներ:
Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձում է ժխտել այն, որ Հաննինգի հետ սերտ կապեր է ունեցել, նրա ծառայություններից օգտվել, գերմանական լրատվամիջոցները նոր փաստեր են հաղորդում դրա վերաբերյալ: Գերմանական լրատվամիջոցները Ադրբեջանի հետ կապը հենց վերնագրում են ընդգծում, ուրեմն ի՞նչ արժեք ունի Բաքվի ժխտումը, բողոքը:
«Հաննինգի Բաքվի հետ կապերը» վերնագիրն է ընտրել Correctiv-ը, t-online լրատվական պորտալը՝ «Ադրբեջանի ազդեցությունը Գերմանիայում», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»՝ «Ի՞նչ է նշանակում Ալիեւին ծառայություն մատուցել», «Աուգսբուրգեր ալգեմայնեն»՝ «Հետախուզության նախկին ղեկավար Հաննինգը դավաճանե՞ց իր երկրին՝ Կովկասից ստացված փողի դիմաց», «Թագեսշպիգելը»՝ «Դաշնային հետախուզության ծառայության նախկին ղեկավար Հաննինգը ձերբակալվել է. առերեւույթ կապի մեջ է եղել ադրբեջանցի գործակալի հետ» եւ այլն:
«Նորդկուրիերը» հոկտեմբերի 10-ին գրում է՝« Հաննինգը Բաքու տանող ճանապարհները գիտեր ավելի վաղ, քան գերմանացի հետաքննողները սկսեցին հետաքրքրվել Ադրբեջանի հետ նրա կապերով: Որպես հետախուզական դաշնային ծառայության ղեկավար, ապա ավելի ուշ որպես ՆԳ պետքարտուղար, բնական է, որ Հաննինգը կապ է ունեցել Ադրբեջանի անվտանգության աշխատակիցների, նախարարների հետ: «Թոշակի անցնելուց հետո, Հաննինգը պահպանեց մի արժույթ, որ հատկապես արժեքավոր է միջազգային գործարքների համար՝ հասցեների իր գիրքը», ընդգծում է «Նորդկուրիերը»՝ նկարագրելով Օտտո Հաուզերի հետ նրա կապը: Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Հաուզերը Հելմուտ Քոլի մամուլի խոսնակն էր եղել: Քաղաքական հարուստ փորձառությամբ հաղթանդամ Հաուզերը 2006-ին ստանձնեց Գերմանա ադրբեջանական ֆորումի նախագահի պաշտոնը, իսկ 2010-ին դարձավ Ադրբեջանի պատվո հյուպատոսը Գերմանիայում: Հաուզերը զարգացրեց նավթով եւ գազով հարուստ երկրի հետ ԳԴՀ հարաբերությունները: Գերմանա ադրբեջանական ֆորումը տարիների հետ վերաճել էր, դարձել քաղաքական եւ տնտեսական լոբբիստական ցանց, եւ նկատելի էր՝ ձգում էր գերմանացի քաղաքական գործիչներին, կառավարության պաշտոնաթող անդամներին, պատգամավորներին, գործարարներին: Բեռլինում Ադրբեջանի նախկին դեսպան Փարվիզ Շահբազովն էլ ֆորումում պաշտոն ուներ եւ ներկա էր լինում հավաքներին: Ֆորումի մասին «Ազգ»-ում գրել ենք տարբեր առիթներով: Վերջինը «Ազգի» սեպտեմբերի 25-ի «Սերափ Գյուլերը գտավ ճիշտ օրը՝ Վիսբադենում երախտագիտություն հայտնեց Ալիեւին» հոդվածն է:
«Նորդկուրիերը» հիշատակում է այն փաստը, որ դեռեւս 2007-ի օգոստոսին Հաուզերի նախաձեռնությամբ քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) գործիչներից Թոմաս Բարայսը, Անդրեաս Շոքենհոֆը, Ակսել Ֆիշերը, Էդուարդ Լինթները մեկնել են Ադրբեջան: Հաուզերը ֆորումի հոգաբարձուների խորհուրդը փորձում էր համալրել տարբեր կուսակցությունների անդամներով: Բարայսը հետագայում դարձավ տնտեսության եւ էներգետիկայի նախարարության պետքարտուղար, շարունակեց զարգացնել Բաքվի հետ Բեռլինի կապերը:
«Բաքուն հասանելիություն ունեցավ գերմանացի քաղաքական գործիչների, գործարարների, կառավարության նախկին պաշտոնյաների շրջանակին, այն հասավ մինչեւ ԳԴՀ կառավարություն»: «Նորդկուրիերը» վերոբերյալը լրացնում է՝ հիշատակելով Բունդեսթագի նախկին պատգամավորներ Կարին Շթրենցի, Էդուարդ Լինթների, Ակսել Ֆիշերի՝ Ադրբեջանից կաշառառության փաստը, որ հաստատեց Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը 2025-ին կայացրած վճռով: «Ազգը» ժամանակին մանրամասն անդրադարձել է խավիարասեր Շթրենցի, Լինթների, Ֆիշերի դատական գործերին:
Գերմանական լրատվամիջոցները, նաեւ «Նորդկուրիերը» Հաննինգի մասին հոդվածներում անդրադառնում են Ադրբեջանին, նախագահ Ալիեւի ստեղծած կաշառատու համակարգին, նկատել տալիս, թե որքան կարեւոր է հետախուզական տվյալներով սնել մի պետության, որի կառավարությունը հետապնդում է քաղաքական գործիչներին, ճնշում լրատվամիջոցներին: Հետախուզական գործակալություններին էլ հետաքրքրում են ցանցերը՝ ո՞վ ում հետ է խոսում, ո՞վ ունի մուտք՝ դեպի կառավարություն, ո՞վ է ազդում որոշումների կայացմանը:
Գերմանիայի հասարակական, հանրային կյանք ներթափանցելու մի ուղի էլ Բաքուն հաստատեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ Սոքարի միջոցով, գրում է «Նորդկուրիերը»՝ նշելով կորպորացիայի Գերմանիայի գրասենյակի ղեկավար Էլմար Մամեդովի մասին, որ գիտեր քաղաքական կապեր զարգացնելու կերպը: 2016-ի նոյեմբերի 28-ին Մամեդովը մասնակցեց Բունդեսթագում էներգետիկ քաղաքականության վերաբերյալ բանախոսությանը, որ հյուրընկալել էր Թոմաս Բարայսը, մասնակցում էին Բունդեսթագի ՔԴՄ- ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերը, կանցլերի գրասենյակի ղեկավար Պեթեր Ալթմայերը: Քննարկումները կենտրոնացան էներգամատակարարման, գազի շուկաների, եւրոպական քաղաքականության վրա: Մամեդովը ԳԴՀ առաջատար որոշում կայացնողների շրջանակում էր, գրում է «Նորդկուրիերը» եւ լրացնում՝ ամենաուշը 2017-ին Մամեդովը եւ Հաննինգը Հաուզերի նախագահած Գերմանա ադրբեջանական ֆորումի վարչության անդամ էին:
Թերթի տեղեկությամբ՝ Հաննինգը մեկ այլ կապ էլ ուներ Ադրբեջանի հետ: 2012 թվականին նա Բեռլինում մասնակցել էր Բաքվի լոբբիստական շահերի սպասարկու՝ Ադրբեջանի եւրոպական ընկերակցության (TEAS)-ի կազմակերպած միջոցառմանը: Հաննինգն այդտեղ է հանդիպել արտակարգ իրավիճակների ազդեցիկ նախարար Քամալադին Հեյդարովի որդուն՝ Թալե Հեյդարովին: 2009-ին նախարարի հետ արտակարգ իրավիճակներում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել Հաննինգը, իսկ պետական ծառայությունը լքելուց հետո նրա եւ Բաքվի կապերը սերտացան՝ 2013-ին Հաննինգն ընտրվեց Բեռլինում աշխույժ գործունեություն ծավալող Գերմանա ադրբեջանական ֆորումի վարչության անդամ: Ֆորումի համար Հաննինգը անվտանգության համակարգի ականավոր դեմք էր, որ անձնական փորձով գիտեր կառավարության եւ հետախուզական գործակալությունների գործունեությունը:
Ինչպես հոկտեմբերի 7-ի ծավալուն հրապարակման մեջ նշում է փաստերի ստուգման, հետաքննական լրագրության Correctiv կայքը, հետախուզական դաշնային ծառայության ղեկավար Հաննինգը 2003-ին արդեն հանդիպել էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար գեներալ գնդապետ Նամիք Աբբասովին: Ըստ տեղեկությունների, հանդիպման գլխավոր թեման «միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, անօրինական միգրացիայի եւ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի» վերաբերյալ էր:
2012-ին արդեն թոշակառու Հաննինգը Բաքվում այցելել էր Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովին:
«Նորդկուրիերն» անդրադառնում է նաեւ ադրբեջանական հետախուզական ծառայությունների՝ ռուս գործընկերների հետ հարաբերություններին: Մասնավորապես 2023-ի հոկտեմբերին Ալիեւը Բաքվում ընդունել է ՌԴ ներքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Մեկ տարի անց Նարիշկինը կրկին Բաքու է վերադարձել, հանդիպել տեղի երկու ծառայությունների ղեկավարներին: Մոսկվայի տեղեկացմամբ, քննարկումները ծավալվել են արեւմտյան հետախուզական գործակալությունների ենթադրյալ գործունեության դեմ համատեղ հակազդեցության վերաբերյալ: ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ակնարկել է վստահելի համագործակցության մասին, որ գործնական արդյունք է գրանցել:
Ադրբեջանը Հաննինգի նման պրոֆեսիոնալի (ենթադրյալ) հավաքագրմամբ հնարավորություն է ստացել տիրապետելու արժեքավոր տեղեկատվության, կապերի ստեղծման: Գերմանացի քաղաքական գործիչներին պարբերաբար Կասպիցի ափ հրավիրելով, Բաքուն հարաբերություններ է հաստատում այն անհատների հետ, որ վերադարձից հետո շարունակում են ազդել քաղաքական որոշումների կայացման վրա: Հետեւաբար երկու հարց սպասում է պատասխանի՝ ի՞նչ էր որոնում Աուգուստ Հաննինգն Ադրբեջանում եւ ինչու՞ էր Հաննինգն այդքան փնտրված այդ երկրում, գրում է «Նորդկուրիերը»:
Գերմանական մամուլը վերաշրջանառում է Ալիեւի ստեղծած անհանդուրժելի համակարգի, խավիարային դիվանագիտությամբ ցանկացածին հասնելու, թանկարժեք նվերներով եւրոպացիների քննադատությունը իր երկրի շահերից բխող նախադասություններով փոխարինելու ցարդ դիմակայուն կարողության մասին: «Աուգսբուրգեր ալգեմայնեն» հիշատակում է Բունդեսթագի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանկ Շվաբեի՝ Ադրբեջանի կաշառատվության դեմ պայքարի, կարեւոր դերակատարման մասին: ԵԽԽՎ-ում Շվաբեն էր Բաքվի կոռուպցիոն սկանդալը բացահայտողը: «Աուգսբուրգեր ալգեմայնե» թերթին Շվաբեն հայտնել է, թե իրեն չի զարմացնում այն, որ Ադրբեջանի անունը կրկին շրջանառվում է : «Այդ փաստացի բռնապետությունը ցանկանում է ժողովրդավարության տպավորություն թողնել», նշել է Շվաբեն՝ հավելելով, թե իշխող վերնախավը մեթոդների հարցում անհրաժեշտ բոլոր միջոցները գործածում է՝ կաշառք, ուղեւորություն, արժեքավոր իրեր, փող, մարմնավաճառների ծառայություններ եւ…դաժան սպառնալիք նրանց հանդեպ, որ ընդվզում են: Հետապնդման ենթարկվածները հայտնում են, որ նույնիսկ Գերմանիայում մահացու երկյուղի մեջ են:
Ադրբեջանում բողոքի ցույցեր են հասունանում: Դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ծավալվող շարժումը կդառնա՞ Ալիեւի բռնապետությանը վերջ տալու առիթ: Հաննինգի գործի լուսաբանումը դեռ աշխարհ է խառնելու իրար:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ dpa-ի , կոլաժի հեղինակ՝ Ահմեդ Գադո