Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը նախատեսում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարում ամերիկյան եւ համաշխարհային շուկաներ: Հայտարարությունը հնչեց ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին, երբ վառելիքի գների զսպումը քաղաքական կարեւոր նշանակություն ունի:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մանրամասները դեռ չէին հրապարակվել, երբ Իրանի քաղաքական դաշտում օրակարգային դարձավ մի հարց. արդյո՞ք Թրամփի եւ Պուտինի բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Իրանի վերաբերյալ:
Այս հարցին մասամբ անդրադարձավ «Ֆրանս Պրես» (AFP) լրատվական գործակալությունը: Հոկտեմբերի 10-ին գործակալությունը, հղում անելով Կրեմլին, հաղորդեց, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահին է փոխանցել նաեւ Իրանի դիրքորոշումը՝ Մերձավոր Արեւելքում պատերազմն ավարտելու շուրջ հնարավոր համաձայնության հասնելու վերաբերյալ:
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն էլ, վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, գրել է. «Պուտինը, Իրանի նախագահի հետ համաձայնեցված, Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսակետը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ»:
Կրեմլը, սակայն, լրացուցիչ մանրամասներ չի հրապարակել ո՛չ Իրանի ուղերձի բովանդակության, ո՛չ էլ Դոնալդ Թրամփի արձագանքի մասին:
Իրանական «Շարղ» պարբերականի գնահատմամբ՝ Թրամփի եւ Պուտինի՝ Իրանին վերաբերող հեռախոսազրույցը սովորական պայմաններում գուցե այդքան զգայուն չթվար: Թեհրանը, մի կողմից, Ռուսաստանին համարում է ռազմավարական գործընկեր, մյուս կողմից՝ տեսնում է, որ այդ նույն գործընկերը, որն ընդամենը մի քանի ժամ առաջ Իրանի նախագահի հետ քննարկում էր տարածաշրջանային զարգացումները, այնուհետեւ բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահի հետ:
Ավելին՝ կողմերը պայմանավորվածության են եկել մի հարցի շուրջ, որի հրապարակված մասը վերաբերում է դիզելային վառելիքին, մինչդեռ դրա հնարավոր քաղաքական բաղադրիչի մասին, բացի «Ֆրանս Պրես»-ի հրապարակած տեղեկությունից, միջազգային հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ:
Հատկանշական է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 8-ին Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել էր Պուտինի հետ: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ երկու նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Պուտինն իր պատրաստակամությունն էր հայտնել աջակցելու ճգնաժամի կարգավորմանը:

Հաջորդ օրը Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ: Մոտ մեկուկես ժամ տեւած զրույցի տեսանելի արդյունքներից մեկը ռուսական դիզելային վառելիքը ամերիկյան եւ համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն էր:
Սակայն այս պայմանավորվածությունը հարցեր է առաջացնում, քանի որ դժվար է այն միանշանակ համադրել Մոսկվայի էներգետիկ եկամուտները սահմանափակելու՝ Թրամփի ավելի վաղ որդեգրած քաղաքականության հետ: Արդյո՞ք սա վկայում է Վաշինգտոնի մոտեցումների փոփոխության մասին, թե՞ գործ ունենք ավելի լայն բանակցային գործընթացի մի դրվագի հետ, որի մյուս մանրամասները դեռեւս հրապարակված չեն:
Ընդհանրապես, Դոնալդ Թրամփի հակասական հայտարարությունները հաշվի առնելով՝ դժվար է Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ միանշանակ եզրակացություններ անել: Նրա ուղերձները հաճախ փոփոխվում են, իսկ դրանց հիման վրա հնարավոր զարգացումները կանխատեսելը գնալով ավելի բարդ է դառնում:
Թրամփը, հակառակ քաղաքական շրջանակներում տարածված մի շարք կանխատեսումների, իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում Իրանի վրա հարձակման հավանականությունը մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Մի քանի օր անց, սակայն, «Time» ամսագրին տված հարցազրույցում նա Իրանի վրա հարձակման հնարավորության մասին խոսել էր՝ այն կապելով միջանկյալ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի հետ:
Դժվար է կանխատեսել, թե մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Թրամփը Իրանի դեմ հնարավոր երրորդ պատերազմի վերաբերյալ ինչպիսի հակասական հայտարարություններով հանդես կգա:
Այս պայմաններում Իրանում շարունակում են հնչել պատերազմի հնարավոր վերսկսմանն ու դրան պատրաստվելու անհրաժեշտությանը վերաբերող հայտարարություններ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առաջին հրամանատար, նախկին դեսպան Ջավադ Մանսուրին, անդրադառնալով նոր ռազմական հակամարտության հավանականությանը, նշել է.
«Մեր ժողովուրդը եւ երկրի տարբեր գերատեսչությունները, հատկապես զինված ուժերը, պետք է պատրաստ լինեն այն կանխավարկածին, որ պատերազմն անպայման տեղի կունենա եւ կլինի հնարավորինս ամենադաժան ու վայրագ ձեւով, քանի որ նրանք (հակառակորդները) ցանկանում են հասնել հաղթանակի՝ առանց որեւէ սահմանափակման: Հետեւաբար, մենք պետք է պատրաստվենք վատթարագույն սցենարին: Եթե նման բան տեղի չունենա, մենք ոչինչ չենք կորցնի, բայց եթե այն պատահի, գոնե ավելի քիչ կորուստներ կկրենք եւ ավելի ուժեղ հարված կհասցնենք թշնամուն»:
Մանսուրին անդրադարձել է նաեւ պատերազմի պայմաններում ժողովրդի դիմակայունությանը՝ ընդգծելով. «Իրանի ժողովուրդն ունի այն գիտակցությունն ու պատրաստակամությունը, որպեսզի դիմակայի պատերազմի պատճառած ճնշումներին ու վնասներին»:
Թրամփի հայտարարություններն արձագանք են ստացել նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահիի կողմից: Հոկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրության մեջ նա նախազգուշացրել է տարածաշրջանի այն երկրներին, որոնք իրենց տարածքում հյուրընկալում են ամերիկյան ուժերին: Աբդոլլահին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո Իրանի դեմ որեւէ գործողություն իրականացվի, Թեհրանը կպատասխանի կոշտ կերպով:
Այսպիսով, ռուս-ամերիկյան երկխոսության հրապարակված արդյունքները դեռեւս չեն պարզաբանում Իրանի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների բնույթը: Միաժամանակ Թրամփի հակասական հայտարարությունները, Մոսկվայի եւ Թեհրանի շփումները, ինչպես նաեւ իրանցի պաշտոնյաների նախազգուշացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում դիվանագիտական անորոշությունն ուղեկցվում է ռազմական էսկալացիայի վտանգով: Թե որքանով են Վաշինգտոնի եւ Մոսկվայի բանակցություններն առնչվում Իրանի ճգնաժամին, պարզ կդառնա միայն այն դեպքում, երբ կողմերը հրապարակեն ավելի հստակ տեղեկություններ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ