ՊԵԿ-ը հասանելիություն կստանա էլեկտրոնային առևտրի օպերատորների համակարգերին․ ինչ տվյալներ կփոխանցվեն

Կառավարությունն առաջարկում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը։

Նախագծով նախատեսվում է կարգավորել մաքսային մարմիններին տրամադրվող տեղեկությունների կազմը, դրանց փոխանցման եղանակները, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների տեղեկատվական համակարգերին հասանելիության ապահովման ձևաչափերը։

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, նախագիծը մշակվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման և մաքսային վարչարարության բարելավման նպատակով։

Ի՞նչ տվյալներ կփոխանցվեն ՊԵԿ-ին

Նախագծով առաջարկվում է սահմանել այն տեղեկությունների շրջանակը, որոնք էլեկտրոնային առևտրի օպերատորները պետք է տրամադրեն մաքսային մարմիններին։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է՝

  • էլեկտրոնային առևտրի ապրանքներին առնչվող փաստաթղթերին և տեղեկություններին,
  • այդ ապրանքների նկատմամբ իրականացվող գործառնությունների վերաբերյալ տվյալներին,
  • ֆիզիկական անձանց վերաբերող տեղեկություններին։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոխանցվող տվյալների շրջանակը սահմանափակվելու է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով արդեն իսկ նախատեսված այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային հսկողության և մաքսային գործառնությունների իրականացման համար։

Ինչպե՞ս է իրականացվելու տեղեկատվության փոխանակումը

Նախագծով նախատեսվում է տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից օգտագործվող համակարգերի և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգերի միջև փոխազդեցության միջոցով։

Կսահմանվեն մաքսային մարմինների և էլեկտրոնային առևտրի օպերատորների միջև տեղեկատվության փոխանակման կարգն ու եղանակները, ինչպես նաև օպերատորների համակարգերին ՊԵԿ-ի հասանելիության ապահովման ձևաչափերը։

Մինչև էլեկտրոնային համակարգի գործարկումը տեղեկատվության փոխանակումը նախատեսվում է իրականացնել հարցումների հիման վրա։

Արդյո՞ք սա նոր պահանջ է էլեկտրոնային առևտրի օպերատորների համար

Նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար իրավաբանական անձինք պետք է ունենան մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի հետ փոխազդելու հնարավորություն ունեցող տեղեկատվական համակարգեր։

Այս պահանջը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններով։ Հայաստանի օրենսդրությամբ էլեկտրոնային առևտրի օպերատորների և ՊԵԿ-ի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը պետք է սահմանի Կառավարությունը։

Նախագծով առաջարկվում է պահպանել նաև միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների համար գործող մոտեցումները։ Ներկայումս այդ առաքումների դեպքում փոստային և սուրհանդակային կապի օպերատորները համապատասխան տեղեկությունները ներկայացնում են մաքսային մարմիններին՝ գործող կարգավորումներին համապատասխան։

Լրացուցիչ ֆինանսական ծախսեր նախատեսվո՞ւմ են

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի նախատեսվում։ Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում նույնպես չի ակնկալվում։

Նշենք, որ խոսքը Կառավարության որոշման նախագծի մասին է, որով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային առևտրի օպերատորների և ՊԵԿ-ի միջև տեղեկատվության փոխանակման միասնական կարգը։

Leave a Comment