ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի հարվածները Լատինական Ամերիկայի երկրներում թմրակարտելների հետ ենթադրաբար կապված ցամաքային օբյեկտներին։
«Ցամաքային գործողությունը, ըստ էության, նոր է սկսվում։ Այն մեկնարկել է մի քանի ամիս առաջ, և մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում նրանց։ Մենք գիտենք նրանց երթուղիները, գիտենք՝ որտեղ են գտնվում այդ հանցագործները՝ կարտելների անդամները։ Գիտենք՝ որտեղ են նրանք ապրում, և ուժգին հարվածներ ենք հասցնում նրանց։ Սակայն գործողության շարունակմանը զուգահեռ՝ հարվածներն ավելի կուժեղանան»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի այգում։
«Նրանք գիտեն, որ որոշ ժամանակ ունեն հանձնվելու համար։ Դրանով պետք է զբաղվի Մեքսիկան, բայց, անկեղծ ասած, նա ի վիճակի չէ դա անել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Սեպտեմբերին ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանը The Wall Street Journal-ին հայտնել էր, որ Լատինական Ամերիկայում գործողություններ իրականացնելու համար ամերիկացի զինվորականներին անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական համակարգեր՝ տեղանքի բարդության և եղանակային պայմանների պատճառով։
Նա նաև հայտարարել էր, որ թմրակարտելների դեմ որևէ գործողություն չի բացառում, այդ թվում՝ ցամաքային հարվածները։