Հայաստանում հիմնադրված Picsart-ն ԱԲ հավելվածների աշխարհի առաջատարների շարքում է

Հայկական տեխնոլոգիական ընկերության պատմությունը, որ սկսվել է լուսանկարների խմբագրման գործիքներից, այսօր շարունակվում է արհեստական բանականության արագ զարգացող ոլորտում։ Picsart-ը փորձում է ստեղծագործելու հնարավորությունները հասանելի դարձնել ավելի լայն շրջանակի՝ միաժամանակ առաջարկելով գործիքներ, որոնք կարող են փոխել թե՛ մասնագետների, թե՛ սովորական օգտատերերի աշխատանքը։ Ինչպե՞ս է ընկերությունը հասել միջազգային շուկա, և ի՞նչ դեր ունեն նրա գործիքներն այսօր ստեղծագործողների աշխատանքում։

Picsart-ը հայտնվել է արհեստական բանականությամբ աշխատող բջջային հավելվածների աշխարհի 50 ամենահայտնի հարթակների վարկանիշի ութերորդ հորիզոնականում։ 2011-ին Հայաստանում ստեղծված ընկերությունն այսօր առաջարկում է ոչ միայն լուսանկարներ խմբագրելու, այլև արհեստական բանականությամբ պատկերներ ու տեսանյութեր ստեղծելու գործիքներ։

Երբ 15 տարի առաջ Picsart-ը նոր էր սկսում իր ճանապարհը, տեխնոլոգիական հաջողության պատմությունները հիմնականում կապվում էին ԱՄՆ-ի, հատկապես Սիլիկոնյան հովտի հետ։ Այդ պայմաններում Հայաստանից համաշխարհային շուկա դուրս գալը հեշտ չէր։ Ընկերության հանրային կապերի ղեկավար Մադլեն Մինասյանի խոսքով՝ հաջողության հիմքում մի քանի գործոն կա․

«Իհարկե, կարևոր էր տաղանդավոր թիմ ունենալը՝ Հայաստանի մասնագետների ներուժը։ Կարևոր էր նաև, որ սկզբից շատ ուշադիր լսում էինք մեր օգտատերերին և արձագանքում նրանց կարիքներին։ 2015-ին արդեն ամսական  ավելի քան 35 միլիոն օգտատեր ունեինք՝ առանց մեծ մարքեթինգային ծախսերի»։

Ընկերությունը, որը սկսել էր լուսանկարների խմբագրման գործիքներից, այսօր զարգացնում է արհեստական բանականությամբ պատկերներ ու տեսանյութեր ստեղծելու հնարավորությունները։ Այս ճանապարհին այն աշխատում է ոչ միայն նոր տեխնոլոգիաներ ներդնելու, այլև ստեղծագործական բովանդակության ոլորտում կուտակած փորձը նոր պայմաններում կիրառելու ուղղությամբ․

«Մենք հավատարիմ ենք մնացել մեր ստեղծագործական առաքելությանը՝ մարդկանց օգնել ստեղծագործել և այդ հնարավորությունը հասանելի դարձնել բոլորին։ Picsart-ի երկարամյա փորձը ստեղծագործական բովանդակության ոլորտում այսօր մեզ դարձնում է արդիական նաև արհեստական բանականությամբ պատկերներ ու տեսանյութեր ստեղծելու շուկայում»։

Ընկերության այսօրվա գործիքները թույլ են տալիս ոչ միայն խմբագրել արդեն գոյություն ունեցող պատկերները, այլև արհեստական բանականության օգնությամբ նոր բովանդակություն ստեղծել։ Հարթակը փորձում է ստեղծագործական աշխատանքը հասանելի դարձնել տարբեր հմտություններ ու հնարավորություններ ունեցող օգտատերերին։

Մադլեն Մինասյան․ «Մեր առավելություններից է այն, որ այստեղ կարելի է ոչ միայն բովանդակություն ստեղծել, այլև այն շուկայում ներկայացնել և դրամայնացնել։ Հարթակում հասանելի են աշխարհի առաջատար ավելի քան 180 մոդելներ»։

Այս հնարավորություններն արդեն կիրառում են նաև Հայաստանի դիզայներները։ Գրաֆիկ դիզայներ Ադրինե Էլյազյանի համար Picsart-ի գործիքները օգտակար են, հատկապես երբ միաժամանակ մի քանի նախագծի վրա պետք է աշխատել և կարճ ժամանակում տարբեր լուծումներ առաջարկել հաճախորդներին․

 «Ինձ համար շատ շատ կարևոր է, որ ես կարողանումամ իմ գաղափարները ոչ միայն հետաքրքիր ձևաչափով ներկայացնեմ, այլև հնարավորինս արագ, ու էստեղ շատ է օգնում picsart-ի հենց AI-ը, դրա միջոցով կարողանում ընդամենը մի քանի վայրկյանում հեռացնել նկարի ֆոնը, ջնջել ինչոր ավելորդ դետալներ, գեներացնել նոր պատկերներ, չգիտեմ փոխել ֆոներն ու փորձարկել ինչոր տարբեր վիզուալ լուծումներ»։

Արհեստական բանականության գործիքները կարող են արագացնել տեխնիկական գործողությունները, բայց դիզայների աշխատանքը միայն դրանցով չի սահմանափակվում։ Ադրինեն կարևորում է նաև այն, որ կարողանում է փորձարկել մտքում եղած գաղափարները առանց ամեն ինչ զրոյից ստեղծելու․

«Հա ինձ համար հենց էդ արհեստական բանականության հետ աշխատանքի  հիմքն է , որ ես չեմ համարում իմ համար փոխարինող գործիք, իմ աշխատանքը փոխարինող գործիք, այլ իրեն դիտարկում եմ որպես օգնական ու խնայում եմ ժամանակս, հեշտացնում տեխնիկական այդ աշխատանքներն ու թույլ տալիս, որ ես ավելի շատ կենտրոնանամ ստեղծագործական աշխատանքի վրա»։

Picsart-ի զարգացման հաջորդ ուղղություններից մեկը տեսանյութերի ստեղծումն է։  Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս տեխնոլոգիաները կարող են նոր հնարավորություններ բացել փոքր բիզնեսի, ստեղծագործողների և կինոարտադրության համար՝ ավելի քիչ ժամանակ ու միջոցներ ծախսերով, պատմություններ ստեղծել։

Իսկ միջազգային վարկանիշում զբաղեցրած տեղը ցույց է տալիս, որ ընկերությունը մրցակցային է համաշխարհային շուկայում։ Այդ դիրքը պահպանելու համար, սակայն, անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել գործիքները և արձագանքել օգտատերերի փոփոխվող պահանջներին։

Leave a Comment