Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանի վերագործարկումը շարունակում է խնդրահարույց մնալ։ Սեպտեմբերի սկզբին գործարանի գույքային համալիրը ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, հայտարարվել է ներդրումային ծրագրի մասին։ Սակայն այժմ ֆինանսավորման շուրջ խնդիրների մասին տեղեկություններ են տարածվում, և շուրջ 450 աշխատակիցների՝ աշխատանքի վերադառնալու հեռանկարը կրկին անորոշ է։
Ի՞նչ է հայտնի գործարքի ընթացքի մասին, արդյոք Փաշինյանի կոշտ հայտարարություններն ազդեցություն ունեցե՞լ են ստեղծված իրավիճակի վրա։
Սեպտեմբերի 2-ին «ԱՄԻՕ» բանկի կազմակերպած աճուրդում «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքային համալիրը ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը։ Գործարքի մասին հայտարարությունից հետո ընկերությունը հայտնել էր, որ նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր՝ արդիականացնել սարքավորումները, վերականգնել արտադրական հզորություններն ու ստեղծել նոր աշխատատեղեր։ Այս հայտարարությունը գործարանի նախկին աշխատակիցների համար աշխատանքի վերադառնալու հույս էր ստեղծել։
Գործարքի մասին հրապարակումներից մեկ օր անց՝ սեպտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին և նրա՝ վարչապետի ընտանիքի հետ ենթադրյալ կապերին։ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է իրավապահներին ընթացակարգեր սկսել, եթե լինեն ապացույցներ, որ գործարարը փորձում է վարչապետի ընտանիքի հետ կապ ունենալու տպավորություն ստեղծել։
«Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ, որ մեր արձագանքը կլինի ավելի քան դաժան, դաժան, քան պատկերացնում ենք»։
Հոկտեմբերին գործարանի ձեռքբերման շուրջ նոր հարցեր առաջացան։ Հրապարակումների համաձայն՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են ծագել կան, և անորոշ է՝ ծրագիրը կշարունակվի՞ նախատեսված ձևով։
Հոկտեմբերի 15-ին վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով գործարանի շուրջ իրավիճակին, հայտարարեց, որ գործարքի և բանկի վարկային որոշումների հետ կառավարությունը կապ չունի։
«Կա սնանկության կառավարիչ, կա բանկ։ Ես արդեն ութ տարի վարչապետ եմ, և չի եղել որևէ դեպք, երբ բանկին ասեմ՝ այս մեկին վարկ տվեք կամ այն մեկին վարկ մի՛ տվեք»։
Փաստացի, գործարանի վերագործարկման վերաբերյալ հարցերը դեռ բաց են։ Պարզ չէ՝ ֆինանսավորման խնդիրներն ինչով են պայմանավորված։
«Հրազդան ցեմենտը» դադարել է գործել 2025-ի ապրիլի վերջին՝ սնանկության գործընթացի ֆոնին։ Աշխատակիցների խոսքով՝ գործարանի աշխատանքը դադարեցնելու պահին արտադրական գործընթացն ակտիվ փուլում էր․ կային հումք, արտադրանքի պահանջարկ և վաճառքի հնարավորություններ։ Նրանք պնդում են, որ
Գործարանի գույքային համալիրի վաճառքը ևս քննարկումների առիթ է դարձել։ Աճուրդին ներկայացված գույքի գնահատված արժեքը կազմել է շուրջ 15 միլիարդ 228 միլիոն դրամ, իսկ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունն այն ձեռք է բերել շուրջ 11 միլիարդ 101 միլիոն դրամով։ Այսինքն, ըստ մամուլի տվյալների, գնման գինը գնահատված արժեքից շուրջ 4.1 միլիարդ դրամով պակաս է եղել։
Նարեկ Նալբանդյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ վերջնական գինը ձևավորվել է աճուրդային ընթացակարգով, ոչ թե անհատական պայմանավորվածությամբ։ Նա պնդել է, որ նախորդ աճուրդներին գնորդներ չեն եղել, իսկ գինը նվազեցվել է սահմանված կարգով։
«Ես կառաջարկեի առաջնորդվել բացառապես աճուրդի պաշտոնական փաստաթղթերով, ոչ թե հանրային դաշտում շրջանառվող թվերով։ Գնորդը չի որոշել ո՛չ մեկնարկային գինը, ո՛չ նվազեցման չափը, ո՛չ աճուրդի պայմանները։ Նա մասնակցել է արդեն սահմանված պայմաններով անցկացվող հրապարակային գործընթացին և գույքը ձեռք է բերել տվյալ պահին գործող աճուրդային գնով»։
«Հրազդան ցեմենտ» գործարանը տասնամյակներ շարունակ Հայաստանի արդյունաբերական կարևոր ձեռնարկություններից է եղել։ Այն գործում է 1970 թվականից։ Գործարանն ունի արտադրական մեծ հնարավորություններ, սակայն ֆինանսական խնդիրներ է ունեցել հումքի մատակարարների նկատմամբ պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով։
Աշխատակիցները դժգոհում են նաև սնանկության կառավարչի գործողություններից, նաև՝ այլ խախտումների վերաբերյալ հարցեր են բարձրացնում։
Գործարանի ապագան, սակայն, շարունակում է կախված մնալ ֆինանսավորման և վերագործարկման ծրագրերի հետագա ընթացքից։