Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերում առկա որոշ ինքնակամ կառույցների օրինականացման հատուկ ընթացակարգ սահմանելու նախագիծը։
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել օրինականացման փուլերը, անհրաժեշտ փաստաթղթերը, անվտանգության պահանջները և համայնքի ղեկավարի կողմից վերջնական որոշման ընդունման կարգը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, նախագիծը վերաբերում է այն կառույցներին, որոնք ամբողջությամբ ինքնակամ են և ամբողջությամբ գտնվում են մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերում։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցները այս հատուկ ընթացակարգի շրջանակում չեն ընդգրկվի։
Ո՞ր կառույցները կարող են օրինականացվել
Առաջարկվող կարգավորումը նախատեսվում է կիրառել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված հատուկ դեպքերում՝ օրենքի պահանջների պահպանմամբ։
Կառույցը պետք է ամբողջությամբ ինքնակամ լինի և գտնվի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասի սահմաններում։ Օրինականացման համար անհրաժեշտ կլինի նաև հաստատել, որ բացակայում են քաղաքաշինական խոչընդոտները, և պահպանվում են անվտանգության ու այլ անձանց իրավունքների պաշտպանության պահանջները։
Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ կգործեն համապատասխան այլ կարգավորումներ։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու
Օրինականացման գործընթացը սկսելու համար դիմողը պետք է ներկայացնի օրենքով պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝
- չափագրման ծածկագիրը,
- կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը,
- հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացությունը,
- համայնքի ղեկավարի գրավոր նախնական գնահատությունը,
- հողամասի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ գործող միասնական տեղեկանքը։
Կախված իրավիճակից՝ կարող են պահանջվել նաև ներկայացուցչի լիազորությունները, համասեփականատերերի համաձայնությունները կամ ընդհանուր գույքի վերաբերյալ անհրաժեշտ որոշումները հաստատող փաստաթղթեր։
Նախագծով նախատեսվում է սահմանափակել փաստաթղթերի անհարկի կրկնակի ներկայացումը։ Եթե համայնքի ղեկավարին անհրաժեշտ լինեն հողամասի նկատմամբ իրավունքը կամ սահմանափակումը հաստատող լրացուցիչ տվյալներ, դրանք պետք է պահանջվեն պատճառաբանված ձևով։
Միաժամանակ, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի առկայությունն ինքնին չի համարվի մերժման հիմք։ Պետք է պարզվի՝ արդյոք առկա է կոնկրետ գործողության արգելք, անհրաժեշտ համաձայնության բացակայություն կամ այլ անձի իրավունքի խախտում։
Ի՞նչ ժամկետներ են նախատեսվում
Նախագծով նախատեսված է օրինականացման գործընթացի մի քանի փուլ։
- Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը՝ կառույցները պետք է հաշվառվեն, և ներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը։
- Մինչև 2028 թվականի հունվարի 10-ը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է Կառավարություն ներկայացնի օրինականացման ենթակա կառույցների ցանկի նախագիծը։
- Մինչև 2028 թվականի փետրվարի 20-ը՝ նախատեսվում է հաստատել կառույցների ցանկը։
Նախարարությունը ստուգելու է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքին և կազմելու ցանկի նախագիծը։ Մասնագիտական եզրակացությունների տրամադրումը նախարարության գործառույթը չէ։
Ե՞րբ պետք է վճարել տեղական տուրքը
Տեղական տուրքի վճարման մասին դիմողին կտեղեկացնեն այն բանից հետո, երբ կառույցն ընդգրկվի Կառավարության հաստատած ցանկում։
Եթե կառույցը ցանկում ընդգրկված չէ, դրա համար տուրքի վճարում չի պահանջվի։
Նախագծով պահպանվում է նաև օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորված կամ համաֆինանսավորված կառույցների համար տեղական տուրքի վճարումից ազատվելու հնարավորությունը՝ համապատասխան հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
Մերժման դեպքում տուրքի վերադարձի հարցը կարգավորվելու է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 17-րդ հոդվածով։
Նախագծով նոր հարկ կամ տուրք, գործող տուրքի դրույքաչափի փոփոխություն կամ լրացուցիչ բյուջետային հատկացում չի նախատեսվում։
Հնարավո՞ր է օրինականացնել կիսակառույցը
Նախագծով նախատեսվում է պահպանել կիսակառույցների վերաբերյալ գործող դրույթները՝ հաշվի առնելով հատուկ ընթացակարգի առանձնահատկությունները։
Ամբողջությամբ ինքնակամ կիսակառույցի դեպքում օրինականացման առարկա կարող է լինել դրա հաշվառված փաստացի հատվածը, եթե այն բավարարում է օրենքի պահանջներին։ Չկառուցված հատվածը չի օրինականացվի։
Կիսակառույցի հետագա կառուցապատման համար անհրաժեշտ կլինեն էսքիզային նախագիծ և տեխնիկական գնահատման արդյունքներ, իսկ համապատասխան դեպքերում՝ նաև ճարտարապետահատակագծային առաջադրանք։
Հետագա կառուցապատման մերժումը չի բացառում արդեն կառուցված հատվածի օրինականացումը, եթե այդ հատվածն ինքնուրույն բավարարում է սահմանված պահանջներին։
Միաժամանակ, կառույցի տեխնիկական վիճակի գնահատման ընթացքում պետք է հաշվի առնվեն սեյսմիկ անվտանգությունը, կրող կոնստրուկցիաների հուսալիությունը և անվտանգ շահագործման պայմանները։ Հետագա շինարարությունը պետք է իրականացվի անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի, փորձաքննության և շինարարության թույլտվության հիման վրա։
Ինչպե՞ս է ընդունվելու վերջնական որոշումը
Կառավարության կողմից ցանկը հաստատելուց հետո համայնքի ղեկավարը ստուգելու է կառույցի՝ ցանկում ընդգրկված լինելը, դիմողի իրավասությունը, տուրքի վճարումը և ցանկի հաստատումից հետո առաջացած իրավական կամ փաստական փոփոխությունները։
Եթե ի հայտ գան մերժման համար օրենքով նախատեսված հիմքեր, համայնքի ղեկավարը պետք է ապահովի դիմողի լսվելու հնարավորությունը և կայացնի պատճառաբանված որոշում։
Նախագծով նախատեսվում է նաև, որ օրինականացման կամ օրինականացումը մերժելու մասին որոշումները համայնքի ղեկավարը էլեկտրոնային եղանակով կտրամադրի Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման գործընթացի համար։
Մինչև հատուկ էլեկտրոնային գործառույթի ամբողջական գործարկումը դիմումները կներկայացվեն, իսկ դրանց քննարկման արդյունքում ընդունված փաստաթղթերը կտրամադրվեն թղթային եղանակով։ Էլեկտրոնային համակարգի գործարկման մասին պաշտոնական հաղորդագրության հրապարակմանը հաջորդող օրվանից դիմումների ներկայացումն ու քննարկումը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։ Մինչ այդ թղթային եղանակով սկսված վարույթները կավարտվեն նույն եղանակով։
Նշենք, որ խոսքը Կառավարության որոշման նախագծի մասին է։ Առաջարկվող կարգավորումները նախատեսված են հստակեցնելու օրենքով սահմանված հատուկ օրինականացման ընթացակարգը՝ պահպանելով քաղաքաշինական, սեյսմիկ և հրդեհային անվտանգության պահանջները, հողօգտագործման կանոններն ու երրորդ անձանց իրավունքները,-տեղեկացնում է Iravaban.net–ը։