
Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, Հայաստանում COP17-ին նվիրված ասուլիսում հայտարարեց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Մենք դեռ տեսնում ենք շատ ծանր հետևանքները 3 գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման։ Բոլորն էլ փոխկապակցված են», – նշեց Գուտերեշը։
Նա նշեց, որ «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը ցույց է տալիս տարբերություն հավակնությունների և գործողությունների միջև. «Ազգային կենսաբազմազանության կեսից էլ պակասը ճիշտ ուղու վրա չեն, եթե թիրախներին հասնենք, պարտավարությունները կատարվեն, ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ջրային էկոհամակարգերի 12 տոկոսը միայն պաշտպանված կլինեն մինչև 2030 թվականը»:
«Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» զեկույցն առաջին համաշխարհային զեկույցն է, որը գնահատում է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը։ Զեկույցում ամփոփված են փաստական տվյալներ այն մասին, թե ինչպես են երկրները Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած պարտավորությունները վերածում ազգային մակարդակով իրականացվող գործողությունների
Գուտերեշը նշեց, որ կան նաև տնտեսական համակարգերի հետ կապված մեծ բացթողումներ, այդ թվում՝ վնասակար խթանների նվազեցման և բնության համար դրական խթանների ստեղծման վրա կենտրոնացած նպատակներում:
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ զեկույցը ցույց է տալիս. «Առաջընթացի կարևոր տարրերը, այդ թվում ՝ ֆինանսները, կարողությունները, համագործակցությունն ու տվյալները գործնականում բացակայում են»:
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նշել է՝ զեկույցում ներկայացված ապացույցները ցույց են տալի, թե ուր պետք է գնալ՝ հաղթահարելու երեք ճգնաժամերն ու ավարտելու բնության դեմ պատերազմը:
«Ֆինանսներն ու կարողությունները զարգացող երկրներում պետք է մոբիլիզացվեն ավելի մեծ մասշտաբով, երկրները պետք է իրենց ներդրումն ունենան, պետք է վերջ դնեն սուբսիդիաներին, ամրապնդեն սոցիալական պաշտպանության միջոցառումները, ուղղորդեն ծախսերը դեպի բնության համար դրական արդյունքներ ու համագործակցեն բիզնեսի հետ՝ ապահովելու հստակ կարողությունները բացահայտելու հնարավորություններ», – նշեց Գուտերեշը: