Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում հաստատվել է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման ժամկետը երկարաձգելու և փոխհատուցման տրամադրման կարգը հստակեցնելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերին արտահանված ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների համար ևս փոխհատուցում տրամադրել։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, նախագիծը փոփոխություններ է նախատեսում Կառավարության՝ 2026 թվականի հունիսի 4-ի N 800-Լ որոշման մեջ։
Որքա՞ն փոխհատուցում կտրամադրվի
Նախագծով սահմանվում են 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների փոխհատուցման հետևյալ չափերը։
- Ելակ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար 770 դրամ։
- Լոլիկ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար 275 դրամ։
- Պղպեղ՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար 400 դրամ։
- Վարդ՝ յուրաքանչյուր հատի համար 75 դրամ։
- Այլ ծաղիկներ՝ յուրաքանչյուր հատի համար 50 դրամ։
Փոխհատուցումը տրամադրվելու է նշված ապրանքների՝ համապատասխան արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող տեսակների արտահանման համար։
Ինչո՞ւ է անհրաժեշտ երկարաձգել աջակցության ժամկետը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Հայաստանից արտահանվել է շուրջ 6106 տոննա պղպեղ, 5995 տոննա լոլիկ, 484 տոննա ելակ, ինչպես նաև շուրջ 13.2 մլն հատ և 145.2 տոննա ծաղիկ։
Հունիսի 1-ից հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը։ Ծաղիկներն արտահանվել են 29 երկիր, միրգը՝ 25, իսկ բանջարեղենը՝ 16 երկիր։
Հիմնավորման համաձայն՝ արտահանողները բանակցություններ են վարել նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ, և առաջիկայում ակնկալվում է արտահանման ծավալների աճ։ Բանակցությունների ընթացքում գնառաջարկները կազմելիս հաշվի են առնվում նաև տրամադրվող փոխհատուցումները։
Հոկտեմբերին կանխատեսվող արտահանման ծավալները գնահատվում են շուրջ 200 տոննա ելակ, 2550 տոննա բանջարեղեն, 5.6 մլն հատ վարդ և 1.4 մլն հատ այլ ծաղիկ։
Որքա՞ն գումար կհատկացվի փոխհատուցման համար
Նախագծի հիմնավորմամբ՝ հոկտեմբեր ամսվա արտահանման կանխատեսվող ծավալների համար անհրաժեշտ փոխհատուցման գումարը գնահատվում է շուրջ 1 մլրդ 507.8 մլն դրամ։
Գումարը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով հոկտեմբերին արտահանման ենթակա ապրանքների գնահատված ծավալները և դրանց համար նախատեսված փոխհատուցման չափերը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը վարչապետի աշխատակազմ կներկայացնի պետական բյուջեում վերաբաշխում և լրացում կատարելու, ինչպես նաև նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ։
Ի՞նչ է փոխվում դիմում ներկայացնելու կարգում
Նախագծով հստակեցվում է փոխհատուցում ստանալու համար դիմելու կարգը։
Տնտեսավարող սուբյեկտը յուրաքանչյուր ամսվա համար պետք է ներկայացնի մեկ դիմում՝ այդ ամսվա ընթացքում արտահանված բոլոր ապրանքների համար։
Էլեկտրոնային դիմումները պետք է ուղարկվեն Էկոնոմիկայի նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Ընդհանուր կարգով դիմումը ներկայացվում է արտահանման ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից ոչ ուշ։ Սակայն 2026 թվականի հոկտեմբերին արտահանված արտադրանքի համար սահմանվել է հատուկ վերջնաժամկետ՝ 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ի՞նչ ապրանքներ են հանվել փոխհատուցվող ցանկից
Նախագծով փոխհատուցվող ապրանքների ցանկից հանվել են չերրի տեսակի լոլիկը, պալերմո տեսակի պղպեղը և սմբուկը։
Միաժամանակ ծաղիկները տարանջատվել են երկու խմբի՝ վարդերի և մյուս ծաղիկների։ Վարդերի համար նախատեսվում է մեկ հատի դիմաց 75 դրամ, իսկ մյուս ծաղիկների համար՝ 50 դրամ փոխհատուցում։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մեղմել ջերմատնային արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները, խթանել նոր շուկաներ մուտք գործելը և նպաստել արտահանող կազմակերպությունների բնականոն գործունեությանը։