Սահմանադրական դատարանի որոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վիճելի դրույթի վերաբերյալ

Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ բուհերում միավորումների գործունեությունը կարգավորող դրույթները, հանրային գիտական կազմակերպությունների տնօրենների 65 տարեկանի շեմը և Ակադեմիական քաղաքից դուրս նոր բուհական ենթակառուցվածքների ստեղծման սահմանափակումը։

Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 13-ին հրապարակված որոշումը, որով սահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 27-րդ հոդվածի 9-րդ մասը և 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությունը։

Գործը դատարան էր ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, որը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել 2026 թվականի մարտի 25-ին։ Դիմողի ներկայացուցիչը 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր։

Բուհերում միավորումների գործունեությունը

Դիմողը վիճարկել էր օրենքի այն դրույթները, որոնց համաձայն՝ բուհերում և գիտական կազմակերպություններում մի շարք միավորումների գործունեությունը հնարավոր է համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ, իսկ քաղաքական, կուսակցական, կրոնական և կրթության ու գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների գործունեությունն արգելվում է։

Պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիրքորոշմամբ՝ այդ կարգավորումները կարող են անհամաչափորեն սահմանափակել միավորումների ազատությունը և բուհական միջավայրում գործող կառույցների գործունեությունը կախվածության մեջ դնել կառավարման մարմինների հայեցողությունից։

Սահմանադրական դատարանը, սակայն, արձանագրել է, որ վիճարկվող կարգավորումները պետք է դիտարկել բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ու ինքնակառավարման համատեքստում։

Դատարանի գնահատմամբ՝ քաղաքական, կուսակցական և կրոնական կազմակերպությունների գործունեության արգելքը միտված է կրթական և գիտական միջավայրի գաղափարախոսական չեզոքության, ակադեմիական ազատության և հետազոտությունների անկախության պահպանմանը։

Միաժամանակ դատարանն ընդգծել է, որ այդ արգելքը չպետք է խոչընդոտի տարբեր քաղաքական հայացքներ կամ կրոնական համոզմունքներ ունեցող անձանց՝ ազատորեն արտահայտելու իրենց կարծիքներն ու դիրքորոշումները։

Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։

Գիտական կազմակերպությունների տնօրենների 65 տարեկանի շեմը

Դիմողը վիճարկել էր նաև օրենքի այն դրույթը, որով հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին։

Ըստ դիմողի՝ միայն տարիքի հիմքով պաշտոնավարման դադարեցումը կարող է հանգեցնել անհամաչափ սահմանափակման, քանի որ մասնագիտական պիտանիությունը պետք է գնահատվի ոչ միայն քանակական, այլև որակական չափանիշներով։

Ազգային ժողովը, որպես պատասխանող, պնդել էր, որ տարիքային շեմը հիմնավորված է գիտական կազմակերպությունների արդյունավետ կառավարման և գործունեության որակի ապահովման անհրաժեշտությամբ։

Սահմանադրական դատարանը գտել է, որ տվյալ դեպքում տարիքային սահմանափակումը հիմնված է օբյեկտիվ հանգամանքների վրա և հետապնդում է իրավաչափ նպատակ։ Դատարանի գնահատմամբ՝ հանրային գիտական կազմակերպությունների արդյունավետ ու որակյալ գործունեության ապահովման նպատակով սահմանված կարգավորումը չի հակասում Սահմանադրությամբ երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքին և աշխատանքային իրավունքներին։

Այս դրույթը ևս ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող։

Ակադեմիական քաղաքից դուրս նոր ենթակառուցվածքների սահմանափակումը

Գործի մյուս առանցքային հարցը վերաբերում էր օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությանը, որով արգելվում է Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դրա անհրաժեշտությունը պայմանավորված չէ կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով։

Դիմողը պնդել էր, որ այս սահմանափակումը կարող է խոչընդոտել մարզերի համաչափ զարգացմանը, նվազեցնել կրթության մատչելիությունը և մարզային բուհերին ու գիտական կազմակերպություններին կանգնեցնել իրենց գործունեությունը դադարեցնելու կամ էապես սահմանափակելու վտանգի առաջ։

Ազգային ժողովի դիրքորոշմամբ՝ բուհական ենթակառուցվածքների կենտրոնացումը նպատակ ունի ապահովելու կրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բուհերի միջև համագործակցությունը և բարձրորակ, մրցունակ կրթության զարգացումը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ակադեմիական քաղաքի գաղափարը միտված է կրթության, գիտության, նորարարության և արդյունաբերության միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգի միասնական և արդյունավետ զարգացմանը։

Դատարանը միաժամանակ ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումը պետք է ուղեկցվի այնպիսի կազմակերպական և ընթացակարգային կարգավորումներով, որոնք կապահովեն կրթության իրավունքի մատչելիությունը, բուհական համակարգի արդյունավետ գործունեությունը և Ակադեմիական քաղաքից դուրս այն ենթակառուցվածքների աշխատանքը, որոնց գործունեությունն անբաժանելիորեն կապված է որոշակի պայմանների հետ։

Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ օրենքով նախատեսված սահմանափակումը բացարձակ չէ․ դրանից բացառություն կարող է լինել այն դեպքերում, երբ ենթակառուցվածքի գործունեությունը պայմանավորված է կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով։

Արդյունքում դատարանը եզրակացրել է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Leave a Comment