«Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և վճարել 1 մլն դրամ փոխհատուցում, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հայցի հիմքը 2026 թվականի սեպտեմբերի 12-ին YouTube-ի Noyan Tapan TV ալիքի «Քննարկում» հաղորդման ընթացքում Վարդանյանի՝ Կարապետյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են։
Հայցադիմումում նշվում է, որ Վարդանյանը Կարապետյանի հասցեին հնչեցրել է «անտեր շուն» արտահայտությունը՝ նրան մեղադրելով ռուսների օգտին գործելու մեջ։ Հայցվորը դրանք համարում է վիրավորական արտահայտություններ։
Ըստ հայցադիմումի՝ Կարապետյանը պահանջում է Վարդանյանին պարտավորեցնել ներողություն խնդրել YouTube-ում առնվազն 200 հազար բաժանորդ ունեցող որևէ լրատվամիջոցի ուղիղ եթերում՝ տեսաձայնագրման միջոցով ընթերցելով դատարանի վճռով սահմանված տեքստը։ Եթե դա հնարավոր չլինի, ներողությունը պետք է հնչի նույն՝ Noyan Tapan TV ալիքի «Քննարկում» հաղորդման ուղիղ եթերում։
Հայցվորի պահանջով՝ ներողության տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևէ երրորդ անձի հավելումներ կամ մեկնաբանություններ։ Դրանք պետք է ներառեն բացառապես ներողության տեքստը։
Կարապետյանը նաև պահանջում է Վարդանյանից բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է ստացվել 2026 թվականի հոկտեմբերի 8-ին։ Գործը մակագրվել է դատավոր Մարիաննա Ստեփանյանին։
