Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև պայմանագրերի կնքման կարգը նախատեսվում է ամբողջությամբ համապատասխանեցնել էլեկտրոնային համակարգին։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պայմանագրային միասնական կարգավորումներ սահմանել նաև չապահովագրված անձանց համար նախատեսված բժշկական ծառայությունների և հատուկ կարգավիճակ ունեցող անձանց սպասարկման ուղղություններով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1985-Ն որոշման մեջ՝ այն նոր խմբագրությամբ շարադրելով։
Պայմանագրերը կներառեն նաև չապահովագրված անձանց սպասարկումը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով։ Դրանցով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի ու լրացուցիչ ծառայությունների կազմակերպման, ֆինանսավորման և պայմանագրերի կնքման գործառույթները ևս վերապահվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։
Խոսքը ՀՀ կառավարության N 1974-Ն որոշմամբ նախատեսված այն բժշկական ծառայությունների մասին է, որոնք տրամադրվում են չապահովագրված անձանց։
Նախագծով նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագրերի կնքման ընթացակարգերն ու նվազագույն պահանջները կկիրառվեն ոչ միայն ապահովագրված անձանց սպասարկման, այլև չապահովագրված անձանց համար նախատեսված ծառայությունների դեպքում։
Այսպիսով՝ հիմնադրամի և ծառայություններ մատուցողների միջև պայմանագրային հարաբերությունները կկարգավորվեն միասնական ընթացակարգով։
Պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային համակարգով
Նախագծով առաջարկվում է պայմանագրային գործընթացներն ամբողջությամբ տեղափոխել Հիմնադրամի էլեկտրոնային համակարգ։
Մասնավորապես, համակարգի միջոցով կիրականացվեն՝
- պայմանագիր կնքելու նվազագույն պահանջների ներկայացումը,
- պայմանագրի կնքման առաջարկի ընդունումը՝ ակցեպտը,
- պայմանագրի պայմանների և դրանց փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունը,
- պայմանագրային հարաբերություններից բխող մյուս գործընթացները։
Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումները դեռևս ամբողջությամբ ինտեգրված չեն էլեկտրոնային համակարգին, ինչի հետևանքով որոշ գործընթացներ կարող են իրականացվել թղթային եղանակով կամ էլեկտրոնային փոստով։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այդպիսի փաստաթղթաշրջանառությունը դանդաղեցնում է գործընթացները, մեծացնում սխալների հավանականությունը և ամբողջությամբ չի ապահովում տվյալների արժանահավատությունը։
Էլեկտրոնային միասնական համակարգի ներդրմամբ ակնկալվում է պարզեցնել պայմանագրերի կնքումը, նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը և բարձրացնել տվյալների ու հատուցումների արժանահավատությունը։
Կսահմանվեն հատուկ պայմաններում ծառայություններ մատուցելու պայմանագրեր
Նախագծով նախատեսվում է պայմանագրային կարգավորումներում ներառել նաև հատուկ սուբյեկտային կազմի և կարգավիճակի համար նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները։
Խոսքը, մասնավորապես, հետևյալ ուղղությունների մասին է՝
- դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններ,
- քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնություն,
- հատուկ պայմաններում տրամադրվող նեղ մասնագիտացված և ընդհանուր բժշկական օգնության ու սպասարկման այլ ծառայություններ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրինակելի պայմանագրերում բացակայում են այս ծառայությունները մատուցողների և Հիմնադրամի միջև կնքվող պայմանագրերի համապատասխան ձևերը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել այդ բացը և սահմանել համապատասխան պայմանագրային ձևերն ու նվազագույն պահանջները։
Լրացուցիչ բյուջետային ծախսեր չեն նախատեսվում
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ որոշման ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չկա։ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում նույնպես չի նախատեսվում։
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։
Կարևոր է․ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են բժշկական ծառայություններ մատուցողների, դեղատների և Հիմնադրամի միջև պայմանագրային հարաբերությունների կազմակերպմանը։ Նախագծի հիմնավորման մեջ ապահովագրված անձանց ապահովագրական փաթեթի ծավալի կամ հատուցման չափերի ուղղակի փոփոխություն չի ներկայացվում,-տեղեկացնում է Iravaban.net–ը։